Սրբուհի Սարգսյանի երկրպագուներն ու հարազատներն այսօր կեսօրին հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում` դիմավորելու սիրելի երգչուհուն, ով հայրենիք է վերադարձել ուկրաինական «Ձայնը» նախագծի ավարտից հետո: Երկրպագուները նրան ողջունելու էին եկել փուչիկներով, ծաղիկներով, նվերներով ու բարձր տրամադրությամբ: BRAVO.am-ը նույնպես օդանավակայանում էր, լուսանկարել է նրանց եւ Սրբուհու հետ զրուցել մրցույթի ընթացքից ու աղմուկ հանած վերջին միջադեպից:
Երգչուհին նշեց, որ իր համար ամենատպավորիչն ուկրաինացի ռեփեր, պրոդյուսեր Պոտապի հետ աշխատանք էր, ինչից մեծ բավականություն է ստացել, նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերել.«Բոլորն էին իմ հանդեպ շատ լավ տրամադրված, եւ հաճույք էր նման պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելը: Ես ծանոթացա Պոտապի թիմի հետ, «Время и Стекло» խմբի անդամների, Նաստյա Կամենսկիխի հետ, նրանք կիսվում էին իրենց պրոֆեսիոնալ խորհուրդներով: Ինձ մնում է միայն այդ ամենը կիրառել իմ հետագա գործունեության ընթացքում: Ուզում եմ այդ պրոֆեսիոնալիզմը տեսնել նաեւ Հայաստանում. անպայման կիրառելու եմ նորությունների այն պաշարը, որ կուտակել եմ այնտեղ: Եվ գիտեք, ամենաշատը տխրել էի ոչ թե նրա համար, որ առաջին հորիզոնականը չզբաղեցրի, այլ որ ավարտվեց նախագիծը, իսկ ես դեռ էլի նորություններ էի ուզում սովորել (ժպտում է,- հեղ.)»:
Երկրպագուները դիմավորել են Սրբուհի Սարգսյանին
Ինչ վերաբերում է Սրբուհու վերջին ելույթին, որի ժամանակ մեծ էկրանին երեւաց Ադրբեջանի դրոշը, այնուհետեւ պատկերվեց #human հեշթեգը` նույնպես ադրբեջանական դրոշի գույներով, երգչուհին ասաց՝ չգիտի, թե դա ինչպես է ստացվել.«Ես չեմ ուզում չարանալ նախագծի կազմակերպիչների նկատմամբ, քանի որ երկար ժամանակ աշխատել ենք միասին, եւ հավատում եմ, որ նրանք ընդունակ չէին դա դիտմամբ անելու: Թե՛ ես, եւ թե՛ Պոտապն ընդհանրապես տեղյակ չէինք, որ նման բան է լինելու, քանի որ նախապես դիտել էինք լեդերը: Կազմակերպիչներն ասում են, որ դա պատահական է եղել, բայց ես չգիտեմ, թե դա որքանով կարող էր պատահական լինել: Ամեն դեպքում նրանք ներողություն խնդրեցին ինձնից եւ մեր ազգից, եւ ես հավատացի նրանց անկեղծ խոսքին: Ամեն դեպքում ես նրանց կողմից ոչ մի վատ բան չեմ տեսել նախագծի ողջ ընթացքում եւ չեմ ուզում որեւէ վատ բան մտածել»:
Նա նկատեց, որ այդ ամենը կարելի է դիտարկել նաեւ դրական տեսանկյունից, եթե հաշվի առնենք որպես «սեւ փիար»: Սրբուհին պատմեց, որ իր այդ ելույթին հաջորդած օրերին բազմաթիվ նամակներ է ստացել հենց ադրբեջանցիներից, ովքեր դրական են արձագանքել տեղի ունեցածին.«Նրանք շնորհակալություն էին հայտնում խաղաղության կոչեր անելու համար: Ճիշտ է` ինձ եւ իմ ազգի համար վիրավորական էր ու անսպասելի այդ ամենը, բայց փաստորեն իր լավ կողմն էլ ուներ: Գիտեք, երբ տեսանյութն ինձ ցույց տվեցին, չէի հավատում տեղի ունեցածին, ասում էի`սա իրենց դրոշը չէ, հնարավոր չէ: Մտածում էի`բա հիմա ի՞նչ է լինելու: Կարեւորն այն է, որ տեսանյութն արդեն մոնտաժվել է, եւ ամեն ինչ կարգավորվել է»:
Հարազատներն ու երկրպագուները դիմավորել են Սրբուհի Սարգսյանին
Թե ինչու որոշեց հենց նման համարով ներկայանալ, խոսել մարդու ազատությունից եւ իրավունքներից, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, Սրբուհին ասաց` գիտակցում էր, որ ռիսկը մեծ է, եւ ուկրաինացիները կարող էին չքվեարկել, բայց ցանկանում էր անպայման խոսել իր երկրի մասին.«Երբ այնտեղ դիտում էի երեւանյան իրադարձությունների կադրերը, ուզում էի՝ մի բան էլ ես անեի, օգտագործեի հնարավորությունն ու աշխարհին պատմեի մեր մասին: Այսինքն՝ երգի ընտրությունն ու ելույթի միտքն իմն է եղել: Ինքս ցանկացա պատմել, թե ինչ է կատարվում մեր երկրում, խոսել խաղաղության մասին, որ մարդիկ իրար չսպանեն ու չոչնչացնեն: Ես գնացի այդ ռիսկին՝ գիտակցելով, որ գուցե իմ օգտին շատ չքվեարկեն: Իհարկե, ես առաջին հորիզոնականը չզբաղեցրի, բայց դրանից չեմ հուսահատվում, չեմ մտահոգվում: Դեռ շատ մրցույթներ կլինեն, որոնց կմասնակցեմ ու ավելի բարձր հորիզոնականների կձգտեմ, բայց կարեւորը` մարդկային արժեքներն ու գաղափարներն են»:
Երգչուհու խոսքով՝ նախագծին մասնակցելու ընթացքում եւ ավարտին բազմաթիվ առաջարկներ է ստացել` տարբեր համերգների ու ծրագրերի մասնակցելու: Ասաց՝ այնտեղ արդեն իր լսարանն ունի, հետեւաբար, կապը չի կտրելու Ուկրաինայի հետ. «Այնտեղ շատ մարդիկ կան, որոնք ուզում են՝ ես ելույթ ունենամ, շարունակեմ երգել իրենց մոտ: Նույնիսկ մարդիկ են եղել, որ առաջարկել են ինձ համար համերգներ կազմակերպել: Դա ինձ համար արդեն մեծ հաղթանակ է, որովհետեւ մասնակիցներից շատ քչերին է հաջողվում նման արդյունքներ ունենալ, եւ ես դրա համար շատ ուրախ եմ»:
Հարազատներն ու երկրպագուները դիմավորել են Սրբուհի Սարգսյանին
Երգչուհին վստահ է, որ կապը չի կտրվելու նաեւ Պոտապի հետ, եւ իրենք դեռ կշարունակեն շփվել ու աշխատել միասին.«Նա ինձ ասաց, որ պատրաստակամ է օգնել ցանկացած հարցում, երբ ես խորհրդի կարիք կունենամ, ասաց, որ կօգնի՝ ճիշտ քայլեր անեմ իմ կարիերայում, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Նախագծի կազմակերպիչները վստահեցնում էին, որ Պոտապն ինձ հետ լրիվ այլ կերպ է աշխատել, ինձ ուրիշ ձեւ է վերաբերվել՝ հարազատի նման: Դա ինձ համար ամենամեծ գնահատականն է ու անչափ հաճելի է: Ես հենց կույր լսումների ժամանակ զգացի, որ նա շատ ուժեղ ու բարի մարդ է, դրա համար էլ ընտրեցի: Նա իմ կյանքում հանդիպած ամենալավ ու ամենավառ կերպարներից է, ու պետք է ամեն ինչ անեմ, որ իմ կողքին լինի որպես ընկեր եւ որպես խորհրդատու»,- եզրափակեց նա:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: