×


«Blue Sky» նոր թռչող ռեստորանի բացումը Երեւանի երկնքում

Ռեստորան ամպերում, կամ հաճելի ժամանց՝ օդում. այսպես կարելի է բնութագրել «Blue Sky» նորաբաց ռեստորանը, որն իսկական նվեր է երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Չէ՞ որ աշխարհի ավելի քան յոթանասուն երկրում արդեն գործում են նմանատիպ թռչող ռեստորաններ, եւ նույնիսկ հարեւան Վրաստանում էքստրիմի սիրահարները վաղուց վայելում են այդ հաճույքը: Իսկ ահա երեկ` օգոստոսի 9-ին, «Blue Sky»-ը պաշտոնապես դիմավորեց իր առաջին հյուրերին` բացման միջոցառման շրջանակում, թեեւ արդեն քսան օր է` ռեստորանն իր այցելուներին բարձրացնում է Երեւանի երկինք` հիանալու շքեղ տեսարանով: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել տոնական միջոցառմանը, լուսանկարել հյուրերին ու առաջին «բլուսքայագնացներին», ինչպես նաեւ հետաքրքիր տեղեկություններ պարզել ռեստորանի մասին:

Առաջին հայացքից անվերջ բարձր թվացող ռեստորանը կարող է սկզբում երկմտանքի տեղիք տալ՝ բարձրանա՞լ, թե՞ ոչ: Բայց բավական է հաղթահարել վախը, նստել հարմարավետ աթոռներին ու ամրակապվել, եւ հետաքրքրության հաճելի զգացումը կփոխարինի անհանգստությանը, թույլ կտա վայելել թռիչքն ու բարձրությունը, լավ երաժշտությունը, երեւանյան շքեղ տեսարանն ու մատուցվող համեղ սնունդը: Ի դեպ, հաճախորդները հնարավորություն ունեն մինչեւ 45 մետր բարձրությունից տեսնել Երեւանը: Նստարաններն էլ, որ նախատեսված են 16 անձի համար, կարող են տեղում պտտվել՝ հնարավորություն տալով տեսնել վերեւից երեւացող ամբողջ շրջակայքը:

«Blue Sky» նոր թռչող ռեստորանի բացմանը


Ռեստորանի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Կասամանյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թռիչքներ են ունենում օրվա տարբեր ժամերին` մեկից մեկուկես ժամ տեւողությամբ` կախված հաճախորդների ցանկությունից ու եղանակային պայմաններից. «Հաճախ մեզ մոտ գալիս են առավոտյան ժամերին ու երկնքում վայելում իրենց նախաճաշը: Ունենում ենք նաեւ կորպորատիվ ժամեր, երբ այցելուները գալիս են խմբով եւ նախընտրում են, որ տարածքում միայն իրենք լինեն: Իսկ երկարատեւ թռիչքները հիմնականում լինում են երեկոյան ժամը 19:00-ից հետո»:

Հատկանշական է, որ ռեստորանն ամբողջությամբ նախագծել են հայ մասնագետները, իսկ սարքավորումները, նստարաններն ու ամրագոտիները բերվել են Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Իտալիայից: Դրանք մի քանի անգամ ստուգվել են, անցել որակավորման պետական ստանդարտները, որի շնորհիվ էլ ապահովությունը հասցված է առավելագույնի, իսկ վտանգը՝ նվազագույնի: Գերմանական «LIEBHERR» ապրանքանիշի վերամբարձ կռունկը, օրինակ, իր որակով առաջատարն է ողջ աշխարհում: Սպորտային մեքենաների համար նախատեսված այս նստարաններին էլ հաճախորդները կարող են հարմարավետ տեղավորվել, պտտվել, ուտել եւ, ինչո՞ւ չէ, նույնիսկ պարել:

«Blue Sky» նոր թռչող ռեստորանի բացմանը


Անահիտ Կասամանյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքան է թռիչքի արժեքը մեկ անձի համար: Նա նշեց, որ գները սկսվում են 15 հազար դրամից եւ, ըստ պատվիրված ճաշացանկի, կարող են լինել նաեւ 20 եւ 25 հազար դրամանոց փաթեթներ: Նկատենք, որ այսպիսի ծառայության համար սա ամենամատչելի գինն է հայկական շուկայում եւ հայաստանյան պայմաններում:

Անահիտը նաեւ տեղեկացրեց, որ «Blue Sky»-ը անակնկալներով հանդես է գալու նաեւ ձմռան ամիսներին՝ Երեւանից դուրս, սակայն նախընտրեց փակագծերը չբացել՝ նշելով միայն, որ աշխատելու են նաեւ ձմռանը: Իսկ մինչ այդ կարող եք հետեւել «Blue Sky»-ի ֆեյսբուքյան էջին, ծանոթանալ մանրամասներին եւ բաց չթողնել Երեւանի երկնքում հաճելի ու էքստրեմալ ժամանց ունենալու հաճույքը: Ռեստորանի հասցեն է՝ Ազատության 2/2:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport