×


«Կոնտեքստից դուրս». Արամ Ավետիս

BRAVO.am-ը ժամանակակից գրողների հետ սկսել է «Կոնտեքստից դուրս» շարքը, որի ընթացքում հեղինակների հետ քննարկում ենք գրքի կոնտեքստից դուրս, առանձին հատվածներ։ Այս անգամ զրուցել ենք «Կույր կետադրություն» եւ «Ճարտարապետական մուտացիա» գրքերի հեղինակի՝ կինոգետ, գրքի խորհրդատու Արամ Ավետիսի հետ։

«Երբեմն գրողին հասկանալու համար բավական է լինել այն քաղաքում, որտեղ նա ապրել է, իսկ այս քաղաքը երբեք ձեզ չի հիշեցնի իմ մասին։ Գրականությունը, որը ես ստեղծում եմ, կապված չէ այս տեղանքին։ Այս գրականությունը անհայրենիք է»։

    - Հատվածը առաջին գրքից է, իսկ երկրորդ գրքում՝ «Ճարտարապետական մուտացիա»-ում, ամբողջ պատումը հենց քաղաքի հետ է կապված։ Մտափոխվե՞լ եք։

- Չէ: Այդ քաղաքը չի հիշեցնի իրենց իմ մասին, ու այն ոչ մեկի մասին չի խոսում, որովհետեւ դուք կարդում եք այդ գրքի քաղաքի մասին։ Ընթերցողների իննսուն տոկոսն ասում է՝ Երեւանն այսպես չենք պատկերացրել, այսինքն՝ այդ քաղաքը, փաստորեն, իրենց քաղաքը չի, այն, ինչ ես եմ տեսնում, իրենցից հեռու է։ Ինչ-որ առումով գրքով ցույց եմ տալիս, որ այդ քաղաքի մասին ընթերցողը ոչ մի բան չգիտի։ Ուղղակի, մարդիկ կան, որ սիրում են ինքնաբավարարմամբ զբաղվել բառիս բուն եւ հոգեւոր իմաստով, դրա համար իրենք իրենց խաբում են, որ մեր քաղաքը վարդագույն է, բայց ավելի շատ մաղձոտ քաղաք է։ Քաղաքը ոչինչ չգիտի գրականության մասին, հիմա ո՞ւմ է հետաքրքիր գրականությունը։ Կարելի է հեռուստացույց, ռադիո միացնել ու տեսնել, որ քաղաքը կապ չունի գրականության հետ, ու առավել եւս ինձ հետ, ու մեր այդ չկապի մասին եմ գրել։ Այն, ինչ առաջին գրքում գրել եմ, համապատասխանում է, ուղղակի, այստեղ ամբողջն այդ թեմային է նվիրված։

Արամ Ավետիսը



«Հիմա ընթերցող երեւալն ավելի կարեւոր է, քան ընթերցող լինելը»։


 -Իսկ հիմա գրող երեւալն ավելի կարեւո՞ր է, քան լինելը։

- Եթե մեր գրականությանը նայեք, ապա հիմա այդ բանաձեւը լավ աշխատում է։ Ես Թատերական ինստիտուտն եմ ավարտել, ու մեզ մոտ շատ մարդիկ բեմից ներքեւ ավելի շատ դերասան էին, քան՝ բեմի վրա։ Այսինքն՝ բեմի վրա անտաղանդ էին, բեմից դուրս էլ ամբողջ կյանքում դերասան էին խաղում։ Օրինակ՝ ես այն եմ, ինչ իմ գրականության մեջ կա. երբեք ձեւական բաներ չեմ ասել, որ դուր գամ դիմացինին։ Առաջին հերթին դու քո հանդեպ պիտի ազնիվ լինես: Եթե դու քո հանդեպ ազնիվ չես, ապա ինչպե՞ս կարող ես գրականության մեջ ընթերցողի հետ ազնիվ լինել։ Մեր ժամանակակից գրողներից ոչ բոլորը, բայց մեծ մասը վատ դերասաններ են, որոնք գրող են խաղում։ Ի դեպ, մարդիկ կան, որ կարող են իմ մասին էլ այդպես մտածել. ես Աստծու պես իրենց ազատ ընտրության հնարավորություն եմ տալիս։

«Բառերն այնքան դժվար են տրվում, որ նրանց իմաստը հասկանալուց հետո գերադասում ես լռել։ Լռությունը բառի երազն է։ Իմ բերանում բառերը դառնում են լռություն, եւ ես երազների լեզվով եմ խոսում»։

    - Գրախոսության մեջ «Կույր կետադրությունը» նմանեցնում են Ալեն Ռենեի «Անցած ամառ Մարիենբադում» ֆիլմին, ու այնտեղ թեեւ ամեն անգամ նոր մանրամասներ են հայտնվում, միեւնույն է՝ տրամաբանության միջոցով հնարավոր չէ հասկանալ, թե, ի վերջո, ինչ է կատարվել։ Դուք համամի՞տ եք, որ Ձեր գրականությունը նման է այս ֆիլմին։

- Ինձ թվում է՝ իմ գրականությունը նման է բոլոր լավ ֆիլմերին, քանի որ մասնագիտությամբ կինոգետ եմ։ Շատ ֆիլմեր եմ նայել, եւ մեծ ռեժիսորներ կան, որ ինձ վրա ազդեցություն են ունեցել, կարող է ենթագիտակցորեն այդ ռեժիսորների ոճը կամ ֆիլմի մթնոլորտն ազդել է։ Ալեն Ռենեն այդ ռեժիսորներից է, հատկապես այդ ֆիլմը շատ եմ սիրում։ Ասում են, որ իմ ստեղծագործությունները շատ կինոմատոգրաֆիստական են, բայց դե, մեկը երաժշտություն է սիրում, ասում է՝ երաժշտական է, մյուսը քանդակ է սիրում, ասում է՝ քանդակ է։ Արվեստագետը բաց մարդ է, կարող է գրող լինել, բայց ոգեշնչվել կինոմատոգրաֆիայից։ Հետո չմոռանանք, որ շատ ռեժիսորներ էլ գրողներ են եղել, գրառումներ ունեն, օրինակ՝ Ալեխանդրո Խոդորովսկին, Փարաջանովը, Տարկովսկին, Ֆելինին ու Բերգմանը։

«Բառի մեջ պետք է տեսնել բառը, այլ ոչ՝ սրտիդ թելադրանքը։ Բառի վրա չպետք է փաթաթել անձնական զգացմունքների եւ զգացողությունների թելը, քանզի այն կախվում է այդ թելից եւ իր հետ մտքի մահ բերում»։

    - Դրա համար ինչ-որ առումով ուրիշի գրածը մեկնաբանելն անհեթեթ գործ է։ Իսկ հե՞շտ է սեփական գրածները մեկնաբանելը։

- Չգիտեմ: Չեմ մտածել այդ մասին։ Հիմա, որ կարդում եք, ինձ համար էլ է նոր հնչում, որովհետեւ վաղուց չեմ կարդացել ու հետաքրքիր է լսելը։ Ընդհանրապես վերլուծելն անշնորհակալ եւ ինչ-որ առումով անիմաստ գործ է, որովհետեւ վերջիվերջո չես հասկանա՝ գրողն ինչ է մտածել, ու պետք էլ չէ, որովհետեւ դու մտածում ես այն, ինչ կարող ես մտածել։ Այսինքն՝ եթե դու այստեղ ինչ-որ պատկեր ես տեսնում, ուրեմն՝ դա է քո ճշմարտությունը։ Երբ մեծ գրողների ես կարդում, որոնք հիմա չկան, եւ չես կարող գնալ հարցնել, թե ինչ է նկատի ունեցել, հույսդ դնում ես քո վրա։ Բայց դա, միեւնույն է, դատարկ փամփուշտ կրակելու նման է. գմփոցը լսվում է, բայց նպատակին չի հասնում։ Իսկ նպատակը դու ես ու հասկանում ես այն, ինչ հասկանում ես։ Արվեստը չպիտի ծամես, բացատրես. եթե խորն ես տեսնում, ուրեմն՝ խորն է, եթե մակերեսն ես տեսնում, ուրեմն՝ մակերեսային է, այսինքն՝ քեզնից է կախված՝ ինչ ես կարդում։ Ինչ-որ առումով համահեղինակ ես դառնում։

Արամ Ավետիսը եւ Նանե Պետրոսյանը


«Ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ կարդում, եւ երբ կլինի իմ հաջորդ հարվածը։ Ես գրավաճառ եմ, որ սրտի խորքում միշտ ծիծաղում է ձեզ վրա, մանավանդ, երբ գիրք է խորհուրդ տալիս»։

    -Իսկ երբեւէ եսասիրական մտքեր չե՞ք ունենում գիրք խորհուրդ տալիս. օրինակ՝ ասեք՝ այս մարդն արժանի չի, որ այդ գրքի մասին ընդհանրապես իմանա։

- Հակառակը, կարող է մարդ գա, որ կյանքում ոչ մի կարգին հեղինակի չի կարդացել, ու այդ հեղինակից հետո ինքը երկու տարբերակ ունի. կա՛մ կսկսի շատ կարդալ, կա՛մ ընդհանրապես կդադարի գիրք կարդալը, որովհետեւ այդ մարդը ստեղծված է, որ գիրք չկարդա, բայց ինքն իրեն արհեստական ձեւով համոզում է, որ կարդա։ Դրա համար գրքի խորհրդատու կերպարի մեջ ինչ-որ առումով գրականություն սպանողը կա։ Անզգայացման նման է. եթե գրքի խորհրդատուն շատ տա, ապա կարող է «պերեդոզ» լինի մոտդ ու գրական կոմայից չարթնանաս։ Եթե նորմալ տա, ապա այդ ստեղծագործությունը կարդալը վիրահատվելու պես կլինի. կարթնանաս ու կշարունակես նոր ձեւով նայել աշխարհին։ Բայց իմ հերոսը եսասեր չէ: Թվում է՝ այդպիսին է, բայց եթե եսասեր լիներ, ընդհանրապես գիրք, գրականություն խորհուրդ չէր տա։

«Ամեն աչքիս մեջ՝ մի միջակետ։ Այսինքն՝ հայացքս ո՛ր կողմ ուղղում եմ, վերջակետ եմ դնում»։

    -Բայց հորիզոնական վերջակետ է ստացվում։

- Դե, հա, ուրեմն, գլուխս պետք է թեքեմ, որ վերջակետ լինի։ Երբ չես տեսնում այն, ինչ կատարվում է քո հետեւում, ինքն անսահման է, հենց մարդ մի տեղ նայում է՝ սահմանափակվում է։ Գրականության մեջ էլ են, չէ՞, «իզմեր» դնում. դարակաների մեջ են ուզում դնել, իմաստը կաղապարում են ու դարձնում սահմանափակ։ Իսկ մարդը սիրում է սահմանափակումներ, օրինակ՝ Աստվածաշնչում ասվում է՝ Աստված թույլ տվեց, որ մարդ անուններ տա կենդանիներին, այսինքն՝ ամեն ինչին ձեւ տա։ Գրականությունն այն տիրույթն է, որտեղ բաներ կան, որ չես կարող մի բառով կամ նույնիսկ մի գրքով արտահայտես։ Գաղափարներ կան, որ չես կարող մտցնել ինչ-որ կաղապարի մեջ. այդ գաղափարն ավելի մեծ է, քան դու։

«Մարինետտի ֆուտուրիստն ինձ առաջարկում է կանանց դուր գալու համար լինել ուղղակի ֆուտուրիստ։ Ես անուղղակի ֆուտուրիստ եմ։ Ոմանց համար ես արդեն ուշացել եմ, բայց այնտեղ, որտեղ ես ապրում եմ, ամեն ինչ ուշացած է, նույնիսկ ապագան»։

    - Ֆիլիպո Մարինետտիի մանիֆեստում կանանց մասին միակ բանը, որ գրված է, այն է, որ արհամարհեք նրանց։

- Սա մանիֆեստից չէ: Մարինետտին մի գիրք ունի, որ կոչվում է «Ինչպես գրավել կանանց», որտեղ ասում է՝ եթե ուզում ես կանանց դուր գալ, պիտի ֆուտուրիստ լինես, ես էլ ասում եմ՝ չեմ ուզում ֆուտուրիստ լինել, որովհետեւ արդեն անուղղակի ֆուտուրիստ ծնվել եմ, դրա մասին է խոսքը։ Քանի որ ֆուտուրիստների հայրն էր, շատ էքսցենտրիկ բաներ է գրում, օրինակ՝ կանանց դուր գալու համար պետք է ճաղատ լինես, որովհետեւ ինքը ճաղատ էր: Իհարկե, հեգնում էր։ Ի դեպ, ես որպես մարդ, ով շատ է սիրում ֆուտուրիզմը, օրենքով պիտի հրաժարվեի Ձեր հարցազրույցից, որովհետեւ թանգարանում եք վարում։ Մարինետտին ասում է՝ պետք է արհամարհես թանգարանները, բայց դա դիրքավորում է, միանշանակ չի, ավելի շատ ցինիզմի բնույթ է կրում։ Ես ինչու եմ ասում, որ ուշացած ֆուտուրիստ եմ, որովհետեւ մենք շատ հետ ենք, մեզ մոտ նույնիսկ ապագան արդեն ուշացած է։

Արամ Ավետիսը


Այն գրողները, որ միշտ գրում են, թե իրենց շուրջն ինչ է կատարվում, ես իրենց համար մի հատ «իզմ» եմ մտածել՝ գուսանիզմ, այսինքն՝ հիմա, որ Դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, ասեք՝ մեր ժամանակակից գուսաններից մեկը, որովհետեւ այդ մարդը գրում է այն, ինչ տեսնում է։ Կարող են իրենց գրքերն անվանել օրինակ՝ «Բախչա Երեւան», որովհետեւ դուրս ես գալիս Երեւան, որը մի մեծ բախչա է, ու մարդիկ գիլաս են ուտում, ծիրան են հավաքում, իրար գովում են, իրար գրկում են, այսինքն՝ գուսանիզմ կա մեր գրողների մոտ, ինչը շատ վատ բան է. գրականությունը միայն այն չի, ինչ տեսնում ես, ինչը քո շուրջն է կատարվում։ Թվում է, թե 21-րդ դարում գուսանները պիտի քչանային, բայց աստիճանաբար շատանում են։

    - «Քանի՞ ժամում կվառվեն Ազգային գրադարանի բոլոր գրքերը»։

-Հրաչյա Սարիբեկյանին դուր չէր գա Ձեր այս հարցը։ Ֆուտուրիստական ագրեսիա՞ն է այրելու ցանկության պատճառը։

-Գրելիս չեմ մտածել՝ ում դուր կգա, ում չէ։ Ֆուտուրիզմն անցած բան է. ես իմ մեջ ինչ-որ տարրեր ունեմ, բայց ֆուտուրիստ չեմ, էլի։ Գրադարանը լավ տեղ է, բայց մեզ մոտ շատ քաղքենի մակարդակի է հասցրած։ Եթե երկրում այդքան շատ գրադարաններից են խոսում, դա ցույց է տալիս, որ գիրք կարդացող չկա։ Դուրս եկեք ջահելների հետ խոսեք, տեսեք՝ քանի հոգի է գիրք կարդում, ու ընդհանրապես այն, ինչ կարդում են, կարելի՞ է գիրք համարել, օրինակ՝ մի աղջիկ, որ քնելուց առաջ իր մարմնի «կրեմի» բաղադրությունն է կարդում, կարելի՞ է դա ընթերցել համարել (ժպտում է,-հեղ)։ Մարդ կա՝ Ինստագրամն է թերթում, հիմա այդ մարդն ընթերցո՞ղ է, բայց ինքը կգնա կառնի Շլինկի «Ընթերցողն» ու կրկնակի ընթերցող կդառնա. ընթերցողն ընթերցողին կկարդա։

«Այն, ինչ մենք տեսնում ենք երկու աչքով, երկինք ենք անվանում, թեեւ դա երկնքի մի փոքր մասն է, բայց քանի որ աչքերն ունեն սահման, մենք սահմանափակում ենք երկնքի գաղափարը»։

     -Կուրության գիտակցումը չի փոխում կուրության փաստը, ուրեմն էլ ո՞ւմ է պետք դա գիտակցելը։

- Մեկը կարող է՝ գիտակցում է, մյուսը չի գիտակցում։ Դա այնքան սուբյեկտիվ թեմա է, որ դիմացինին չի հետաքրքրում՝ ինչ ես մտածում, եթե դու անգամ տեսնող մարդ ես, նայում ես երկնքին ու տեսնում ես այնքան, ինչքան քո աչքերը հնարավորություն ունեն տեսնելու։ Մարդն իրականում անհույս է. ինչ էլ անում է, միշտ մի սահման կա, որից չի կարողանում դուրս գալ: Բաներ կան, որ մեր գիտակցությունից վեր են։ Այն, ինչ երկու աչքով տեսնում ես եւ անունը երկինք դնում, երկինք չի, էլի։ Մարդ ուզում է ամեն ինչին սահմանում տալ, որ իր համար ավելի հեշտ լինի ապրելը։ Բայց դրանից հե՞շտ է լինում ապրելը։ Եթե իմացար, որ երկու աչքիդ տեսածը երկինքն է, դրանից ոչ երկինքն է փոքրանում, ոչ էլ դու ես ճիշտ դուրս գալիս։ Դրա համար մարդկանցից հեռու, հատկապես՝ կարդացողներից. չկարդացողներն ավելի ազնիվ են, կարդացողների մեջ քաղքենիներն ավելի շատ են։ 

Արամ Ավետիսը


«Հետո դանդաղ ինձ է մոտենում Աստծո ձեռքը եւ ուզում ողովս կրկին ստեղծագործել։ Հանկարծ արագ փակվում են ճաղերը, եւ նրա ձեռքը կտրվում է հավետ։ Նրա ձեռքը հիմա իմ մեջ է, եւ նա այժմ կռնատ արարիչ է»։

    -Ձեռքերի հետ կապված պատկերները կրկնվում են, օրինակ՝ գրում եք՝ «Զգուշացե՛ք գրքերից, որոնք գրել են պատմությունից զուրկ ձեռքերը», կամ կտրում եք դասական պոեզիա ստեղծող Ձեր ձեռքը, կամ էլ դրանք նմանեցնում Մոնա Լիզայի ձեռքերին։ Սա ինքնաբերաբա՞ր է ստացվել։

-Չէ, ձեռքը հենց ստեղծագործելու եւ ստեղծելու խորհրդանիշն է։ Երբ ծնվում ես, ամեն ինչ ձեռքերով ես փորձել հասկանալ, ճանաչել։ Ես միշտ ուշադրություն եմ դարձնում Միքելանջելոյի «Ադամի արարումը» նկարին, նկատել ե՞ք Աստծո ձեռքը ձգած է, իսկ Ադամի ձեռքը մի տեսակ ընկած է, Ադամն ասես հավես չունի, որ իրեն ստեղծեն, ինքը չի ուզում այստեղ հայտնվի, բայց Աստված ստիպում է, ավելի իշխող դիրքում է։ Դասական պոեզիա ստեղծող ձեռքս կտրում եմ, որովհետեւ դասական ձեւով գրված գրականությունն արդեն չի աշխատում, դրա համար կտրում եմ ու ուզում եմ ինքս ինձ գտնել գրականության մեջ։ Հիմա նոր գրքի վրա եմ աշխատում, ձեռքի մոտիվը նորից կա։ Գնացել էի Ուկրաինա՝ Փարաջանովի կնոջ հետ հանդիպելու, ու այնտեղ մի կռնատ մուրացկան փող էր մուրում։ Հերոսն ասում է, որ Աստված վեց օրում ստեղծեց աշխարհը, բայց դրա համար մի ձեռքն էլ չօգտագործեց։ Խոսքը քրիստոնեական Աստծո մասին չէ, այլ այդ ուժի։ Դու քայլում ես ու նկատում, որ այնքան թերի է ամեն ինչ, բայց երեւի դա է հետաքրքիր. եթե ամեն ինչ կատարյալ լիներ, երեւի ոչ ոք չէր ուզի որեւէ բանով զբաղվել։ Չնայած, ցավոք, մեր թերիների մեջ իրենց կատարյալ զգացող լիքը մարդ կա։

«Ուրիշի կյանքը ինձ համար չունի իմաստ, որովհետեւ նույնիսկ իմում ես չեմ գտնում այդ իմաստը։ Հետագայում ես դա այնքան ակնհայտ կզգամ, որ կհրաժարվեմ բոլոր քաղաքներից եւ կդառնամ մի նոր քաղաք՝ հրաժարվողների համար»։

    -Ստացվում է, որ եթե անգամ հրաժարվում ես ինչ-որ խմբավորման մաս կազմելուց եւ ստեղծում ես քոնը, հետո դրա շուրջ անխուսափելիորեն մարդիկ են հավաքվելու եւ ստեղծվելու է նոր, բայց ինչ-որ առումով հերթական խմբավորումը։

-Հա, բայց ոչ ոք չի ասում՝ մենք կդառնանք հրաժարվողների քաղաք, ու ամեն ինչ լավ կլինի։ Գիտեք, հիմա մոլեռանդորեն քաղաք սիրողներն այնքան շատ են, որ եթե ասում ես՝ այս բանն ինձ դուր չի գալիս, շատ ագրեսիվ են ընդունում։ Ես ոչ մեկին չեմ համոզում, որ իմ գիրքը կարդան, ում հետաքրքիր է, վերցնում, կարդում է: Ես չեմ ասում՝ ես ճիշտ եմ, բայց ես այն եմ, ինչ կամ, ու պատահական չէ, որ գիրքը սկսվում է Ժիլ Դելյոզի խոսքով՝ «Ամեն քաղաքի ներսում մշտապես մի այլ քաղաք կա»։ Դա իմ քաղաքն է, եթե քեզ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես եմ քաղաքին նայում՝ կարդա, մի փորձիր վերցնես, որ տեսնես քո քաղաքը, որովհետեւ քո քաղաքը չէ։ Ու դա հրաժարվողների քաղաքը կարող է լինել, որտեղ միայն ես կարող է լինեմ, կամ ես կարող է դուրս գամ այդ քաղաքից։ Ոչ ոք չի ասում, որ այդ խմբավորումն ավելի լավն է լինելու, բայց հավատացնում եմ Ձեզ, որ այդքան մեծ խմբավորում չի լինելու։

Արամ Ավետիսը


«Ձախ աչքով ես նայում էի գրականությանը, իսկ աջով, այս քաղաքին։ Եվ դրա համար եկավ ժամանակ, որ աջ աչքս փտեց եւ նրանից որդեր դուրս եկան»։

    -Քաղաքային միջավայրը փտեցնո՞ւմ է տեսողությունը։

-Հա, իհարկե։ Դա այն քաղաքն է, որը դու ուզում ես տեսնել, թռչող աչքի քաղաքը՝ անսահման, բաց, ու դրա հետ մեկտեղ գետինը քեզ անընդհատ ներքեւ է քաշում։ Էլի սահմանների մասին է խոսքը. մի աչքով դու պիտի աշխատես, երթուղայինի մեջ խցկվես, իսկ մյուս աչքով ասում ես՝ հասնեմ տուն ու Բեքեթ կարդամ, բայց հարց է՝ այդ տրանսպորտով տուն կհասնես, որ մի հատ էլ կարդաս։ Սա աղքատությունից է գալիս. երբ մարդ աղքատ է, ժամանակ չունի մտածել գրականության մասին։

«Երբ ես գիրքը բացելուց հետո հասկանում եմ, որ այդ գիրքը գրվել է ինձ դուր գալու համար, եզրակացնում եմ, որ հեղինակը վատն է»։

    -Ինչպե՞ս եք հասկանում, որ հեղինակը ուզում է Ձեզ դուր գալ։

- Գրելու ոճից, երբ ամեն ինչ կատարյալ է, ոչ մի բան չի շարժում քո նեսում։ Օրինակ՝ երբ հագնում ես սպիտակ նասկիներ, հետամնացության նշան է, չէ՞, ես էլ նայում եմ ու ասում, որ սիրում եմ սպիտակ նասկիներ հագնել, բայց փաստորեն հետամնաց եմ։ Ժամանակակիցներին, որ կարդում եմ, ընդհանրապես կոնֆլիկտ չկա. գիրքը կարդում ես, հակասական որեւէ միտք չկա, կա իր մտորումը, բայց ո՞ւմ է հետաքրքիր քո մտորումները, բացի քեզնից ու քո ընկերներից։ Ինչո՞ւ ես պետք է ժամանակս վատնեմ մի բանի վրա, որի մեջ կոնֆլիկտ չկա. գրականության մեջ կոնֆլիկտն է հետաքրքիր, բայց մեկ էլ կարդում ես, որ ինքն այդ օրը տխուր է, ինձ ի՞նչ, հետաքրքիր չէ։ Մեր գրականությունը պիտի հասկանա, որ կոնֆլիկտը պետք է մի քիչ համաշխարհային մակարդակի լինի, ոչ թե միայն իր շրջապատի համար։ Պիտի հիշենք, որ մենք քարտեզի վրա ենք, ոչ թե քարտեզից դուրս։

«Ինձ համար այն, ինչ կոչվում է արդի գրականություն, ոչ այլ ինչ է, քան պարապ բառ։ Դատարկ գրքեր՝ ոչինչի մասին»։

    - Չկա՞ն հեղինակներ, որ Ձեզ համար հետաքրքիր կլինեն։

- Անուններ չեմ ուզում ասել։ Կան տաղանդավոր մարդիկ, ու իրենք առանց իմ ասելու էլ գիտեն, որ տաղանդավոր են։ Եթե նույնիսկ տաղանդավոր չեն, իրենք գիտեն, որ տաղանդավոր են։ Ինձ նույնիսկ թվում է՝ երբ մեր ժամանակակից գրողները քայլում են փողոցով, հոգու խորքում պատկերացնում են, որ մի օր այդ փողոցն իրենց անունով է լինելու։ Մարդիկ կան, որ դեռ գիրքը չեն գրել, բայց արդեն գիտեն, թե որտեղ են շնորհանդես անելու, «սալյուտը» որ կողմից է վառվելու ու ամբողջ երկնքում իր անունը գրվելու։ Դրա համար իրենք մեծ գրողներ են, ես իրենց ֆոնին գրող չեմ։ Բոլորը հանճարեղ գրողներ են, ես խոնարհվում եմ նրանց առջեւ։

Արամ Ավետիսը


«Ես ուզում եմ լինել ամենաչկարդացվող հեղինակը։ Ես ուզում եմ, որ ինձ չճանաչեն։ Ես հրաժարվում եմ բոլոր մրցանակներից՝ հանձնելով դրանք այն մարդկանց, որոնք ծանոթ չեն Ֆերնանդո Պեսոայի եւ Կոստանտինոս Կավաֆիսի պոեզիային, չեն կարդացել Լադիսլավ Կլիմայի վեպերից գոնե մեկը, անգիր չգիտեն Բրոթիգանից մեկ տող, իսկ երազում չեն տեսնում Սելինի բազմակետերը»։

    -Կարելի՞ է ենթադրել, որ դուք միայն «պրոֆեսիոնալ» ընթերցողի համար եք գրում։

- Ես չգիտեմ՝ ինչ բան է պրոֆեսիոնալ ընթերցողը։ Ես այս անունները գրում եմ այն հույսով, որ կարդացողների գոնե իննսուն տոկոսը կգնա եւ այդ գրողների մասին կկարդա։ Իմ ուզածն այն է, որ հասկանան՝ Երեւանով ու Հայաստանով աշխարհը չի վերջանում։ Դու կարդա գրողներին, հասկացիր, որ լիքը մարդիկ կան, որ քեզնից մեծ ու տաղանդավոր են, նրանց կարդալուց հետո նոր փորձիր գրել, եթե քո դուրը գալիս է այն, ինչ գրել ես, ուրեմն լավ է, եթե չէ, շարունակիր աշխատել քո վրա։ Գրեթե ամեն օր գիրք եմ կարդում, ինձ համար դա շատ հետաքրքիր է։ Անընդհատ աշխատում եմ, եթե նույնիսկ ընդհանրապես բան չեմ գրում։ Կարող եմ ամիսներով բան չգրել, բայց անընդհատ կարդում եմ, որովհետեւ ուզում եմ ծանոթանալ, իմանալ՝ ինչ է եղել ինձնից առաջ, որ հասկանամ՝ ուր եմ գնալու։ Եթե զբաղվում ես, պիտի պրոֆեսիոնալ զբաղվես։

Արամ Ավետիսը


- Ձեր եւ Երվանդ Վարդանյանի համատեղ հարցազրույցն էի կարդում ու Ձեր տված հարցերից մեկն ուզում եմ Ձեզ տալ՝ 20-րդ դարի ո՞ր գրողին կվառեիք, որ ուտելով այդ մոխիրը՝ զգայիք նրան Ձեր ներսում:

- Ի դեպ, դա մեր կողմից «բունտ» էր լրագրողների դեմ, ովքեր մեզնից հարցազրույց են վերցնում ու միշտ վատ հարցեր են տալիս, բոլորը չէ, իհարկե։ Օրինակ՝ ես կուզեի՝ մի «ճիվաղ» լրագրող լիներ, որ ուզեր քեզ բռնացնել, ու անընդհատ փորձեիր դուրս գալ, փախչել։ Մերոնք նյութին չեն տիրապետում, դրանից է. պիտի ժամանակ ծախսեն, հավես չունեն, ավելի լավ է արագ-արագ երկու հարց տան ու իրենք իրենցից գոհ գնան։ Դրա համար ասացի՝ մեզ լավ հարցեր չեն ուզում տան, արի մենք իրար հարցեր տանք ու փորձենք պատասխանել։ Ավելի լավ է՝ ասեմ, թե ում չէի ուզի զգալ իմ ներսում, օրինակ՝ Վարդգես Պետրոսյանին։ Հիմա, եթե աշխարհում լավագույն գրողների որեւէ համար տպագրվի, մեջները մի գրող չի լինի. ֆուտբոլիստներ կլինեն, քաղաքական գործիչներ, աստղեր, բայց գրողներ չեն լինի։ Ինչքան էլ լավ գրող լինես, քաղաքական գործիչներից լավ չի վաճառվելու քո գիրքը։

«Մենք արդեն ծանոթ ենք, քանզի միմյանց մասին գիտենք այնքան, որքան բավարար է «կույր» ծանոթությանը»։

    -Հիմա մենք պաշտոնապես «կույր» ծանոթնե՞ր ենք համարվում։

- Բոլորի հետ ես այդքան եմ ծանոթ. խոսելով, տեսնելով ոչ մի բան էլ չես իմանա։ Մեկ է՝ լիքը բան կա, որ այդ մարդու մասին չես իմանա, այսինքն՝ իրար չգիտենք, բայց իրար հետ խոսում ենք, բառեր ենք լսում, բայց մեկ է՝ իրար չենք լսում։ Ու վերջին հաշվով վերջնական չենք իմանում՝ ով ով է։

Զրուցեց Նանե Պետրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Հարցազրույցն իրականացվել է Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին