«Synthposium»-ը ստեղծարար երաժշտության եւ երաժշտական ստեղծարարությունների միջազգային փառատոն է: Իր գոյության վեց տարիների ընթացքում փառատոնը հանդես է եկել Մոսկվայի տարբեր հարթակներում` համախմբելով ավելի քան 300 մասնակից աշխարհի 32 երկրից, եւ հասցրել է դառնալ խորհրդանշական իրադարձություն ստեղծարար ոլորտի երկրպագուների ու մասնագետների համար:
Այս տարի «Synthposium»-ն առաջին անգամ կանցկացվի Երեւանում՝ հոկտեմբերի 4-ին եւ 5-ին: Փառատոնին մասնակցելու են ավելի քան 50 երաժիշտներ, ինժեներներ եւ նկարիչներ 15 երկրից: Նրանց թվում են շվեյցարացի կոմպոզիտոր Թոմաս Ֆելմանը, ֆրանկո-բեռլինյան «dOP» հաուս-նախագծի ղեկավար Դեմիեն Վանդեսանդը, կանադացի երաժիշտ Ջեսս Օսբորն-Լանտիեն, ինչպես նաեւ «dadamachines» (Գերմանիա) եւ «Playtronica» (Ռուսաստան) ընկերությունների ղեկավարները:
Երկու օրվա ընթացքում այցելուներն ականատես կդառնան նոր երաժշտական տեխնոլոգիաների եւ թվային արվեստի ցուցահանդեսի, կկարողանան մասնակցել սեմինարների ու դասախոսությունների եւ, իհարկե, ոգեշնչվել բազմաբնույթ կենդանի կատարումներով ու դիջեյ-սեթերով:
Փառատոնի շրջանակում ներկայացվելու են հատուկ նախագծեր: SARI-ի եւ UNDP-ի նախագծի հետ մեկտեղ՝ փառատոնը կազմակերպելու է կրթական միջոցառումներ Հայաստանի մարզերում ապրող երիտասարդների համար: Հոկտեմբերի 3-ին Ջեսս Օսբորն-Լանտիեն վորքշոփ կանցկացնի Սարիգյուղի բնակիչների համար՝ նրանց ծանոթացնելով փորձարարական երաժշտությանը: Դրանից հետո երեխաների խումբը կգա Երեւան եւ կմիանա հետաքրքիր ճամփորդությանը դեպի տեխնոլոգիաների եւ արվեստի աշխարհ:
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ձայնային լաբորատորիայում հոկտեմբերի 1-ից 3-ը կանցկացվի Անտոն Յախոնտովի «Voices without bodies: Musique Concrète and beyond» խորագրով սեմինարը, որին կմասնակցեն Կոնսերվատորիայի ուսանողները: Սեմինարի արդյունքների մասին Անտոնը կպատմի հենց փառատոնի ընթացքում, որտեղ կներկայացնի նաեւ ուսանողների երաժշտական նվաճումները:
«Synthposium»-ը եւ Երեւանում «Գյոթե» կենտրոնը միասին կներկայացնեն «Gletschermusik» աշխատանքը: Հալվող սառցաբեկորների ձայներն ու պատկերները ոգեշնչել են նկարիչներին ու երաժիշտներին ստեղծել նախագիծ, որն ուշադրություն կհրավիրի գլոբալ տաքացման խնդրին: «Gletschermusik»-ը կներկայացնեն երաժիշտ Ռոբերտ Լիպոկը, մեդիանկարիչ Լիլլեւանը եւ նախագծի այլ մասնակիցներ:
Կուրատորական հատուկ ծրագրերը կներկայացնեն մայիս ամսին հայտնի դարձած «Ուրվական» փառատոնի եւ Երեւան տեղափոխված «PROUN» միջազգային շարժումը:
«Անցկացման վայրի փոփոխությունը զարգացման կարեւոր փուլ է փառատոնի համար: Վեց տարի անց կարելի է վստահորեն ասել, որ «Synthposium»-ը հիմնարար ազդեցություն է ունեցել Ռուսաստանում ստեղծարար ոլորտների զարգացման գործում: Ի հայտ են եկել հաջողակ տեղական բրենդներ, արտիստներ՝ ստանալով արտահայտման նոր միջոցներ, գտնելով անհատական հնչեղություն, իսկ փառատոնն ինքնին դարձել է միջազգային երաժշտական հանրության հանդիպման մշտական վայրը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ «Synthposium»-ը Հայաստանում կդառնա յուրահատուկ հարթակ տարածաշրջանային պրոֆեսիոնալ համայնքի համար, իսկ փառատոնի երկրպագուների համար՝ նոր փորձառություն»,- նշում է «Synthposium» փառատոնի համահիմնադիր Նաիրի Սիմոնյանը:
Փառատոնի ծրագրում են՝
- ստեղծարար տեխնոլոգիաների ցուցահանդես
- դասախոսություններ եւ վորքշոփեր
- տեսաձայնային եւ մուլտիմեդիա արվեստ
- կենդանի երաժշտություն եւ դիջեյ-սեթեր
- ոգեշնչում
Փառատոնի գործընկերներն են «Իմ քայլը» հիմնադրամը, Ռուսաստանում Կանադայի դեսպանատունը, շվեյցարական «Pro Helvetia» մշակույթի խորհուրդը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Երեւանի Գյոթեի անվան ինստիտուտը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Proun շարժումը եւ «Ուրվական» փառատոնը:
Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ synthposium.com -ում:
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ կազմակերպիչների
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: