Երեւանի կենտրոնում տեղակայված «Grand Hotel Yerevan» հյուրանոցը, որ ավելի քան 90-ամյա պատմություն ունի եւ ի սկզբանե կոչվել է «Երեւան», այնուհետեւ` «Ինտուրիստ», իր գոյության երկար տարիների ընթացքում բազմաթիվ անվանի մարդկանց է հյուրընկալել: Նրանցից մեկն էլ եղել է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը, ով 1936-1940 թվականներին ապրել է հյուրանոցի հարմարավետ սենյակներից մեկում: Այսօր արդեն «Grand Hotel Yerevan»-ի տնօրինությունը որոշել է սենյակն անվանակոչել հայտնի քանդակագործի անունով, ինչպես երեք տարի առաջ համար 328 սենյակն անվանակոչեցին հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով: Այս առիթով հյուրանոցի ձմեռային այգում կազմակերպվել էր նաեւ Քոչարին նվիրված հուշագրությունների գրքի շնորհանդեսը:
«Այսօր մենք մասնակից ենք դառնում մեր հյուրանոցում երբեւէ տեղի ունեցած կարեւորագույն իրադարձություններից մեկին: Հյուրանոցային մեր գործունեության ընթացքում ամեն տարի ձգտում ենք արդարադատություն իրականացնել եւ արժանին մատուցել մեր երախտավորներին: Մենք արդեն իսկ նախաձեռնել ենք նմանօրինակ մեկ այլ միջոցառում, որը նվիրված էր հյուրանոցի սենյակներից մեկը Եղիշե Չարենցի անունով կոչելուն: Եվ այժմ նույնպիսի արարողություն ենք իրականացնում նշանավոր քանդակագործ Երվանդ Քոչարի պատվին: Հյուրանոցային համարը, որտեղ նա ապրել, 329-րդն է»,- իր ողջույնի խոսքում դիմելով ներկա հյուրերին` ասաց «Grand Hotel Yerevan» հյուրանոցի տնօրեն Անտոնիո Պետրուչին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ սենյակի ձեւավորման եւ մյուս աշխատանքներում իրենց մեծապես օգնել է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: BRAVO.am-ի հետ զրույցում քանդակագործի թոռնուհին եւ թանգարանի տնօրենը պատմեց, որ սենյակն անվանակոչելու գաղափար վաղուց ունեին, սակայն միայն այսօր հնարավոր եղավ աշխատանքները վերջնական արդյունքի հասցնել.«Իհարկե, տեղյակ էինք, որ Քոչարն այս հյուրանոցում է իջեւանել, երբ 1936 թվականին եկել է Հայաստան: Այդ ժամանակ հյուրանոցը կոչվում էր «Ինտուրիստ», իսկ կից սրճարանն էլ մաեստրոյի ամենասիրելի վայրերից մեկն է եղել: Այսօրվա միջոցառումը շատ խորհրդանշական է նաեւ այն իմաստով, որ համընկել է գրքի շնորհանդեսի հետ: Եվ կարծես բոլորս կրկին Երվանդ Քոչարի հյուրընկալ հարկի տակ ենք հայտնվել»,- նկատեց տիկին Քոչարը:
Նա նշեց, որ սենյակը ձեւավորված է Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով, եւ այս սենյակի ապագա բոլոր բնակիչները դառնալու են Երվանդ Քոչարի թանգարանի հրավիրյալ հյուրերը:
Ինչ վերաբերում է հուշագրությունների գրքին, ապա այն, պարզվում է, լույս է տեսել դեռ 2016 թվականին, սակայն ինչպես հրատարակիչներն են նկատում, սենյակը մաեստրոյի պատվին անվանակոչելը լավ առիթ է՝ եւս մեկ անգամ հիշեցնելու եւ տեղեկացնելու գրքի շուրջ արված մեծածավալ աշխատանքի մասին.«Գիրքը նպատակ ուներ հավաքել Քոչարի մասին լավագույն հուշերը, որովհետեւ հուշագրությունը դժվար ժանր է, եւ ամեն մի պատմածի շուրջ չես կարող արժանահավատության տպավորություն ստեղծել: Դրա համար էլ փոքր-ինչ բարդ ընթացքով իրականացվեց նախագիծը, սակայն հրաշալի հավաքվել ու կազմվել է գիրքը: Այստեղ միայն պատմություններ չեն, թե Քոչարն ինչպիսին էր, ինչ էր սիրում, ինչ էր ուտում կամ ինչպես էր նկարում: Այս հուշերը բացառիկ են նրանով, որ ավելի շատ ներկայացնում են, թե Քոչարն ինչ էր ասում»,- ընդգծեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
«Grand Hotel Yerevan»-ի Մարքեթինգի եւ միջոցառումների բաժնի մենեջեր Անի Շահբազյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են եւս մի քանի սենյակ անվանակոչել իրենց հայտնի հյուրերի անուններով: Այնպես որ, Երեւանի ամենասիրելի անկյուններից մեկում գտնվող հյուրանոցն ընդլայնում է իր բազմամյա պատմության էջերը՝ նշանավորելով ամենակարեւոր դեպքերն ու դեմքերին:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: