×


«Ամեն ինչ թույլ եմ տալիս դստերս, երբեմն նաեւ վախվխելով». Անիտա Հախվերդյան

Միշտ կանացի, հմայիչ Անիտա Հախվերդյանը երկար ժամանակ է՝ չի երեւում հեռուստաէկրաններին, սակայն, ինչպես պարզեցինք, լավ եւ խելամիտ առաջարկից չի հրաժարվի։ BRAVO.am-ն օրերս հանդիպել է երգահանին եւ դստերը, զրույցի ընթացքում հետաքրքիր բացահայտումներ արել եւ, իհարկե, լուսանկարել:

-Անիտա, գիտեմ` չարաճճի մանկություն եք ունեցել, բակի տղաներին եք ծեծել, բակային կռիվների ակտիվ մասնակից եք եղել։ Ո՞րն է ամենակարեւոր հուշը, որը երբեք չեք մոռանա։
-Ամենակարեւոր հուշը կատարյալ սերն էր, այն սերը, որը չունի ոչ մի ճաք, ոչ մի թերություն: Դա այն սերն է, որը քեզ ծնողներն են փոխանցում հենց այնպես, առանց առիթի եւ պատճառի, դա այն հուշն ու ուժն է, որը հետագայում քեզ ուղեկցում է ամբողջ կյանքում, եւ փորձում ես ինքդ նույնն անել։

Անիտա Հախվերդյանը՝ դստեր հետ


- Երգի թատրոնում շատ պատահական հայտնվեցիք...
- Ես ամեն տեղ պատահական եմ հայտնվում, հետո պարզվում է, որ դա կյանքի շատ կարեւոր եւ ճակատագրական պահ է։ Իմ կյանքի բոլոր կարեւոր եւ ճակատագրական պահերը եղել են ակնթարթային ինչ-որ որոշումների վրա. քամին փչել է, ես գնացել եմ նրա հետեւից, ալիքը տարել է, եւ ես գնացել եմ։ Գիտեք, հետագայում է պարզ դառնում, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Միգուցե, ես եմ այդպես մեկնաբանում, չգիտեմ, բայց մի բան հստակ է՝ բախտավոր աստղի տակ եմ ծնվել։

-Ժամանակին շատ ակտիվ էիք լրագրողական դաշտում՝ ռեպորտաժներ, վերլուծություններ։ Լրատվական դաշտ մտնելու ցանկություն չունե՞ք։
- Մեր ընտանիքում կա մեկ լրագրող եւ լավագույնը: Ես ո՞վ եմ, որ իմ քույր Նունեից հետո փորձեմ ներխուժել այդ դաշտ։ Այն, ինչ ես փորձում եմ գրել, գեղարվեստական փոքրիկ պատմվածքներ են, ցանկություն մեկի հետ կիսվելու։ Ինչո՞ւ եմ դա անում, չգիտեմ, միգուցե, որ դիմացինս էլ վերապրի մի բան, որը նրան, ինչո՞ւ չէ, ժպիտ կպարգեւի, կերջանկացնի… Շփվելու ցանկություն կա։

-Յուրաքանչյուրիս կյանքում լինում են կարեւոր անձինք։ Ձեր կյանքում ովքե՞ր են նրանք։
-Ամենամեծ մարդը, ով իմ մտածելակերպի վրա ազդեցություն է ունեցել, Բորիս Պաստեռնակն է։ Նրա պոեզիան տվել է ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Ես համարում եմ, որ հենց Պաստեռնակն է ձեւավորել իմ ճաշակը գրականության հարցում։ Մարդիկ, ովքեր թեւանցուկ գալիս են եւ գնում, մնում են կամ ստիպված են մնում, բոլորն իրենց հետքն են թողնում ինձ վրա։ Ինչ վերաբերում է ինձ շրջապատող մարդկանց, ապա ասեմ՝ առաջին տեղում, իհարկե, հայրս է: Նա ամեն բան անում էր, որ հանկարծ չխեղճանաս, չփոխվես, կոմպրոմիսի չգնաս։ Ի դեպ, ինձ եւ Նունեին՝ քրոջս, տարբեր կերպ էին դաստիարակում. ինձ կարելի էր ամեն ինչ, իսկ Նունեն ուներ ռեժիմ։

Անիտա Հախվերդյանը՝ դստեր հետ


-Ինչո՞վ էր պայմանավորված։
-Մենք տարբեր էինք բնավորությամբ, եւ դաստիարակության տարբեր մոտեցումները պայմանավորված էին հենց այդ հանգամանքով։ Նունեն պետք է շախմատ խաղար, մինչ այդ գնար պարի, մի խոսքով՝ շատ խիստ ռեժիմի տակ էր, իսկ ինձ հնարավոր չէր տեղավորել ինչ-որ շրջանակներում։

- Ի՞նչ կլիներ, եթե 20 տարեկան Անիտան հանդիպեր Անիտա Հախվերդյանին։
-Ինձ կհետաքրքրեր… Հաստատ կռիվ կլիներ, քանի որ 20 տարեկանում սուր անկյուններն եւ ռադիկալ մոտեցումները շատ են, հիմա ավելի փափուկ եմ, մեղմ, ավելի թեթեւ եմ նայում ամեն բանի, բայց, հա՜, կռիվ անպայման կունենայի (ծիծաղում է,-հեղ.):

-Գերդաստանի պատմությունը գրի առնելու եւ այն գիրք դարձնելու ցանկությունն ի՞նչ փուլում է։
-Ես իմ առջեւ մի մեծ, կարեւոր նպատակ եմ դրել՝ այդ գիրքը պետք է մինչ տարեվերջ լույս տեսնի: Փոքրիկ պատմությունները, բակային համն ու հոտը եւ այդ ամենից եկող տաքությունը կփոխանցեմ ընթերցողին։ Ի դեպ, ի սկզբանե նպատակն այլ էր՝ անդրադառնալ մեր ցեղի ուժեղ կանանց։

-Անիտա, ինչի՞ համար ժամանակ չեք գտնում։
- Չգիտեմ։ Երեւի ամեն բան էլ հասցնում եմ։ Կան երգեր, որոնք մնացել են, եւ ամեն անգամ ասում եմ, որ հիմա կգրեմ, կամ այս բանն անեմ, նոր կգրեմ, եւ այդպես արդեն 2-րդ տարին է լրանում։

Մարիամը


-Ինչպիսի՞ մայր եք։
-Հրաշալի, օրինակելի։ Ամեն ինչ թույլ եմ տալիս, երբեմն նաեւ վախվխելով (ժպտում է,-հեղ.):

-Մարիամ, այդպե՞ս է։
-Հիանալի մամա է։ Լինում են դեպքեր, երբ լուրջ առիթների դեպքում չի բարկանում, իսկ, օրինակ, չնչին բաները, որոնք ուղղակի աննշան են, կարող են զայրացնել նրան։

-Իսկ մայրիկի բնավորության ո՞ր գծերն ես վերցնելու։
-Մաման շատ ընկերասեր է, նույնիսկ, երբ ընկերներս հյուր են գալիս, այնպիսի տպավորություն է, որ հենց նրա համար են գալիս։ Հյուրասեր է շատ. մեր տանը միշտ թխվածք կա, ինչն էլ անչափ սիրում են մեր հյուրերը, հատկապես՝ իմ ընկերները։ Մամայի կարկանդակները կարծես բրենդային են, անգամ, երբ ընկերներիս հետ հանդիպում ենք, հաճախ եմ հետս վերցնում. բոլորն անչափ սիրում են։ Եթե փորձեմ մի քանի բառով նկարագրել նրան, կասեմ՝ ընկերասեր է, անչափ հումորով եւ ոճային։

- Մի տարիք է գալիս, երբ երեխաներն առանձնանում են։ Ձեր դեպքում նմանօրինակ շրջան եղե՞լ է. վեճեր, կղզիացում:
Անիտա. Ամեն օր էլ վիճում ենք, բայց Մարիամն ավելի խելացի է: Աղջիկս ավելի կազմակերպված է, շատ հարցերի հետ կապված խորհրդակցում եմ իր հետ: Միայն մի խնդիր կա, որ պարտադիր խոսում եմ՝ հեռախոսներն են, այլ սարքերը, եւ վերջ։

Անիտա Հախվերդյանը՝ դստեր հետ


- Մարիամ, Անիտայի մշտազբաղ գրաֆիկը չի՞ խանգարում, որպեսզի քեզ էլ ժամանակ հատկացնի։
-Եթե անկեղծ լինեմ, ավելի զբաղված եմ՝ պարապմունքներ, դաս, փորձեր…

-Անիտա, ի՞նչ փուլում է ստեղծագործական կյանքը։
-Հետաքրքիր փուլում է. հիմա մի երգ եմ գրում, որն իր շեշտադրությամբ տարբերվում է, եւ այն ինձ համար նորություն է, հետեւաբար, եթե կարողանամ դուրս գալ այս ամենի տակից, լավ կվերաբերվեմ ինձ եւ մի 10 րոպե կսիրեմ(ծիծաղում է,-հեղ.):

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին