×


«Անկում» քրեական դրամայի պրեմիերային

«Անկում» քրեական դրաման երեւանյան մեծ էկրաններին է

Քրեական դրամաների սիրահարներն այս օրերին երեւանյան մեծ էկրաններին կարող են դիտել ռեժիսոր Զորիկ Հովսեփյանի նոր՝ «Անկում» ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում: 75 րոպե տեւողությամբ ֆիլմում հանդես են գալիս դերասաններ Դավիթ Շումսկին, Արթուր Վարդանյանը, Մանանա Գեւորգյանը, Սեւակ Սարգսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Լիլիթ Գալստյանը, Սպարտակ Հարությունյանը եւ այլք:

Ռեժիսորի խոսքով, ֆիլմի հիմքում իրական պատմություններ են: «Մանկության երկու ընկերներ, ընկնելով քրեական աշխարհ, հաղթահարում են բազմաթիվ խոչընդոտներ, եւ կայանում որպես հեղինակություն: Սակայն անցյալը նրանց հանգիստ չի թողնի, քանի որ միշտ չէ, երբ ծովը ծնկներից է... Հեշտ ճանապարհով գումար աշխատելը միայն ժամանակավոր է լուծում խնդիրները եւ տանում է դեպի անկում»,- ասում է Զորիկ Հովսեփյանը: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սա իր առաջին ֆիլմն է քրեական դրամայի ժանրում, իսկ մինչ այդ նկարահանել է եւս 8 ֆիլմ, որոնք հիմնականում կարճամետրաժ են եղել եւ անդրադարձել են տարբեր թեմաների.

«Անկում» քրեական դրամայի պրեմիերային


«Անկեղծ ասած` երբեք նպատակ չեմ ունեցել քրեական ֆիլմեր նկարելու, դա երազանք չի եղել: Պարզապես լսելով մի քանի նման պատմություններ անցյալից` հետաքրքրվեցի թեմայով. մի տեսակ կարծես կինոյից լինեին այդ դեպքերը: Մտածեցի, որ այդ պատմությունները կարող են ֆիլմ դառնալ: Ընդհանրապես ես նախընտրում եմ հոգեբանությունը, միստիկան եւ այդ ժանրերի վրա եմ աշխատում հիմնականում: Իսկ «Անկում»-ը լիամետրաժ, գերլարված ֆիլմ ստացվեց: Այն մարտաֆիլմ չէ, իսկ գործողությունները մեկ հերոսի շուրջ չեն զարգանում: Տարբեր կերպարներ են՝ ամեն մեկն իր պատմությամբ ու հետաքրքրությամբ: Ամեն դեպքում ես փորձել եմ լուրջ ֆիլմ ստանալ, կարծում եմ՝ ժանրի սիրահարներին կհետաքրքրի»,- ասաց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Մանանա Գեւորգյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ սա իր առաջին համագործակցությունը չէ ռեժիսոր Զորիկ Հովսեփյանի հետ: Նրա հետ աշխատել է նաեւ «Ապրել» ֆիլմում, որը նվիրված է հայ զինվորներին. «Զորիկին միշտ ասել եմ, որ վստահում եմ իրեն: Նրա հետ աշխատելը շատ հեշտ է, կարեւորը՝ ֆիլմում այնպիսի մարդկանց էր ներգրավել, որոնց հետ ընտանիքի նման էինք, ընկերություն էինք անում, եւ նկարահանվելն աշխատանք չէր թվում: Ֆիլմում ես ուժեղ աղջկա կերպար եմ մարմնավորում, որը սիրում է հանցավոր աշխարհի տղաներից մեկին ու ամեն գնով պայքարում է իր սիրո համար: Կարծում եմ՝ լավ է ստացվել: Կարեւորը`ես ինչ պատկերացրել եմ, տվել եմ ֆիլմին»,- ընդգծեց դերասանուհին:

«Անկում» քրեական դրամայի պրեմիերային


Իսկ ինչ վերաբերում է ֆիլմում հնչող ժարգոնին ու խոսակցական ոճին, ապա ռեժիսորի կարծիքով` այն չափավոր է ստացվել եւ միջավայրը ճիշտ նկարագրելու համար է արվել: Ըստ նրա`այդ ամենը գռեհիկ չէ, եւ կինոդիտողը տհաճություն չի զգա:

Աստղիկ Իսկանդարյան/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW