×


«Այսօր Գաբին իմ կարիքն ավելի շատ ունի». Լուիզա Ղամբարյան

Միշտ լինել բեմում, հեռուստաէկրաններին, ներգրավված լինել տարբեր նախագծերում` այս ամենը Լուիզա Ղամբարյանի կյանքի մի մասն է: Չնայած աշխատանքային գերզբաղվածությանը՝ դերասանուհին մշտապես իր ընտանիքի կողքին է։ BRAVO.am-ն օրերս լուսանկարել է Լուիզային եւ դստերը՝ Գաբիին, հետաքրքիր է ստացվել նաեւ դերասանուհու հետ մեր զրույցը:

- Լուիզա՛, Ձեր տեսակն իմանալով՝ կարելի է վստահ ասել, որ սիրում եք գարունը:
- Գարնան խորհրդանիշն ինձ համար կինն է՝ ցանկացած տարիքում, քանի որ կինն ինքնին գեղեցկություն է, գարուն է, կյանքի սկիզբ։ Այո, գարունը կարելի է բնորոշել որպես կյանքի սկիզբ, հարաբերությունների զարթոնք, շարժիչ ուժ։ Ծաղկած բալենի՝ այսպես կարելի է բնորոշել գարունը եւ գարունը խորհրդանշող կնոջը։

-Մասնագիտությամբ նաեւ ռեժիսոր եք: Արդյո՞ք ցանկություն չունեք կինոսերներին ներկայանալ որպես ռեժիսոր։
-Այո, ես ուսանել եմ կինոռեժիսուրա, սակայն դա եղել է միայն ուսանողական տարիներին, եւ իմ ստեղծագործական ճակատագիրն ինձ ի սկզբանե վերապահել էր աշխատել ոչ թե որպես ռեժիսոր, այլ աշխատել ռեժիսորի հետ եւ ներկայացնել նրա տեսլականը դերասանական արվեստի միջոցով։ Ստացվեց այնպես՝ դերասանական արվեստն ի վերուստ ինձ համար կանխորոշված էր։ Իմ ստեղծագործական կյանքում երբեմն լինում են պահեր, երբ իմ մեջի ռեժիսորը դերասան Լուիզային հետ անհամաձայնություններ է ունենում, բայց քանի որ գոնե թատերական աշխարհում ես այն հաջողակներից եմ, ով աշխատել եւ շարունակում է աշխատել այնպիսի ռեժիսորների հետ, ովքեր, վստահաբար, ինձնից ավելին գիտեն, եւ ես նրանց հավատում եմ, այ, այստեղ իմ մեջ ապրող ռեժիսորը հաշտությամբ եւ համերաշխությամբ հանձնվում է։ Որպես ռեժիսոր ներկայանալու ցանկություն, իհարկե, կա, բայց դա միայն ու միայն ցանկություն է, որը երբեմն արթնանում է իմ մեջ, եւ վերջ:

Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ


-Տարբեր ֆիլմերում, սերիալներում նկարահանվելիս արդյո՞ք չեք ունենում ռեժիսորների հետ տարաձայնություններ: Խոսքը մասնագիտական աչքի մասին է։
-Եթե ռեժիսորին չհավատամ, պարզապես կհրաժարվեմ ֆիլմից կամ ներկայացումից, սերիալից: Ի դեպ, նման դեպքեր եղել են, երբ հասկացել եմ, որ ես այնքան գիտեմ, որքան դիմացիս ռեժիսորը, իսկ դա արդեն չի կարող ապահովել ստեղծագործական բեղուն ընթացք։ Սերիալներում ամեն բան այլ է, այստեղ դու քո բազայով եւ ֆոնդով ես ներկայանում, եւ թե՛ լավը, թե՛ վատը դրված է քո ուսերին։

-16 տարեկան Լուիզան իր առաջին աշխատավարձը տվեց մայրիկին, որպեսզի պահածոյի համար գնումներ անի: Ինչպիսի՞ն է Ձեր ստեղծած աշխարհը, որում ապրում եք:
-Պատճառն այն էր, որ աղջնակը ծնվեց եւ մեծացավ այս քաղաքում, մեծացավ լավ ընտանիքում, ընտրեց արվեստի ուղին եւ հավատաց իր արածին, ազնվորեն նվիրվեց իր աշխատանքին, եւ դեռահաս այդ աղջնակը մինչ օրս ապրում է իմ մեջ։ Ինչ էլ փոխվի կյանքում՝ հոգեվիճակներ եւ այլն, միեւնույն է՝ իմ մեջ պահպանում եմ այն զգացողությունն աշխարհի նկատմամբ, որ ունեցել եմ տարիներ առաջ։ Լուսավոր, բարի, գեղեցիկ մարդկանցով լեցուն է իմ աշխարհը։ Այնտեղ գերակշռում է սպիտակը, սակայն կան բոլոր գույները, այնտեղ կան աշխարհի բոլոր լավ մարդիկ, որոնց անգամ չեմ ճանաչում, եւ գաղտնիքը, որ ես շարունակում եմ սիրել կյանքը, այդ փոքրիկ աղջնակին իմ մեջ պահպանելու եւ փայփայելու կարողությունն է։ Եթե այդ աշխարհը չլինի, ես չեմ լինի այնպիսին, ինչպիսին կամ։

- Քչերը գիտեն, որ Դուք նաեւ բանաստեղծություններ եք գրում։ Ի՞նչ են ներկայացնում այդ տողերը եւ արդյո՞ք հանրայնացնելու ցանկություն չունեք։
-Ես սկսեմ եմ գրել, երբ պատանի էի: Երբեմն գալիս է մի շրջան, երբ առանց ծրագրելու վերցնում եմ թուղթը եւ զգացածս հանձնում թղթին: Դրանք միայն ինձ են պատկանում։ Շատ քիչ թիվ են կազմում այն մարդիկ, որոնց առաջ ես կարող եմ սիրտս բացել, բացել իմ պոետիկ աշխարհով։ Երբեմն մի մեծ բանի քաղց եմ զգում, եւ այո, տողերը, որոնք ես գրում եմ, հագեցնում են։ Դրանք հանրային չեն, քանի որ չեմ կարծում, որ այն ամենի կողքին, ինչը ես հանրայնացնում եմ, դերասանական արվեստի մասին է խոսքը, չարժե՝ այդ ամենի կողքին ներկայացնեմ իմ բանաստեղծությունները: Դրանք ոչ միայն սիրողական, այլ նաեւ անձնական բնույթ են կրում։ Գուցե լինի մի պահ, երբ փորձեմ ներկայացնել հանրությանը, չգիտեմ։ Չեմ ցանկանում, որ իմ բանաստեղծությունները դառնան քննարկման, որակման առարկա։

Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ


-Ձեր եւ պարոն Պողոսյանի տարիքային տարբերությունն արդյո՞ք խոչընդոտներ չի առաջացնում Գաբիի դաստիարակության հարցում։
-Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, այնպես էլ մեր ընտանիքում դաստիարակությունը հիմնականում դրված է մոր ուսերին՝ ուղղորդել երեխային, ապահովել հետաքրքրությունների շրջանակը, իսկ հայրը պետք է շատ հարգի, սիրի իր ընտանիքը, իր տունը։ Երբ արդեն վերջնական, հեղինակավոր խոսք պետք է հնչի, դա անում է, իհարկե, հայրը։ Հայրն էլ է խիստ տոնով խոսում, սակայն ամենաշատն, ինչ տալիս է մեր հայրիկը, անսահման սերն է։

- Բժշկի եւ դերասանուհու դուստրը մասնագիտական ո՞ր ուղղությունն է ընտրելու։
-Ե՛վ մորը,ե՛ւ հորը Գաբին շատ է գնահատում, հպարտանում, սակայն դուստրս իր տեսակն ունի. նա չի ուզում նմանվել ոչ ոքի։ Իր ուրույն աշխարհն ունի եւ իր հստակ հետաքրքրությունները, որոնք կապված չեն իր ծնողների ընտրած ոլորտների հետ։ Նա ապրում է այն հստակ գիտակցմամբ, որ արվեստն ու բժշկությունն ուրիշներն ավելի լավ կարող են անել, քան ինքը։ Նա իրեն պատկերացնում է, օրինակ, դիվանագիտական կորպուսում, միջազգային հարաբերություներում, հետաքրքրվում է՝ աշխարհի տարբեր համալսարաններում ինչպիսի կրթական ծրագրեր կան, փորձում է հասկանալ՝ իրեն քանի լեզու է անհրաժեշտ։

-Շատ հանգիստ եւ հետաքրքիր տեսակ է Գաբին։ Ի՞նչ խորհուրդներով եք իրեն մեծացնում եւ ինչպե՞ս եք միմյանց հետ ժամանակ անցկացնում։
-Առաջինն, ինչ հուշում եմ ինքս ինձ, շատ սեր ապահովելն է։ Դստերս միշտ ասում եմ, որ մարդկանց հետ պետք է շփվես այնպես, որ մարդիկ ոչ թե ստիպված քեզ հետ հարաբերվեն, այլ իսկապես ճանաչեն քեզ եւ ճանաչելով հանդերձ ցանկանան լինել քո կողքին, երկրորդը՝ դու պետք է անպայման լինես ուսյալ, որովհետեւ կարեւոր է ունենալ ներքին ուժ, որով պետք է ներկայանաս մարդկանց: Դա տալիս է ինտելեկտ, ինչը շատ կարեւոր է։

-Երկրորդ աղջիկ ունենալու երազանքն այդպես էլ երազա՞նք մնաց:
-Ոչ, դա երազանք չէր, քանի որ իմ երազանքն արդեն իրականացել է, ես մայր եմ, վայելում եմ մայրության բերկրանքը։ Դա միայն ցանկությունն էր կրկին զգալ այդ աստվածային զգացողությունը։ Երբ դուստրդ գրկում է քեզ, փարվում, եւ զգում ես այդ սերը, հասկանում՝ ձագուկդ քեզ գիտակցաբար է գրկել, գնահատում է քեզ, դա է երջանկությունը։ Առհասարակ, հղիությունն աննկարագրելի շրջան է: Գիտեք, դրսում զբոսնելիս անասելի երջանիկ եմ զգում, երբ հղի կանանց եմ տեսնում, անգամ շատ փոքր հղիությունն եմ միանգամից հասկանում։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին այս կյանքում զգա այդ բերկրանքը, քանի որ ինչպես ասացի՝ կնոջ թիվ մեկ առաքելությունն է ստեղծել ամուր ընտանիք եւ զգալ մայրական բերկրանք ասվածը։

Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ


-Այսօր որքանո՞վ է կառավարելի Ձեր ժամանակը։
-Ես հանրային մարդ եմ, սակայն իմ առաքելությամբ եւ ներքին զգացողությամբ այդքան էլ հանրային մարդ չեմ։ Սիրում եմ փոքր, հարազատ, ջերմ եւ վստահելի մթնոլորտում անցկացնել իմ ժամանակը, իմ առօրյան։ Աշխարհում ամենից շատ սիրում եմ իմ ընտանիքը, կարծում եմ՝ իմ առաքելությունն իմ երեխայի կողքին լինելն է, ընտանիքիս սեր տալն ու դրանով ապրելը։ Ինչքան էլ ստեղծագործես, չես կարողանալու հասնել գագաթնակետի, չես կարող խաղալ աշխարհի բոլոր դերերը, չես կարող միշտ լինել ամենալավ դերասանուհին, աշխարհում բոլորը չեն կարող քեզ սիրել, բայց դու կարող ես ստեղծել աշխարհ, որը կլինի քո ընտանիքը, որտեղ կարժանանաս ամենամեծ գնահատականին, եթե կարողանաս նվիրվել քո ձագուկին, դա կլինի մի օր եւ աննկատ, եւ կտեսնես, որ երջանիկ մայրս է, ունենս փոքր, բայց շատ ամուր ընտանիք, ոչ մի ծափ, ոչ մի կոչում, ոչ մի ստեղծագործական աշխատանք չի կարող համեմատվել կամ զուգորդվել ընտանիք հետ։

-Բայց ի վերջո, դժվար չէ՞ լինել հանրային մարդ, աշխատել եւ ժամանակ հատկացնել նաեւ ընտանիքին։
-Կինը պետք է հստակ բաշխի իր հասարակական եւ ընտանեկան գրաֆիկը, պետք է լինի իր ընտանիքի կողքին։ Ես այսօր ավելի շատ եմ պետք դստերս։ Տարիներ առաջ Գաբիի հիմնական խնամքը դրված էր մայրիկիս վրա, ով լավ եւ ամենայն ուշադրությամբ, հետեւողականությամբ խնամում էր իր թոռնիկին, միգուցե եւ ավելի լավ, քան ես կարող էի, սակայն այսօր Գաբին իմ կարիքն ավելի շատ ունի։ Մինչեւ 30 տարեկան փորձել եմ շատ դժվարությամբ լինել այն աշխատանքում, որն ընտրել եմ, այն անսահմանափակ արվեստի դռներն եմ փորձել բացել, որոնք իմ առջեւ հայտնվել են։ Բայց կյանքումդ գալիս է մի պահ, երբ հասկանում ես՝ ամենակարեւորը, ամենաէականը մասնավորապես կնոջ համար իր ընտանիքն է։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին