×


«Հորտուս Մուզիկուս» անսամբլի համերգը Զվարթնոցում

«Եվրոպային պետք է Հայաստանի մշակութային ներդրումը». «Հորտուս Մուզիկուս» անսամբլի համերգը Զվարթնոցում

Եվրոպական միության նախաձեռնած «2018 թվականը՝ մշակութային ժառանգության եվրոպական տարի» միջոցառումների մեկնարկը տրված է: Հատկանշական է, որ նախաձեռնության սկիզբն ազդարարվեց Հայաստանում՝ աշխարհահռչակ «Հորտուս Մուզիկուս» անսամբլի մենահամերգով: Զվարթնոցի տաճարում էին հավաքվել հայ եւ արտասահմանցի բազմաթիվ երաժշտասերներ՝ վայելելու էստոնական հայտնի նվագախմբի կատարումները: Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: Վերջիններիս ճեպազրույցով էլ սկսվեց համերգային երեկոն:

Ստեփան Ռոստոմյանը, Լիլիթ Մակունցը եւ Պյոտր Սվիտալսկին


Նշենք, որ 2018 թվականը հայտարարվել է Եվրոպական մշակութային ժառանգության տարի, որի ընթացքում Եվրոպական միությունը նշում է իր մշակութային ժառանգության բազմազանությունը Եվրոպայում: Նախաձեռնության նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության բացահայտումը եւ ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մաս կազմելու զգացումը: Տարվա կարգախոսն է՝ «Մեր ժառանգությունը, որտեղ անցյալն ու ներկան խաչվում են»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ստեփան Ռոստոմյանին՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը եվրոպական մշակութային քարտեզին տեսանելի դարձնելու համար.«Այս միջոցառումը խորհրդանշում է Հայաստանի լուրջ եւ կարեւոր ներդրումը եվրոպական մշակույթում: Լավատեսությամբ հայացքներս հառում ենք առ ապագա եւ ուզում ենք այս կապերն է՛լ ավելի սերտացնել: Եվրոպային ավելի շատ է պետք Հայաստանի մշակութային ներդրումը, Հայաստանի բարձր մտածողության եւ փիլիսոփայական խորության արտահայտությունը»,- ընդգծեց դեսպանը:

«Հորտուս Մուզիկուս» անսամբլի համերգը Զվարթնոցում


«Երեւանյան հեռանկարներ»-ի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանն էլ նշեց, որ արդեն տասը տարի է՝ իրենց փառատոնը Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ է եւ հասցրել է ընդգրկվել լավագույն հնգյակում ողջ Եվրոպայի մասշտաբով: Նա նաեւ նկատեց՝ մեր երկրի համար մեծ ձեռքբերում է, որ Մշակութային ժառանգության եվրոպական տարվա մեկնարկը տրվեց այստեղ.«21-րդ դարը Հայաստանի դարաշրջանն է, եւ մենք մեծ ասելիք ունենք աշխարհին մշակույթի ոլորտում: Փառատոնն իր բարձունքում է, եւ ես ուրախ եմ, որ մեզ հաջողվում է այդ նիշը պահել: Ուրախ եմ նաեւ, որ ունենք այսպիսի բանիմաց նախարար, ում հետ կարող ենք թռիչքներ անել»:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց պարոն Ռոստոմյանին՝ միջոցառումը նախաձեռնելու եւ այն բարձր մակարդակով անցկացնելու համար.«Ես համաձայն եմ պարոն Սվիտալսկու հետ, որ Հայաստանը եւ հայ մշակութային ժառանգությունն իրենց դերն ունեն եվրոպական մշակույթում եւ շարունակելու են ունենալ: Մենք պետք է կարողանանք փոխանակվել այն մշակութային ծրագրերով, որոնք մեզ առաջարկվում են»,- հավելեց նախարարը:

«Հորտուս Մուզիկուս» անսամբլի համերգը Զվարթնոցում


«Հորտուս Մուզիկուս» անսամբլի համերգային երեկոն վարում էր Նազենի Հովհաննիսյանը: Մոտ երկու ժամ տեւած համերգի ընթացքում հնչեցին խմբի հին ու նոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ եղան կատարումներ հայ պատանի երաժիշտների մասնակցությամբ: Զվարթնոցի տաճարն էլ իր ողջ շքեղությամբ ամբողջացնում էր այն մթնոլորտը, որ ստեղծել էին էստոնացի երաժիշտները: Նշենք, որ նվագախումբը հիմնադրվել է 1972 թվականին եւ շուրջ 45 տարի ուսումնասիրել ու հանրությանն է ներկայացրել 8-ից 21-րդ դարերի եվրոպական երաժշտությունը: Խումբն իր ոճի մեջ ամենահինն է Արեւելյան Եվրոպայում եւ ներկայումս գործող եզակի համույթներից է: Իրենց հայաստանյան ելույթը նրանք ավարտեցին կրկին այստեղ վերադառնալու ակնկալիքով:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին