×


#saveմիլիոնի պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու դերասանների խոստովանությունները

Մարզպետը, նրա կինը, օգնականն ու ուրիշներ փորձում են «փրկել» միլիոնն ու դրանով փրկվել: Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում երեկ Նորա Գրիգորյանի #saveմիլիոն իրավիճակային կատակերգության պրեմիերան էր:

Դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Լեւոն Հարությունյանը, Էվա Խաչատրյանը, Սերգեյ Գրիգորյանը եւ Վիկտորյա Սահակյանը: Սցենարի հեղինակն Արմեն Վարդանյանն է:

Վիկտորյա Սահակյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


Սերն առօրեական թեմաների առանցքում

Նորա Գրիգորյան. Ներկայացումը շոշափում է այսօրվա մեր հասարակությանը հուզող թեմաներ եւ դրա հետ մեկտեղ ամենագլխավորի՝ սիրո մասին է: Չենք մոռացել անդրադառնալ այս տարվա ընթացքում կատարված բոլոր իրադարձություններին: Կարծում եմ՝ հանդիսատեսին դուր կգա, որովհետեւ շատ «դրայվով» ներկայացում է, ոչ մի վայրկյան հանգիստ չկա:

Նորա Գրիգորյանը


Չնայած՝ հինգ դերասան են աշխատում, բայց մարդու շատ տարբեր տեսակների կարելի է հանդիպել: Հինգն էլ տարբեր են իրենց մտածողությամբ, հոգեբանությամբ, ունեն կյանքի, գումարի, սիրո եւ հարաբերությունների մասին ուրույն պատկերացումներ: Ամեն կերպար իր ուղերձն ունի, սակայն հիմնական միտքն այն է, որ նույնիսկ ամենաանհավանական ու աներեւակայելի իրավիճակում կարող է ծագել իրական սեր:

Ազնիվ ու շահամոլ կերպարներ

Սերգեյ Գրիգորյան. Իմ կերպարն ամենաազնիվն է, թեեւ սկզբում բոլոր հերոսները կարծում են, թե նա ցանկանում է խաբեությամբ գումար շորթել, մինչդեռ վերջում այլ բան է պարզվում:

Առաջին անգամ եմ հայերեն խաղում, քանի որ ռուսական թատրոնի դերասան եմ, 17 տարի է, ինչ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում եմ աշխատում: Բացի հայերեն լինելուց, լեզուն նաեւ բարբառային է, այդ պատճառով էլ շատ եմ աշխատել: Այժմ հանդիսատեսը թող գնահատի՝ ինչքանով է ստացված կերպարս:

Սերգեյ Գրիգորյանը


Էվա Խաչատրյան. Խաղում եմ մարզպետի կնոջ կերպարը, ում ամբողջ կյանքի ցանկությունն է քշել կարմիր Ֆերրարի, հանգստանալ Մալդիվներում, մնացած առումով դատարկություն է, եւ իր կյանքն այդպես դատարկ էլ վերջանում է:

Փորձել ենք գունավոր, փոքր-ինչ ավելի ցայտուն արտահայտված մի կերպար բերել բեմ, որը, ցավոք, այսօր կա մեր հասարակությունում:

Էվա Խաչատրյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


Թիմային էներգետիկան բեմում ու բեմից դուրս

Էվա. Թատրոնն այնպիսի հետաքրքիր մեխանիզմ է, որ ինչպես բեմում եղած մարդկանց էներգետիկան, այնպես էլ այն, ինչ եղել է բեմից դուրս, փոխանցվում է հանդիսատեսին: Մեզ մոտ անդադար սեր է եղել ու դա, վստահաբար, կզգա հանդիսատեսը:

Ամիսների ընթացքում աշխատանքային բուռն ընթացքից կուտակված էներգիան հանձնում ենք հանդիատեսին: Դրան սովորաբար հաջորդում է հանգիստ ռեժիմ, ու գալիս է մի պահ, որ հաճախ դեպրեսիվ է: Գուցե ոչ բոլոր դերասանների դեպքում, բայց իմ դեպքում այդպես է: Կարծես երեխայիդ բաց թողնես, ու նա գնա ինքնուրույն ապրելու: Այդ անջատման պահը բավական բարդ է, կյանքիցդ սկսում են պակասել էմոցիաներ, հոգեվիճակներ: Նոր ներկայացումը երբեք չի լրացնում հնին, այն բերում է նոր էմոցիաներ եւ գուցե լավ ծանոթություններ, ինչպես, օրինակ, այս դեպքում էր:

Լեւոն Հարությունյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


Նորա. Փորձերն անցել են ընկերական եւ ուրախ մթնոլորտում: Երբ դերասանների մոտ խաղի ընթացքում որեւէ միտք էր ծնվում, հաճախ համաձայնում էի, ու այդպես էլ թողնում էինք: Այդպիսով, ներկայացնում ենք թիմային աշխատանք, որում յուրաքանչյուրն իր ներդրումն ունի:

Բեմանկարիչը Լուսինե Կարապետյանն է: Փորձել ենք անել առավելագույնը՝ համապատասխան կոստյումներ եւ դեկորացիաներ ստանալու համար: Հաճելի էր աշխատել նաեւ Արվին Քոչարյանի հետ, որ պաստառով է զբաղվել: Սցենարի հեղինակը՝ Արմեն Վարդանյանը, անդադար մեզ հետ կապի մեջ էր, որովհետեւ փորձերի ժամանակ հաճախ ինչ-որ դրվագներ էին փոխվում: Ներկայացման վրա մեծ թիմ է աշխատել, ու բոլորին շատ շնորհակալ եմ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport