Օրերս մեծ էկրան է բարձրացել Միքայել Պողոսյանի «Լորիկ» դրաման, որի պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է: Ֆիլմում գլխավոր դերակատարներից է Անի Գալստյանը, ով էլ մեզ հետ զրույցում պատմել է իր մարմնավորած կերպարի մասին:
««Լորիկը» երկու պրեմիերա ունեցավ՝ մեկը մյուսից հաջող։ Առաջինը «Ոսկե ծիրան»-ի օրերին էր՝ մրցույթից դուրս, իսկ պաշտոնական պրեմիերան հուլիսի 17-ին էր։ Անկեղծ պիտի ասեմ, որ առաջին օրվա հուզմունքս ինձ գնահատական տալու համար տեղ չէր թողել։ Հուզված էինք, իհարկե, բոլորս: Իսկ հուլիսի 17-ի թե՛ հանդիսությունը, թե՛ ֆիլմից ստացած արդեն սթափ տպավորությունս իսկապես հրաշալի էին»,- նշել է դերասանուհին։
Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Մակունցը եւ Անի Գալստյանը՝ «Լորիկ» ֆիլմի պրեմիերային
Անիի խոսքով` դրամայում նկարահանվելու համար, ընդունված կարգի համաձայն, քասթինգի է մասնակցել.«Ընտրական փուլից հետո՝ ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի եւ սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանի փոխադարձ որոշմամբ, հաստատվեցի Չինարի դերում։ Իսկ արդեն սցենարը կարդալուց եւ իմ կերպարին ծանոթանալուց հետո անմիջապես համաձայնեցի։ Նկարահանումներն էլ 2016թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էին՝ իմ սիրելի Երեւանում»։
Անի Գալստյանն՝ ամուսնու հետ՝ «Լորիկ» ֆիլմի պրեմիերային
Խոսելով կերպարի մասին` դերասանուհին ասել է.«Չինարը շատ հետաքրքիր եւ անակնկալներով լի կերպար է։ Ընդհանրապես, ֆիլմը լի է անկանխատեսելի անակնկալներով։ Սցենարիստի մտահղացմամբ՝ որոշ կերպարներ իրենք իրենցից միաժամանակ տրամագծորեն տարբեր լինելու եզակի հնարավորություն ունեն։ Գաղտնիքները չբացեմ, բայց Չինարի կերպարը հենց նշածս հնարավորությունն ուներ, եւ ինձ համար շատ հետաքրքիր էր խաղալ այս դերը»։
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անիի արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: