×


Սենիկ Բարսեղյանը

«Իմ առաջինը չէ, բայց ամենասիրելիներից մեկն է». Սենիկ Բարսեղյան

Երեւանի կամերային թատրոնի դերասան, երգիչ Սենիկ Բարսեղյանը հետաքրքիր նորություններ ունի, որոնցով կիսվել է մեզ հետ: Նա BRAVO.am-ին է տրամադրել իր յուրօրինակ ֆոտոշարքը, ինչպես նաեւ նոր տեսահոլովակը՝ նկարահանված Էտտա Ջեյմսի «I’d Rather Go Blind» երգի քավերի հիման վրա: Թե ինչ խորհուրդ ունեն այն կերպարները, որոնցով հանդես է եկել ֆոտոշարքում, եւ թե ինչու է որոշել հայտնի ստեղծագործությունը կատարել, պարզել ենք նրա հետ զրույցում:

Պարային լուծումներով տեսահոլովակի ռեժիսորը Գեղամ Թադեւոսյանն է, ում նախաձեռնությամբ ներկայացվել է սիրային փոքրիկ պատմություն՝ հենց Սենիկ Բարսեղյանի դերակատարմամբ: Գլխավոր հերոսուհու կերպարում հանդես է եկել պարուհի Դիանա Հայրապետյանը:



«Այն, ինչ արել ենք, մեզ շատ ոգեւորել է: Անդրադարձել ենք կնոջ եւ տղամարդու փոխհարաբերություններին: Կարծում եմ՝ գեղեցիկ է ստացվել: Իհարկե, սա իմ առաջին հոլովակը չէ: Շատերը, հավանաբար, կհիշեն իմ եւ Գայա Արզումանյանի «Ղարաբաղի նախշուն բաջի» երգի հոլովակը: Իմ երաժշտական գործունեությունը սկսել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո, երբ տեւական ժամանակ մեր բենդով էինք հանդես գալիս ես եւ Անի Լուպեն»,- պատմեց դերասանը:

Հետաքրքրվեցինք, թե ինչու որոշեց հենց Էտտա Ջեյմսի երգի քավերով ներկայանալ: Սենիկն ասաց՝ շատ տարբերակներ կային, բայց ընտրեց այն ոճը, որն իրեն առավել հոգեհարազատ է.«Ջազ, բլյուզ, սոուլ ժանրերում ստեղծագործելը մեծ բավականություն է ինձ համար: Իմ աշխատանքի ժամանակ էլ այդպիսի գործեր եմ կատարում: Ճիշտն ասած՝ սկզբում ուզում էի իմ հեղինակային երգով հանդես գալ, քանի որ մեկն ունեմ, որ դեռ թողարկված չէ, եւ որոշ ժամանակ անց այն նույնպես կներկայացնեմ»:

Սենիկ Բարսեղյանը


Ինչ վերաբերում է ֆոտոշարքին, ապա այն եւս առաջինը չէ Սենիկ Բարսեղյանի համար: Կամերային թատրոնում գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել տարբեր առիթներով հետաքրքիր թեմատիկ ֆոտոշարքեր ներկայացնել հանդիսատեսին: Սակայն այս անգամ լուսանկարները հեղինակել են «1+1 Photography» ստուդիայի հիմնադիրներ Անի Արզումանյանը եւ Արեն Կարապետյանը:

«Գաղափարը նրանք ինձ առաջարկեցին, եւ սիրով համաձայնեցի: Անկեղծ ասած՝ ամեն ինչ բավական հեշտ ու հանգիստ ստացվեց, որովհետեւ ստեղծագործել ենք սկզբից մինչեւ վերջին վայրկյանը: Շատ էի ցանկանում մի այնպիսի ֆոտոշարք ունենալ, որտեղ կարտացոլվեր իմ ներաշխարհը: Ընդհանուր առմամբ շեշտը դրված է գունային համադրության վրա, որը, կարծում եմ, շատ հետաքրքիր ու յուրօրինակ է ստացվել: Իրականում Անին շատ վառ երեւակայություն ունի եւ ինձ շատ է օգնել, Արենն էլ հրաշալի լուսանկարիչ է, ում հետ հաճույքով եմ աշխատել: Այնպես որ, սա իմ առաջին ֆոտոշարքը չէ, բայց ամենասիրելիներից մեկն է»,-եզրափակեց դերասանը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ 1+1 Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին