×


«Nemra»-ն նոր տեսահոլովակ ունի. ի՞նչն է մտահոգում խմբի անդամներին

Երկխոսություն մարդու եւ բնության միջեւ` այսպես են բնութագրում «Nemra» ռոք խմբի անդամներն իրենց նոր տեսահոլովակը՝ ներկայացված «Why» երգի հիման վրա: Երկրպագուներին այս երգը քաջ ծանոթ է. արդեն մի քանի տարի է, ինչ միասին երգում են բոլոր համերգների ժամանակ: Սակայն խումբը վերջերս է ձայնագրել «Why»-ը եւ որոշել ներկայացնել նոր հոլովակով, որն անդրադառնում է Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին: Թե ինչպես է գրվել երգը, ովքեր են տրամադրել տեսանյութում առկա կադրերը, BRAVO.am-ը պարզել է վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ զրույցում: Նրանից նաեւ հետաքրքրվել ենք, թե երբ է թողարկվելու «Nemra»-ի նոր ալբոմը, որտեղ էլ ընդգրկված է «Why»-ը:

Վանը պատմեց, որ «Why»-ն իրենց առաջին երգերից է եւ գրվել է տարիներ առաջ՝ խմբի ստեղծման սկզբնական շրջանում: Չնայած դրան՝ երգը վերջերս է ձայնագրվել, քանի որ այդ ընթացքում այլ գործեր են ստեղծվել ու ժամանակից առաջ ընկել.«Այս երգի խոսքերի ու երաժշտության հեղինակները ես եւ Մարիաննան ենք: Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա կադրերը մեզ տրամադրել են «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը եւ «Բնապահպանի տուն» կազմակերպության անդամներ Գոռ Հովհաննիսյանն ու Հայկ Խառատյանը: Նրանք մեզ օգնեցին, որ կարողանանք ցույց տալ, թե մարդիկ ինչպիսի վնաս են հասցնում բնությանն ու թունավորում շրջակա միջավայրը»,- ասաց Վանը:



Տեսահոլովակում ներկայացված կադրերում երեւում է, թե ինչպիսի ծանր հետեւանքներ են թողնում անտառահատումները, հանքարդյունաբերությունը եւ պարզապես մարդկանց անտարբերությունը մայր բնության նկատմամբ: Միաժամանակ այս կադրերը համադրվում են այն գեղեցիկ տեսարանների հետ, որտեղ բնությունը դեռ առողջ է, սակայն այդ վայրերին նույնպես վտանգ է սպառնում:

Վանը նշեց, որ իրենք էլ իրենց հերթին ցանկացել են բարձրաձայնել Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին եւ իրենց լսարանի ուշադրությունը եւս մեկ անգամ կենտրոնացնել կարեւորագույն հարցերի վրա:

Նա իր խոսքում նկատեց՝ միշտ չէ, որ բնությանը մեծ վնաս են հասցնում հանքարդյունաբերողները, գործարաններն ու անտառահատողները: Անդառնալի հետեւանքներ է ունենում նաեւ շրջակա միջավայրի աղտոտումը, երբ մարդիկ նույնիսկ ընկերական հավաքույթներից հետո աղբը թողնում են բնության գրկում ու հեռանում. «Ի սկզբանե երգը գրեցինք Սեւանի աղտոտված շրջակայքը տեսնելով, թեեւ միշտ էլ հետաքրքրված ենք եղել բնապահպանական խնդիրներով: Չեմ կարող ասել, որ ֆիզիկապես ակտիվ ներգրավված ենք տարբեր ակցիաներում, սակայն երբեմն հանդես ենք գալիս բարեգործական համերգների ժամանակ, մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ սոցիալական ցանցերում: Հիմա էլ հույս ունենք, որ «Why» երգը կօգնի խոսել այդ մասին, ավելի շատ մարդկանց կստիպի մտածել շրջակա միջավայրի խնդիրների մասին»:

Ինչպես նշեցինք, որ «Why» երգն ընդգրկված է լինելու «Nemra»-ի նոր ալբոմում, որը շուտով պիտի թողարկվի: Վանն ասաց, որ ալբոմի բոլոր երգերն արդեն ձայնագրված են, սակայն այժմ փորձում են հասկանալ, թե ինչ ձեւաչափով իրականացնել շնորհանդեսը.«Ցանկալի կլիներ, որ բացօթյա մենահամերգով կարողանայինք ներկայացնել մեր երկրորդ ալբոմը, բայց դրա համար պիտի հովանավորներ լինեն: Հակառակ դեպքում գուցե ավելի փոքր միջոցառում կազմակերպենք ու նշենք ալբոմի շնորհանդեսը: Իրականում նոր երգերի մեծ մասին մեր լսարանն արդեն ծանոթ է, քանի որ կենդանի համերգների ժամանակ հաճախ կատարել ենք: Միայն մեկ երգ կա՝ «Հը՜մ»-ը, որ դեռ չի հնչել ոչ մի տեղ: Այդպես ենք անվանել նաեւ մեր ալբոմը»:

Նրանից հետաքրքրվեցինք, թե վերջին ամիսներին ինչպես հաջողվեց խմբին ակտիվորեն համերգներ ունենալ Երեւանից դուրս՝ մարզերի տարբեր քաղաքներում: Վանն ընդգծեց՝ այնպես չէ, որ իրենք նախապես տուր են գծել եւ ըստ այդմ այցելում են տարբեր վայրեր՝ ելույթ ունենալու: Պարզապես հրավերներ են լինում մի շարք քաղաքներից, իրենք էլ սիրով համաձայնում են ու գնում. «Հիմա էլ Երեւանի մեր երկրպագուներն են բողոքում, որ այստեղ համերգներ չեն լինում (ժպտում է,- հեղ.): Շատ լավ տպավորություններ ունենք այդ համերգներից, քանի որ շատերն անգիր գիտեն մեր երգերը, ակտիվորեն երգում են համերգների ժամանակ: Մեզ թվում էր, թե միայն Երեւանում ունենք այդպիսի երկրպագուներ: Շուտով` հունիսի 7-ին, ելույթ կունենանք Աբովյանում, օգոստոսին` Գյումրիում, իսկ հունիսի 22-ին կմեկնենք Վրաստան` մասնակցելու «Tbilisi Օpen Air»-ին»,- հավելեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Թոփ լուսանկարը՝ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին