×


Հարութ Ջուլհակյանը

«Գործագործ». Որտեղ են ժելեյած չոլկաներն ու կազիրյոկը:)

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք բարբերմեն Հարութ Ջուլհակյանի հետ



- Ինչո՞ւ Երեւանում հանկարծ նորաձեւ դարձան բարբերշոփերը, շատացան բարբերմենները:

-«Բուդկայում» կամ վարսավիրանոցում աշխատողները հանկարծ դարձան բարբերմեններ: Իրենք կարծում են, որ իրենք տղամարդու մազեր են կտրում, ուրեմն բարբերմեն են: Ոչ ոք չի կնքում իրենց` «Գնա՛, որդյակս, դու բարբեր ես»: Չէ, իրենք իրենց կնքում են բարբերմեն, աշխատում են: Բայց վարսավիրանոցից բարբերշոփ մտնելով, դու չես դառնա բարբերմեն, դու կշարունակես աշխատել որպես վարսավիր:

- Ո՞րն է վարսավիրի ու բարբերմենի տարբերությունը:

- Վարսավիրներից շատերը չեն սափրում ածելիով: Սափրել ընդհանրապես չգիտեն, բայց առանց սափրել իմանալու չեն կարող բարբերմեն դառնալ: Բազում նրբություններ կան: Եթե դու համարում ես քեզ բարբերմեն, ուրեմն պետք է ամեն ինչ իմանաս՝ սկսած նրանից, թե ինչ ածելիներ կան, ինչ մեքենաներ կան, մինչեւ գլխի կառուցվածքներ ու մաշկի տեսակներ: Միայն բոլոր մանրուքներին տիրապետելուց հետո կարող ես հաճախորդիդ իսկապես գոհացնել, հասկանալ նրա ցանկությունը: Ֆանտազիայով կտրել բոլորս կարող ենք, մի երկու գիծ քաշել, ասել՝ «Սա ամենալավ կտրվածքն է, դե, գնա», շատ հեշտ տարբերակ է, բայց արդյո՞ք այդ մարդը երկրորդ անգամ կգա քեզ մոտ:

Հարութ Ջուլհակյանը


- Եթե սանրվածքը չի սազում, բայց հաճախորդն ուզում է, ի՞նչ եք անում:

- Խորհուրդ եմ տալիս, որ կտրենք մեկ այլ ոճով: Բայց եթե հաճախորդը ցանկանում է, կտրում եմ, իր որոշելիքն է: Ամեն դեպքում ես պարտադիր զգուշացնում եմ, որ չի սազելու:

- Եղե՞լ են դեպքեր, երբ կտրել ես այնպես, ինչպես իրենք են ուզում, հետո դժգոհել են:

- Իհարկե, եղել է: Դրա համար պարտադիր է զգուշացնել, խորհուրդ տալ, ասել, որ իր գլխի կառուցվածքին ավելի համապատասխան կլինի մեկ այլ կտրվածք, մորուքի մեկ այլ երկարություն եւ այլն: Որպես մասնագետ` ես պարտավոր եմ ճիշտ ուղղություն տալ, որ երբ հաջորդ առավոտյան մարդը փորձի սանրվել, բայց չստացվի, չասի` «Էս ինչ վատ են կտրել»: Ամենակարեւորն այն է, որ բացատրես, թե ինչու չի սազելու, իսկ դրա համար պետք է ինքդ հասկանաս, ոչ թե ասես` չի սազի, ու վերջ, մարդն էլ մտածի, որ դու ուրիշ ձեւ կտրել չգիտես:

- Կանայք միշտ դժգոհում են, որ վարսավիրները կտրում են ավելի կարճ, քան իրենք էին ուզում: Իսկ տղամարդի՞կ:

- Պատահում է: Բայց կա մարդկային հոգեբանություն: Եթե մարդկանց բացատրես, որ պետք է մի քիչ ավելի կարճ կտրել, քան` ուզում են, որպեսզի տաշվածքները գեղեցիկ նայվեն, ենթադրենք` խնդիրները փակվեն եւ այլն, կհասկանան:

Հարութ Ջուլհակյանը


- Ի՞նչ խնդիրներով են տղամարդիկ «կիսվում» բարբերմենների հետ:

- Օ՜, ամեն ինչից խոսում ենք: Ֆուտբոլից, քաղաքականությունից… Բոլոր տղամարդիկ սիրում են քննարկել, ամեն մեկն իր կարծիքն է հայտնում՝ ոնց կաներ, ինչ կաներ, որն էր ճիշտը: Եվ որպես բարբերմեն, դու պարտավոր ես թեմայի մեջ լինել, որ իրենց հետ խոսես: Հաճախորդներ կան, որ էներգիա են տալիս. շատ եմ սիրում իրենց հետ խոսել, բայց կան նաեւ այնպիսիք, որ էներգիա են խլում:):

- Նրանց, ովքեր էներգիա են խլում, գրանցո՞ւմ ես:

- Չէ, տեղ չունեմ:):

- Բարբերմենը կնոջ մազեր կտրել կարո՞ղ է:

- Կոնկրետ ես երկար վարսեր չեմ կտրում: Բայց եթե կարճ սանրվածքով կին է, որն, օրինակ, տաշվածքներ ունի, ինչու ոչ: Ամեն դեպքում, բարբերը, դասական իմաստով, միայն տղամարդկանց հետ է աշխատում: Աշխարհում բարբերշոփեր կան, որտեղ ողջ անձնակազմը տղամարդիկ են, անգամ մաքրողն է տղամարդ. կանայք այդտեղ մուտք չունեն:):

- Ի՞նչ գործիքներ պետք է ունենալ` բարբերմեն դառնալու համար:

- Եթե շատ սուղ նայենք` մկրատ: Մկրատը բավարար է, որ կտրես: Բայց կոմֆորտ զգալու համար պետք է մկրատ, սանր, մեքենա եւ կապիչ, որ հաճախորդի հագուստին մազ չթափվի:


- Ընդհանուր առմամբ քանի՞ գործիք ունես:

- Շատ-շատ: 50-ից ավելի գործիք ունեմ՝ մեքենաներ, կապիչներ, մկրատներ, ածելիներ, փուզաներ, սանրեր, արդուկներ, էլ չասեմ նյութերը:  

- Ովքե՞ր են մտածում սանրվածքների անունները:

- Ամեն երկիր ունի իր մշակույթը եւ ամեն երկրին հատուկ մի սանրվածք ստանում է համապատասխան անուն: Հայաստանում, օրինակ, «գծով կանտովկա» չի եղել. փոխառել ենք Թուրքիայից, Իրանից: Դա նրանց մշակույթին հարիր մի մասնիկ է: Անունն էլ համապատասխան է այդ մշակույթին:

- Մեր պապերն ի՞նչ սանրվածք են ունեցել, կա՞ հայերին հատուկ սանրվածք:

- Ոչ, հատուկ սանրվածք չունենք: Մկրատով են կտրել: Մենք չենք ունեցել շերտեր, գծեր, տաշվածքներ: Երկար մազեր են եղել, սանրվող մազեր: Խոսքս 40-50-ականների մասին է:

- Տղամարդիկ շա՞տ են ներկում իրենց մազերը:

- Հիմա արդեն` այո: 15-20 տարի առաջ տղամարդկանց մազերը 40-ում, 40-ից հետո էին սպիտակում, հիմա 20 տարեկան տղաներ կան սպիտակած մազերով, ուստի ներկողների թիվը շատացել է: Անցել է ներկելու բարդույթը: Ամեն դեպքում բացատրում ենք, որ ներկել նշանակում է խնամել, նույնը՝ մորուքի մասով, ասում ենք, որ պետք է անեն այս, այն: Մորուքն ավելի թանկ է նստում քեզ վրա, քան սափրվելը:


Ժամանակ կար, երբ ասում էին՝ մորուք ես պահում, որովհետեւ խնայում ես սափրելու միջոցների վրա, բայց հիմա հակառակն է. եթե մորուք ես պահում, ուրեմն հարուստ ես:): Մորուքի համար յուղեր կան, շամպուններ, օճառներ, սկրաբներ, կոնդիցիոներներ, բալզամներ: Հաճախ ասում են, թե «վայ, էս ինչ շատ է»: Կինն ամեն ամիս քանի՞ հազար է ծախսում մազերը ներկելու, կտրելու, հարդարելու վրա: 10.000-ից 15.000 դրամ, չէ՞: Տղամարդն ինչո՞ւ պետք է ափսոսի իր մազերի, մորուքի խնամքի համար ամսական 5000 դրամ ծախսել:

- Շատերը չեն ափսոսում, պարզապես կարծում են, որ այդչափ խնամքը հայ բրուտալ տղամարդուն սազական չէ:

- Տղամարդուն ի՞նչն է սարքում տղամարդ՝ առնականություն, ինտելեկտ, ուժ… Եթե խնամված լինի, անուշ բուրի, վա՞տ է: Պետք է անպայնման օղու եւ քրտնքի հոտ գա, չէ՞, դա ամոթ չէ: Ինչպես տղամարդն է ուզում, որ իր կողքի կինը խնամված լինի, այնպես էլ կինն է ուզում, որ իր տղամարդը լավ բուրի, խնամված լինի: Դրանից առնականությունն ու ինտելեկտը չեն տուժում:

- Որտե՞ղ սովորել բարբերմենի աշխատանքին:

- Հայաստանում ամեն ինչ անհատական է: Մենք չունենք դպրոցներ, որտեղ կսովորեցնեն, չկան, այսպես կոչված, կուրսեր, որտեղ կարելի է 10-15 հոգով նստել դասի, սովորել տեսություն, հետո պրակտիկա: Կան լավ մասնագետներ, որոնք անհատական դասեր են տալիս: Իմ կարծիքով, մասնագետի մոտ սովորելն ավելի արդյունավետ է, որովհետեւ մտնում ես միանգամից գործնական աշխատանքի մեջ, տեսական մասն էլ կարող ես ինքնակրթությամբ լրացնել: Եթե լավ մասնագետ ես ուզում դառնալ, պետք է սովորես լավ մասնագետի մոտ:

- Սովորում են հենց մարդկանց մազերի՞ վրա, թե՞ կան հատուկ կեղծամեր:

- Կան կեղծամներ, որոնց վրա աշխատել են սովորում սկսնակները: Բայց մինչ այդ ծանոթանում են գործիքների հետ, մեքենաների հետ, նրանց հնարավորությունների հետ, հետո են վերցնում իրենց ձեռքը: Եղբայրները, բարեկամները գալիս են զոհաբերության՝ հանուն երեխայի ապագայի: Հատկապես հայրիկները գալիս են, նստում, համբերատար սպասում, որ երեխան կտրի, սովորի:

- Ի՞նչ անել, եթե պատահաբար կտրում ես ականջը կամ վնասում գլուխը:

- Պետք է ոչ պատահաբար, ոչ էլ դիտավորյալ չկտրել:): Նախ` գործիքները ստերիլ պետք է լինեն, ամեն օր գործիքները պետք է մաքրել: Որքանով տեղյակ եմ` միայն մազ կտրելուց հիվանդություն չի տարածվում: Եթե գործիքը վնասում է, ապա նույն գործիքով չի կարելի սպասարկել մյուսին: Այդ ժամանակ կարող է վարակ փոխանցվել: Իսկ պարզապես մազ կտրելուց, երբ չես վնասում մարդուն, ոչինչ չի լինում:



- Եղե՞լ է որ վնասես մեկի ականջը:

- Շատ վաղուց: Մի փոքր քերծել եմ, ներողություն խնդրեցի, նյութերով մաքրեցինք, որ վարակ չանցնի:

- Ի՞նչ եք անում կտրած մազերը:

- Թափում ենք: Հո՞ բարձ չենք կարելու դրանով: Եթե շատ երկար մազեր են լինում, հյուսում եմ, նվիրում հաճախորդին: Մարդ կա` հյուսած մազերով թեւնոց է սարքել իր համար:

- Բարբերմենը պե՞տք է լինի բրուտալ ու մորուքով:

- Բոլորը տարբեր են: Հատուկ ոճ չկա: Մեկը old school-ի մեջ է, մեկը նորաձեւ է` շատ տատուներով: Մարդկանց գրավում է, երբ բրուտալ ես երեւում՝ մորուքով, տատուներով:

- Կարո՞ղ ես ինքդ կտրել մազերդ:

- Այո, կտրել եմ: Բայց հիմա հավես չունեմ:

- Որտե՞ղ են «ժելեյած հատիկավոր չոլկաներրը»:

- Գնացել են ծայրամասեր: Չգիտեմ:): Ժամանակները փոխվել են, ամեն ինչ իր ժամանակն ունի: Չոլկայի, կազիրյոկի ժամանակներն անցել են: Սիրուն կողք էին սանրում մազրերը, դիմացը սրում, կազիրյոկ էր լինում: Իսկ որ մի քիչ թիթիզ էին լինում, կիսաթեք էին անում: Ժելեով ու լաքով քարացնում էին, որ մի 5 օր չքանդվեր:): Լավ ժամանակներ էին:

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW