Մարիամ Ալեքսանյանն այսուհետ ներկայանում է նաեւ որպես հաղորդավարուհի: Դերասանուհին հրավեր է ստացել վարելու առավոտյան «Բարեւ, Երկիր» ծրագիրը: Առաջինը BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է հանդիպած դժվարությունների եւ առաջիկա նորությունների մասին:
«Այս ձեւաչափում հայտնվելն ինձ համար շատ անսպասելի էր, քանի որ երբեք հաղորդավարուհու դերում չեմ եղել: Հասկանում եմ՝ ինչ փուլեր պետք է անցնեմ, բայց ես ուժեղ եմ, քանի որ իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ հավատում են: Դա ամենակարեւորն է ցանկացածի համար: Մարդ պայքարում է եւ հասնում իր նպատակին ոչ միայն սեփական ուժերով, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր իր կողքին են եւ սրտանց ուրախանում են հաջողություններով: Շատերը գուցե չհասկանան հաջողություն ասվածը, մտածեն` դե, դերասանուհի է, հաղորդավարուհի է, բայց հավատացեք՝ ինձ համար սա մեծ քայլ է դեպի հաղորդավարուհու կարիերա: Ես ուղիղ եթերում եմ լինելու, իսկ դա սոցցանցային ուղիղ եթերը չէ»,-մեզ հետ զրույցում նշել է Մարիամը:
«Բարեւ, Երկիր» ծրագրի հաղորդավարները
Նա առավոտյան ծրագիրը վարելու առաջարկը ստացել է պրոդյուսեր, ռեժիսոր Արման Պետրոսյանից եւ փորձնական նկարահանումից հետո ընտրվել է. «Ինձ համար շատ զարմանալի էր, չէի սպասում, բայց միանգամից համաձայնեցի: Ճիշտ է` բարդ է ելույթ ունենալ ուղիղ եթերում: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար, հուսով եմ` մեր համատեղ աշխատանքը կստացվի, քանի որ բնավորությամբ աշխատանքում բարդ չեմ, լսող եմ, ճիշտ է՝ իմ կարծիքը հայտնում եմ, բայց լսողի դերում եմ: Իսկ խմբի մասին կարող եմ լռել, որովհետեւ աննկարագրելի լավն են»:
«Բարեւ, Երկիր» ծրագրի հաղորդավարները
Մարիամը սա մեծ հաջողություն է համարում իր համար, որով ուրախանում է. «Սիրում եմ փոփոխություններ, որոնք ինձ բացահայտում են, ինքս ինձ ճանաչում եմ դրանց միջոցով: Բարդ աշխատանք է, լարվում եմ եթերում, հասկանում եմ, որ հազարավոր դեմքեր ինձ են նայում, բայց ունեմ այնպիսի գործընկերներ, ովքեր առաջին իսկ վայրկյանից իմ սիրտն են մտել: Լյուսին, Արթուրն ու իմ գրեթե հիմնական գործընկեր Հայկ Պետրոսյանը քաջալերում են, ուժ են տալիս, եւ ես հավատում եմ ինձ: Ես Մարիամն եմ, ով շատ-շատ բան ունի սովորելու: Երբ Հայկը զգում է՝ լարվում եմ, միանգամից իրավիճակն իր ձեռքն է վերցնում: Նա շատ լավ հասկանում է, որ ես նոր եմ այս ոլորտում: Հայկի հետ շատ հեշտ է աշխատել, նա շատ անկաշկանդ է, նույնիսկ հեռուստադիտողը չի հասկանա, որ ես լարված եմ, քանի որ ես ու Հայկն իրար շատ լավ ենք հասկանում»:
Մարիամ Ալեքսանյանը եւ Հայկ Պետրոսյանը
Սերիալներին եւ թատրոնին դերասանուհին հրաժեշտ չի տվել.«Այս շրջանում միայն թատրոնի փորձերով եմ զբաղված, ունեցել եմ սերիալային առաջարկներ, բայց եկել ենք այնպիսի եզրակացության, որ այժմ իմ նկարահանվելու ժամանակը չէ: Ես էլ հասկանում եմ, որ այժմ պատրաստ չեմ սերիալներում նկարահանվել, ինձ պաշար է պետք, որը սպառվել է, ինչը նորմալ է դերասանի համար, իսկ հաղորդավարությունը հետաքրքիր է, նոր աշխարհ է, որը փորձում եմ բացահայտել: Նոր ներկայացում ենք պատրաստում Գոռ Մարգարյանի հետ, իմ դիպլոմային աշխատանք է լինելու, եւ նա այնքան մանրակրկիտ է աշխատում դերասանի հետ, իսկապես շնորհակալ եմ նրան, որ այդքան օգնում է, նաեւ իմ ավագ ընկերն է: Կարծում եմ՝ կխաղանք գարնանը»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Ալեքսանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: