Հայազգի մեծանուն օպերային երգչուհի Լիանա Հարությունյանի հայաստանյան համերգին երաժշտասերները երկար էին սպասել: Ի վերջո, «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ կայացավ նրա առաջին մեծ մենահամերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ: Հենց վարչապետի հովանու ներքո էլ այս տարի անցկացվում է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը:
Մինչ համերգի սկսվելը լրագրողների հետ զրույցում երգչուհին անկեղծացավ, որ ինքն էլ շատ երկար է սպասել համերգային այդ օրվան, քանի որ հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, որոնց ցանկից պակասում է գլխավորը` Հայաստանը.
Լիանա Հարությունյանի հայաստանյան համերգին
«Ինձ համար անչափ հուզիչ է վերադառնալ հայրենիք եւ հանդես գալ իմ սիրելի ժողովրդի առջեւ, բացել իմ սիրտն ու հոգին, իմ արվեստը: Կարծում եմ՝ հիմա շատ ճիշտ ժամանակն է հայ հանդիսատեսի հետ կիսվել այն ամենով, ինչին հասել եմ այս տարիների ընթացքում: Շատ վաղուց էի ցանկանում գալ, բայց չէր ստացվում, ծրագիրն էլ երեք-չորս տարի առաջ արդեն լրիվ գրված էր: Ես Հայաստանից հեռացել եմ շատ երիտասարդ` ուսանող հասակում, եւ հիմա անչափ հուզիչ է, որ վերադարձել եմ որպես արդեն կայացած երգչուհի: Իհարկե, աճելու տեղ միշտ էլ կա, բայց ինձ համար անչափ կարեւոր է այս համերգը»,- ասաց նա:
Ի դեպ, պարզվեց` Լիանան մոտ 8 ներկայացում է չեղարկել Փարիզի Բաստիլ օպերայում եւ մի քանի համերգներ էլ` Իսպանիայի խոշոր փառատոններում, որպեսզի կարողանա Հայաստանում մենահամերգ ունենալ: Նա այս մասին համեստորեն լռում էր, բայց մեզ այդ մասին տեղեկացրին համերգի կազմակերպիչները: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ երգչուհու հետ վաղուց էին ծրագրել երեւանյան համերգը, բայց ամեն անգամ այն հետաձգվել է ժամանակի սղության պատճառով.
Լիանա Հարությունյանի հայաստանյան համերգին
«Լիանան այսօր առաջին անգամ է այստեղ հանդես գալու մեծ համերգով, բայց ես շտապեմ ասել, որ արդեն նոր ծրագրեր ունենք շատ մոտ ապագայի հետ կապված: Այսօրվա համերգային ծրագիրն էլ մենք միասին ենք ընտրել, Լիանայի երգացանկից հրաշալի արիաներ ու նախերգանքներ են հնչելու: Ճիշտն ասած, երբ առաջին օրը տեսա, թե որքան երգ պիտի կատարի մեկ համերգի ընթացքում, շատ զարմացա, բայց հենց դրա համար էլ նա մեծ երգչուհի է: Ես այս տարիների ընթացքում միշտ հետեւել եմ Լիանայի հաջողություններին, որոնց մասին նա չի բարձրաձայնում ու գովազդում, բայց վստահաբար նա իր սերնդի լավագույն սոպրանոներից մեկն է»,- ընդգծեց երաժիշտը:
Նշենք, որ օժտված լինելով ձայնային հզոր կարողություններով՝ Լիանա Հարությունյանը հանդես է գալիս հսկայածավալ օպերային երգացանկով՝ հրաշալի կատարելով Վերդի եւ Պուչինի, ինչպես նաեւ ֆրանսիական, ռուսական եւ կամերային երաժշտություն: Երեկվա համերգային ծրագրի առաջին հատվածում էլ հնչեցին Ջուզեպպե Վերդիի հայտնի ստեղծագործությունները, իսկ երկրորդ հատվածում` Պիետրո Մասկանի, Ջոակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա եւ Ջակոմո Պուչինի: Ավելի քան երկու ժամ տեւած համերգի ընթացքում չդադարեցին ծափահարություններն ու բրավոները, որոնք նույնիսկ երգչուհուն ստիպեցին հուզվել: Բայց հարկավոր էր զսպել արցունքները` վերջին կատարումը ներկայացնելու համար: Իսկ վերջին երգը եղավ Կոմիտասի «Կռունկը», որը հուզեց բոլոր ներկաներին:
Լիանա Հարությունյանի հայաստանյան համերգին
«Սիրելի ժողովուրդ, ես այնքան հուզված եմ, բոլորիդ շատ շնորհակալ եմ: Ինձ համար շատ կարեւոր էր վերադառնալ Հայաստան եւ զգալ ձեր սերը: Սիրում եմ ձեզ անչափ»,- իր ելույթի ավարտին ասաց երգչուհին: Դասական երաժշտության սիրահարներին մնում է հուսալ միայն, որ Լիանայի հետ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա, հատկապես որ նոր ծրագրեր կան նախագծված...
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: