×


«Գործագործ». Ինչով պետք է տարբերվի դասախոսը Վիքիպեդիայից

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձևավորել նորերը:


Այս անգամ զրուցել ենք գրականության դասախոս Հայկ Համբարձումյանի հետ:




- Դասախոսը Վիքիպեդիայից ինչո՞վ պետք է տարբերվի:
- Բարդ հարց է: Շատ դեպքերում դասախոսները չեն տարբերվում Վիքիպեդիայից: Մյուս կողմից վիրավորական է նույնիսկ, որ շատ ուսանողներ մտածում են, որ այն, ինչ դասախոսն իրենց տալիս է, կարող են գտնել Վիքիպեդիայում: Այնինչ արհեստավարժ, բարեխիղճ ու շնորհալի դասախոսը ոչ թե չոր տեղեկություններ է տալիս, այլ` տեղեկատվության հիման վրա ձեւավորված գիտելիք: Մասնավորապես գրականության պարագայում համացանցում կարելի է գտնել հազարավոր նյութեր, որոնք, սակայն, երբեք չեն կարող փոխարինել դասախոսի յուրահատուկ մոտեցմանը, գրականության նրա ընկալմանը, հենց այդ պահին՝ կենդանի խոսքի ժամանակ առաջացող ապրումներին ու յուրահատուկ ընթերցումներին:


- Գի՞րք, թե՞ սերիալ:

- Գրականության գործառույթները շատ տարբեր ու բազմազան են: Կինոյի կամ սերիալի հետ համեմատությունը, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ: Իհարկե, կինոն որպես համադրական արվեստ ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել, սակայն չի կարող փախարինել գրականությանը: Այլ է խնդիրը, թե մենք ինչ ենք ուզում գրականությունից. ժամանց, հաճույք, ճանաչողություն, քարոզ, սոցիալական ցանցը ցնցող ստատուսի տողեր:

Գրականությունը մեզ այս մեքենայական դարում մարդ է պահում: Շփումներն աստիճանաբար պակասում են, մարդիկ վիրտուալ իրականության մեջ են, ու գրականությունն է, որ մեզ իրականության զգացողություն է տալիս, հիշեցնում է մեզ հավերժական արժեքների մասին, օրինակ` խղճի, ազնվության: Գրականությունը մեզ սովորեցնում է մտածել, ապրել: Գրականությունն ի զորու է ամենատարբեր ապրումներ առաջացնել մեր մեջ, փոթորկել մեզ, վեհացնել ու նույնիսկ ոչնչացնել, ինչը երբեմն պետք է: Եթե չես առնչվում այս ամենի հետ, կարծում եմ՝ աղքատ մարդ ես:



- Ինչո՞ւ են աղմկում ուսանողները:

- Աղմկում են, երբ դասախոսն անտարբեր է իրենց նկատմամբ եւ նրա ասելիքն իրենց հետաքրքրի չէ: Խորհրդային տարիներին մեր ծնողները գնում էին բուհ, որ ստանան տեղեկատվություն: Այսօրվա ուսանողները տեղեկատվության կարիք չունեն, նրանք կարող են ստեղնաշարի մի քանի հարվածով google-ից ստանալ ամբողջ տեղեկատվությունը: Արդեն գալիս են տեղեկատվական քաղցը լրացրած, եւ շատ դժվար է այսօր նրանց պահանջները բավարարել: Այս դեպքում կարեւոր է դառնում նյութի մատուցման ինքնահատուկ կերպը, այն էներգիան, որ դասախոսը դնում է ուսանողի հետ շփման մեջ:


- Ի՞նչ անել, երբ դասախոսը խոսում է, բայց իրեն չեն լսում:

- Դասախոսը ոստիկան չէ, որ մտնի, բղավի, որ լռեն ու իրեն լսեն, ուսանողներն էլ կարգազանց չեն: Բազում եղանակներ կան լռություն ապահովելու՝ փայտը ձեռքին, քննության սպառնալիքներով, բայց լավ դասախոս է նա, ում լսարան մտնելուց հետո ուսանողները կարողեն 10 րոպե սպասել նրա խոսքին: Պետք է հարգեն դասախոսին, ոչ թե վախենան, իսկ դրա համար պետք է ազնիվ լինել ինքդ քո նկատմամբ եւ ուսանողի:


- Ո՞նց եք հասկանում, որ ուսանողը գիրքն ամբողջությամբ չի կարդացել, ընթերցել է, օրինակ, սեղմավեպը:

- Աչքերից:): Այլ մեթոդներ էլ կան, իհարկե, մի քանի հարց ես տալիս, որոնց պատասխանը եթե չգիտեն, ուրեմն գիրքը չեն կարդացել: Խոսքս, իհարկե, չի վերաբերում նրան, թե ինչ է հերոսի ձիու անունը եւ այլն: Ինձ համար կարեւոր է, որ ուսանողը մտածի ընթերցած նյութի շուրջ, ոչ թե անգիր անի: Ուսանողներ կան, որոնք գրքերը կարդում են, բայց դրանց մասին չեն մտածում, մեխանիկորեն կարդում են, ինքնուրույն մտքեր չունեն այդ նյութի վերաբերյալ, լինում է, որ առհասարակ մտքեր չեն ունենում: Իմ նպատակը այն չէ, որ կարդա գիրքը, ես չեմ ստիպում ոչ մեկին կարդալ, ես ուզում եմ, որ մարդիկ մտածեն կարդացածի շուրջ: Եթե չեն կարդացել, նախընտրում եմ, որ ինձ անկեղծ ասեն դրա մասին, կամ հիմնավորեն, թե ինչու չեն կարդացել, ու ես կընդունեմ:

Գրականության դասախոս Հայկ Համբարձումյանը



- «Ո՞վ է գրել Րաֆֆու Սամվելը» դեռեւս արդիակա՞ն հարց է:

- Չեմ էլ հիշում, թե որտեղից է դա եկել:):


- Այսպես կոչված «սիմպատիան» ազդո՞ւմ է գնահատականի վրա:

- Ինձ համար կարեւոր են մարդկային հատկանիշները, օրինակ, անկեղծությունը, պարկեշտությունը: Նույնիսկ եթե լավ չի սովորել, չի կարդացել, բայց մտածող է… Եթե սա կարելի է «սիմպատիա» համարել, ապա` այո: Ամբողջությամբ օբյեկտիվ լինել հնարավոր չէ, բայց փորձում ենք լինել այդպիսին:


- Ի՞նչն է նյարդայնացնում:

- Ինձ նյարդայացնում է ուսանողի անտարբերությունը, անհիմն հավակնոտությունը, պարծենկոտությունը, քծնանքը: Ինձ հիասթափեցնում է, երբ սիրտդ ու հոգիդ դնում ես, աշխատում ես գրական հսկայական ու չքնաղ աշխարհից գոնե պատառիկներ ներկայացնել, բայց բախվում ես պատի, որովհետեւ ուսանողները մեծ մասամբ չգիտեն` ինչու են սովորում, որն է բարձրագույն կրթության նպատակը: Շատերին թվում է, որ նպատակը քննությունն է, գնահատականը, դիպլոմը:


- Ինչո՞ւ են դեռ դասախոսություն թելադրում:

- Ես չեմ թելադրում, որովհետեւ կարծում եմ, որ այդպիսով ուսանողը դադարում է մտածելուց: Թելադրում են հաճախ նրա համար, որ աղմուկ չլինի, կամ այդպես սովոր են ու հեշտ է: Չեմ կարծում, որ դասախոսության կարիք կա այսօր:

Գրականության դասախոս Հայկ Համբարձումյանը



- Ի՞նչ ես անում, երբ փորձում են գնահատական ստանալ գումարով կամ երկար թարթիչներով:):

- Գումարի առաջարկի դեպքեր չեն եղել, այ, թարթիչների մասով լավ չեմ հիշում:): Մարդիկ գիտեն՝ ում կարող են դիմել այդպիսի հարցերով: Քննությունն ինձ համար ամենակարեւորը չէ, ինձ համար կարեւոր է միասին աշխատելու ընթացքը:


- Երբ պատահաբար նախկին ուսանողի եք հանդիպում, ում չեք հիշում, ի՞նչ եք ասում:

- Դեմքերը մեծ մասամբ հիշում եմ, բայց անունները` ոչ: Ներողություն եմ խնդրում, որ չեմ հիշում անունները:): Կան տպավորվող ուսանողներ, հիշվում են իրենց պատասխաններով, ակտիվությամբ: Հիմա ավելի հեշտ է կապը պահելը` ֆեյսբուքյան դարում. ընկերության հայտ են ուղարկում, գոնե այդպես ժամանակ առ ժամանակ տեսնում ես նրանց, հիշում:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին