×


«Արտավազդ 2018». Հաղթողների կատակներն ու բացակա «Լավագույն դերասանը»

Մարտի 27, թատրոնի նվիրյալներ, մրցանակներ, շնորհավորական ու շնորհակալական խոսքեր՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ թատերական տարին երեկ ամփոփվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այն այս անգամ նվիրված էր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:

Նշենք, որ այս տարի չկային դատարկ ծրարներ. բոլոր անվանակարգերը գտան հասցեատերերին։ Ժյուրին առանձնակի ուշադրություն էր դարձրել երիտասարդներին՝ գնահատելով նորարար ստեղծագործական միտքը։ Նաեւ վերականգնել էին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերը: «Արտավազդ 2018»-ին մասնակցում էին թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային թատրոնները: Ուշագրավ է, որ մրցանակաբաշխությունն այս տարի միայն մայրաքաղաքում չէ, որ կկայանա: Մարտի 29-ին այն կշարունակվի Գորիսի պետական դրամատիկական թատրոնում:

«Արտավազդ 2018» մրցանակաբաշխությանը


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հիշեցրեց հայտնի ճշմարտությունը՝ կինոն դարձնում է հանրաճանաչ,  հեռուստատեսությունը հարստացնում է, իսկ թատրոնը` ազնվացնում.«Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնվում են գաղափարներ, մտքեր, որոնք հանրությանն առաջնորդում են երազի երկիրը: Թատրոնի բեմն այն վայրն է, որտեղ ծնված գաղափարները ազնվացնում, ջերմացնում են մեզ»։

«Շնորհավորում եմ թատերասեր հանրությանն այս հրաշալի միջոցառման  առթիվ: Սա այն եզակի օրն է, երբ հիշեցնում ենք հասարակությանը, պետությանը,  որ կա  պրոֆեսիոնալ թատրոն, որ այդ թատրոններում աշխատում են տաղանդավոր մարդիկ, ստեղծում են արվեստի գործեր, որոնք գնահատվում են այս միջոցառման ընթացքում», - ընդգծել է Հակոբ Ղազանչյանը՝ հավելելով, որ երիտասարդ ստեղծագործողների միջեւ մրցակցությունը մեծ է եղել, ուստի ավագ սերնդի ռեժիսորները որոշել են  հանել իրենց բեմադրությունները, որոնք ներկայացված էին «Լավագույն ներկայացում» անվանակարգում: Դրա փոխարեն մրցանակ տրվեց «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում:

Նարինե Պետրոսյանը եւ Բաբկեն Չոբանյանը


«Լավագույն դերասանուհին» Համազգային թատրոնից Տաթեւ Ղազարյանն է.«Ճիշտն ասած՝ ռեկորդակիր եմ «Արտավազդ»-ում ներկայացվելու մեջ, բայց այս անգամ ամենաանսպասելին էր, նախորդ տարիներին ավելի էի սպասում։ Շատ ուրախ եմ, շատ հավես է, օրն ինձ համար մի տեսակ շատ հարուստ ստացվեց, որովհետեւ ե՛ւ քեռիս՝ Արմեն Սանթրոսյանը, ստացավ «Արտավազդ», ե՛ւ ընկերուհիս՝ Նարինե Գրիգորյանը, ե՛ւ հարեւանուհիս՝ Քնարիկ Զաքարյանը: Մի խոսքով՝ մի երկու հոգի էլ, որ ստանան, ավելի ուրախ կլինեմ»:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթողները երկուսն են՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից Ավո Խալաթյանն ու Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Միքայել Վաթինյանը։ Բեմ բարձրացավ լավագույններից միայն մեկը՝ Միքայել Վաթինյանը, իսկ Ավո Խալաթյանը ներկա չէր: «Լավագույն երիտասարդ դերասան» Նարեկ Բաղդասարյանն էլ կատակեց.«Կփորձեմ «Օսկար»-ի ձեւաչափով շնորհակալությունս հայտնեմ, որ պարապեմ հիմիկվանից:)»:

«Արտավազդ 2018» մրցանակաբաշխությանը


Եվ այսպես, այս տարվա «արտավազդակիրներն» են՝

 «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ Տաթեւ Ղազարյանը՝ «Սովորական օր» ներկայացման համար:

 «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ հանձնվեց միանգամից երկու հոգու` Ավո Խալաթյանին «Ռեւիզոր» ներկայացման համար եւ Միքայել Վաթինյանին՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրության մեջ մարմնավորած կերպարի համար:

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Ջեմմա Աղամյանը՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ դերասանը» Նարեկ Բաղդասարյանն է՝ «Համլետ Machine» բեմադրության մեջ մարմնավորած դերի համար:

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» համարվեցին Նորա Գրիգորյանն՝ «9 ամիս» եւ Սարգիս Արզումանյանը՝ «Անասնաֆերմա» ներկայացման համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեցին Մարիամ Մուրադյանը եւ Տաթեւ Հովհաննիսյանը:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված՝ Ա. Միրիջանյանի «Փոքրիկ ուրվականը»:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Երնջակյանի «Ռոմեո եւ Ջուլիետ» նորարարական մոտեցումներով բեմադրված ներկայացումը, որին անդրադարձել է BRAVO.am-ը։

«Լավագույն պիես» համարվեց Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» համարվեց Քնարիկ Զաքարյանը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Վահագն Գալստյանը:

«Արտավազդ» դեբյուտ դիպլոմներ հանձնվեցին Հռիփսիմե Նահապետյանին, Լաուրա Ստեփանյանին, Հարութ Մելիք-Բեկյանին, Պապ Իսպիրյանին:

«Արտավազդ» խրախուսական մրցանակը տրվեց բեմադրիչ Արմեն Սաֆարյանին՝ Օսկար Ուայլդի պիեսի հիման վրա բեմադրած «Սալոմե» ներկայացման համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ»-ի արժանացան Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արթուր Ութմազյանը, Արմեն Սանթրոսյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ մրցանակը տրվեց տաղանդավոր դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանին՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացման համար:

Թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի արժանացավ Բագրատ Գեւորգյանը։

Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Թատերական գործիչների ոսկե մեդալների արժանացան Վարուժան Խաչատրյանը եւ Գագիկ Թովմասյանը:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, թատերագետներ Նվարդ Ասատրյանը, Ռուզաննա Առաքելյանը:

Ռաֆայել Երանոսյանը, Արա Երնջակյանը եւ Անի Լուպեն


Հավելենք, որ մրցանակաբաշխությունը սկզբնական շրջանում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից նշվում է մեծ շուքով: «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված ու առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:

BRAVO.am
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին