×


«Էլենից բաժանվելու խնդիր ունեմ». Իննա Խոջամիրյան

Իննա Խոջամիրյանն աշխատանքային բուռն շրջանում է: «Էլենի օրագիրը» սերիալի ավարտից հետո դերասանուհին նոր կերպար կմարմնավորի Շանթի «Երկուսով» հեռուստանովելում, ինչի մասին պատմել ենք: Նոր սերիալից բացի, սեպտեմբերին Իննան կխաղա Գյումրու դրամատիկական թատրոնի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ: Թե ինչու է հրաժարվել ամառային արձակուրդից, ինչպես է կարողանում համատեղել աշխատանքները, Իննան պատմել է BRAVO.am-ի հետ նոր զրույցում:

Արձակուրդի փոխարեն

Այս տարի արձակուրդ, որպես այդպիսին, չունեցա եւ մինչեւ Ամանոր չեմ էլ ունենա։ Իմ ընտրությունն է: Այս տարվա «հանգիստս» Գյումրիում ներկայացման պրեմիերայի օրերը կլինեն. ամառային արձակուրդի փոխարեն այդ օրերին եմ հանգիստ խնդրել, որպեսզի սերիալային զբաղվածությունն ու թատրոնը չբախվեն։


«Ընտանիքիս անդամներն անհանգստանում են»

Վերջին շրջանում շաբաթը 7 օր եմ աշխատում՝ նկարահանումները, իսկ շաբաթ-կիրակիները բեմական փորձերի եմ։ Սիրել եմ Գյումրին, ջրի ճամփա եմ դարձրել, չեմ բողոքում, գոհ եմ: Տանը հազվադեպ եմ լինում, ընտանիքիս անդամները, եթե ցերեկն ինձ տանն են տեսնում, անկեղծորեն անհանգստանում են, թե ինչ խնդիր կա, որ զբաղված չեմ:):

«Միամիտ, նվիրվող աղջիկ է»

«Երկուսով» սերիալում իմ կերպարի՝ Մանեի մասին դեռեւս շատ բան չեմ կարող ասել, սյուժետային այրում կստացվի։ Միամիտ, բացսիրտ, նվիրվող աղջիկ է, ում համար կյանքն իր բաժին անակնկալներն ունի նախատեսած՝ մեկը մյուսից ավելի անսպասելի եւ դրամատիկական։ Խոր դրամա կրող կերպար է, մեծ հույս ունեմ՝ պատվով դուրս կգամ։


«Վստահում եմ Բենին»

Բենի հետ, որպես սիրային խաղընկեր, դեռեւս մի քանի օր ենք աշխատել: Աշխատանքային ալյանսը շատ հեշտ ենք ձեւավորել։ Հուսամ՝ ամեն բան կշարունակի առողջ եւ ամուր հողի վրա մնալ։ Համենայն դեպս, որպես խաղընկեր՝ վստահում եմ Բենին, հուսամ՝ փոխադարձ է։

«Ջանք չեմ խնայում»

Էլենից բաժանվելու խնդիր ունեմ, չեմ ժխտում։ Երկու տարի անընդմեջ բառացիորեն ամեն օր մի աղջկա մարմնավորելուց հետո դեռ կարծում եմ՝ որոշ ժամանակ կպահանջվի նրան բաց թողնելու համար։ Հանգամանքների բերումով դադար չունեցա եւ կրկին հերոսուհու եմ մարմնավորում, ինչը գործս բարդացնում է։ Ջանք չեմ խնայում Էլենին ու Մանեին զատել իրարից։


Լավ արդյունքի համար

Ժամանակին մտածում էի՝ լավ, ինչպես կարելի է գալիք 3-4 ամսվա գծած օրակարգով ու գրաֆիկով ապրել, մենք գալիք շաբաթվա անելիքներն ու աշխատանքն ենք դժվարանում հստակեցնել... Ասել է թե գլուխս եկավ. մինչեւ 2020-ի հունվարի վերջ գրաֆիկս խիստ դասավորված է։ Թատրոնն ու սերիալը համատեղելու ողջ պատասխանատվությունը գիտակցում եմ, օր օրի էլ ավելի շատ, բայց առիթը բաց չեմ թողնի նշել, որ երկու կառույցների ղեկավարությունները չափազանց հանդուրժողաբար են մոտենում հարցին։ Երկու կողմն էլ ընդառաջում են ինձ եւ փոխզիջում միմյանց:): Արանքում եղած իմ վազվզոցը մայրաքաղաքից հայրաքաղաք չնչին բան է: Արդյունքը լավ լինի:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իննայի անձնական արխիվից եւ «Շանթ»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW