Արդեն տասը տարի է` «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին` իրականացնելով առողջապահական, կրթական, մշակութային և սոցիալական տարբեր ծրագրեր: Հիմնադրվելով 2008 թվականի հուլիսին` կազմակերպությունն ի սկզբանե նպատակ է ունեցել մատչելի միջավայր ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Օրերս էլ «ԷԽՈ»-ի թիմն ու նրանց աջակիցները հավաքվել էին երևանյան ակումբներից մեկում` նշելու իրենց գործունեության 10-ամյակը:
«Հավերժող արձագանք» խորագրով միջոցառմանը ներկա էին այն անհատներն ու կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր այս տարիների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել ՀԿ-ի բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում: Հոբելյանական երեկոյին ներկա էին նաև այն արտիստները, որոնք մշտապես ելույթ են ունեցել կազմակերպության բարեգործական համերգների ժամանակ: Իհարկե, նրանք այս անգամ էլ չհեռացան առանց երաժշտական կատարումների, որի շնորհիվ երեկոն աչքի ընկավ նաև համերգային ծրագրով: Ելույթ ունեցան Մաշա Մնջոյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գրիգոր Միրզոյանը և այլք, իսկ միջոցառումը վարում էին Լուսինե Բադալյանը և Ժակը:
Ժակը եւ Լուսինե Բադալյանը
Համերգային երեկոյի սկզբում մեծ էկրանին ցուցադրվեց մի տեսանյութ, որը տասը րոպեում ամփոփում էր «ԷԽՈ» կազմակերպության տասը տարվա գործունեությունը:
Վերջինիս նախագահ Սերյոժա Օհանջանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նկատեց, որ հնարավոր չէր իրականացված բոլոր ծրագրերն ամբողջապես ներկայացնել մեկ հոլովակում, բայց այն հնարավորություն է տալիս մասամբ պատկերացում կազմել արված գործերի մասին. «Այս տասը տարիներն իսկապես փորձառության տարիներ են եղել մեզ համար: Երբ ամփոփում էինք մեր գործունեությունը, հասկացանք, որ շատ նպատակների ենք հասել, որոնք, իհարկե, հնարավոր չեղավ մեկ տեսանյութում ներկայացնել: Շուտով կբացվի նաև հաշմանադմություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնը, որը, ցավոք, փոքր-ինչ հետաձգվեց տեխնիկական խնդիրներով պայմանավորված»,- ասաց նա:
«Հավերժող արձագանք» խորագրով միջոցառմանը
Նշենք, որ վերջերս կազմակերպությունը գործարկեց նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի 8580 թեժ գիծ» նախագիծը, որի նպատակն է դառնալ հաշմանդամության հետ կապված խնդիրների կարգավորմամբ զբաղվող առաջատար ծրագրերից մեկը: Այն զբաղվելու է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հարցերով` որևէ շահույթ չհետապնդելով: Սերյոժայի խոսքով՝ այն արդեն բավական արդյունքներ տվել է մշտադիտարկման շնորհիվ: Առաջիկայում էլ շարունակվելու են ծրագրի զարգացման աշխատանքները, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղեկանան այդ մասին:
Կազմակերպության օրակարգում են բազմաթիվ այլ ծրագրեր ևս, որոնցից շատերն այժմ քննարկվում են նաև ՀՀ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Կազմակերպության հիմնադիրների խոսքով՝ իրենք շարունակելու են աջակցել հաշմանդամության խնդիրների լուծմանը, ինչպես նաև մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանությանը: Եթե դուք էլ ցանկանում եք նվիրատվություն կատարել և աջակցել «ԷԽՈ»-ի տարբեր ծրագրերի իրագործմանը, ապա կարող եք այցելել https://ekho.am/ պաշտոնական կայքէջ և ծանոթանալ մանրամասներին:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: