×


«Ազատի կերպարից հետո բացասական դեր էի ուզում». Բորիս Բաղդասարով

«Ազիզյաններ» սիթքոմում Ազատի դերակատար Բորիս Բաղդասարովն այս եթերաշրջանում հանդես է գալիս նաեւ «Դեպի ճամբար» նախագծում, որի նկարահանումները տեղի են ունեցել ամռանը: Կերպարների տարբերությունների, նոր թիմի հետ աշխատանքի եւ ապագայի պլանների մասին դերասանը պատմել է BRAVO.am-ին:

-Ինչպե՞ս ստացաք «Դեպի ճամբար» սիթքոմում նկարահանվելու առաջարկը:

- Առաջարկը ստացա Գրիգոր Դանիելյանից, զրուցեցինք եւ, ծանոթանալով իմ դերին, միանգամից համաձայնեցի, քանի որ «Ազիզյաններ»-ում մարմնավորած Ազատի կերպարից հետո ուզում էի ներկայանալ նաեւ բացասական դերով: Կարծում եմ՝ հեռուստադիտողի համար եւս հետաքրքիր կլինի ինձ տեսնել երկու տարբեր նախագծերում՝ միանգամայն տարբեր կերպարներով:

Բորիս Բաղդասարովը


- Կերպարներից ո՞րն ավելի հեշտ տրվեց:

- Կարծում եմ՝ «Դեպի ճամբար»-ի Ալենի կերպարն ավելի թեթեւ ու հեշտ տրվեց, առհասարակ, նոր թիմի հետ աշխատանքը եւս հետաքրքիր էր ու հաճելի, իսկ Ազատին մարմնավորելն ավելի բարդ էր սցենարական առումով եւ նաեւ ֆիզիկապես էր էներգատար, բայց երկուսն էլ ինձ համար շատ սիրելի են:

- «Ազիզյաններ»-ի 7-րդ եթերաշրջանն ըստ երեւույթին վերջինն է լինելու, ի՞նչ զգացողություններ ունեք տարիների աշխատանքը եզրափակելիս:

- Սկզբից երեւի դեռ լավ չէի գիտակցում, բայց նկարահանումների ավարտից մոտ երկու շաբաթ անց արդեն զգացի, որ շատ եմ կարոտում մեր անձնակազմին, դերասանական կազմին, Ազատի կերպարին. երկար աշխատել ենք միասին ու բնականաբար, կարոտ կա:

Մարիամ Ալեքսանյանը եւ Բորիս Բաղդասարովը


- Հանրությանն ի սկզբանե ներկայացաք սիթքոմային խաղով եւ այսօր էլ շարունակում եք, կա՞ ցանկություն կերտել նաեւ դրամատիկ կերպարներ:

-Միանշանակ կա: Կցանկանայի հանդես գալ նաեւ գեղարվեստական ֆիլմերում՝ ավելի ռեալիստիկ խաղով, քանի որ մինչ օրս ներկայացել եմ ավելի խաղարկային կերպարներով: Ունեցել եմ մի քանի առաջարկ՝ կերտելու դրամատիկ դերեր, սակայն, ցավոք, նախագծերից ոմանք չեն իրագործվել, որոշներն էլ ինքս եմ մերժել՝ անլուրջ մոտեցման պատճառով:

- Ձեզ թատրոնի՞, թե՞ կինոյի դերասան եք համարում:

- Ես սիրում եմ կինոն եւ ցանկանում եմ ավելի շատ լինել կինոյում, իհարկե, թատրոնում եւս շատ հետաքրքիր կլինի խաղալ. ունեցել եմ նման փորձ, բայց կինոն ինձ ավելի հարազատ է եւ սիրելի:

-Հեռուստատեսային նոր առաջարկներ կա՞ն:

- Այս պահին չկան առաջարկներ, բայց ես, ինչպես նշեցի, բաց եմ ե՛ւ գեղարվեստական ֆիլմերի առաջարկների, ե՛ւ, իհարկե, սիթքոմների առաջարկների համար:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Բորիս Բաղդասարովի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին