×


«Հայ մայրեր»-ի գալա ընթրիքի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը երեկ իր գործընկերներին եւ աջակիցներին հրավիրել էր բարեգործական գալա-ընթրիքի` ամփոփելու նախորդ տարվա աշխատանքներն ու ներկայացնելու առաջիկա անելիքները: Հատկանշական է, որ այս միջոցառումը, որի ժամանակ լինում են երաժշտական կատարումներ եւ աճուրդ-դրամահավաք, ավանդույթ է դարձել ՀԿ-ի համար: Եվ այդ ավանդույթի համաձայն` երեկոն վարում էր հաղորդավարուհի, «Հայ մայրեր» ՀԿ խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը: BRAVO.am-ը լուսանկարել է միջոցառման հյուրերին, զրուցել կազմակերպիչների հետ եւ հետեւել երեկոյի ընթացքին:

Նշենք, որ կազմակերպությունն իր գործունեության վեց տարիների ընթացքում աջակցել է հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների եւ նրանց ընտանիքներին՝ տրամադրելով անվճար վերականգնողական բուժում, հատուկ օրթոպեդիկ պարագաներ՝ բարելավելով երեխաների եւ մայրերի կյանքի որակը: Նազենի Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենց ամենամեծ ձեռքբերումն աջակիցներն ու ընկերներն են, որոնց օգնությամբ էլ կարողանում են իրականացնել կարեւոր նպատակները:

«Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր Նարինե Մանուկյանը (մեջտեղում)


«Այս տարիների ընթացքում մենք հասկացանք, որ մենակ չենք: Նարինե Մանուկյանը կարողացավ բոլորիս վարակել իր մարդասիրությամբ: Ես՝ ինքս, չունեմ երեխա, բայց պատկերացնում եմ, թե որքան բարդ է երեխա մեծացնելը: Ես կարողացա ներգրավվել այն բոլոր խնդիրների մեջ, որ կարող է ունենալ երեխատեր մայրը: Եվ նույնիսկ էական չէ` երեխան առողջական խնդիր ունի, թե ոչ: Այն մարդկային ներուժը, այն ընկերությունը, որ մենք ձեռք ենք բերում այս երեկոների ընթացքում եւ ամուր պահում ենք հետագայում, մեր մեծագույն ձեռքբերումն է»,- նկատեց Նազենին:

Նա նաեւ ընդգծեց, որ առաջիկայում էլ դեռ շատ անելիքներ ունեն: Նախ՝ պատրաստվում են ընդլայնել «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնը, որը հնարավորություն է տալիս համակարգային բոլոր բուժումներն իրականացնել մեկ վայրում.«Սա շատ կարեւոր խնայողություն է թե՛ գումարի, թե՛ ժամանակի, եւ թե՛ ճանապարհածախսի: Հուսով եմ՝ կգա ժամանակ, երբ մենք մարզերում կկարողանանք բացել նոր «Երազի տներ»: Վստահ եմ, որ Նարինեի նպատակներում սա կա, եւ տա՛ Աստված, որ կարողանանք իրականացնել բոլոր նպատակները»:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը


Ի դեպ, երեկոյին ներկա էր նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Հայ մայրեր»-ի հիմնադիր Նարինե Մանուկյանն իր ելույթում ասաց, որ նրա այցը հաճելի անակնկալ է իրենց համար, քանի որ ընդամենը մի քանի ժամ առաջ են տեղեկացել նրա գալու մասին.«Շատ շնորհակալ ենք, որ նա միացավ մեզ: Որոշել ենք չլարվել, որովհետեւ բոլոր այն մարդիկ, որոնք նախորդ տարիներին ներկա են եղել մեր միջոցառումներին, գիտեն, թե որքան ընտանեկան ու անկաշկանդ մթնոլորտում են անցնում այս երեկոները: Այլ կերպ, իհարկե, հնարավոր չէ, որովհետեւ հավաքվում ենք տարին մեկ անգամ` ամփոփելու մեր արած աշխատանքը, քաջալերելու եւ աջակցելու միմյանց: Ես խոստանում եմ, որ մենք երբեւէ չենք չարաշահի ձեր վստահությունը»,- ասաց Նարինեն՝ դիմելով ներկաներին:

Նա նաեւ ամփոփ տվյալներով ներկայացրեց նախորդ վեց տարիների եւ հատկապես անցած տարվա աշխատանքները: Ըստ այդմ՝ 2012-2018 թվականների ընթացքում «Հայ մայրերը» տրամադրել է 2299 կուրս վերականգնողական բուժում մանկական ուղեղային կաթված ունեցող 270-ից ավել երեխաների: Տրամադրվել է նաեւ 545 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 209 միավոր գույք (սայլակներ, քայլակներ, կանգնակներ, հեծանիվներ եւ այլն): Միայն 2018 թվականի ընթացքում 47 միավոր գույք եւ 526 կուրս վերականգնողական բուժում է տրամադրվել Երազի տան փոքրիկներին:

Սոնա Ռուբենյանը եւ Գարիկ Պապոյանը


«Ըստ իս՝ ամենակարեւոր բանը, որ մենք արել ենք, աջակցությունն է մայրերին, որովհետեւ ինչքան էլ երեխան վերականգնվի, ինչքան էլ լավ արդյունքներ ունենա, միեւնույն է՝ ամեն ինչ գրեթե անիմաստ կլինի, եթե մայրը չլինի ինքնաբավ, հոգեբանորեն կայուն: Այդպիսով, 15 մայրեր Երեւանի քաղաքապետարանի օժանդակությամբ ստացել են հոգեբանի անվճար աջակցություն, եւ ես կարող եմ ասել, որ դա իսկապես ֆանտաստիկ արդյունք էր: 19 մայր էլ ստացել է մասնագիտական աջակցություն: Միայն Սոնա Ռուբենյանի նախաձեռնած համերգի շնորհիվ 9 մայրեր ստացել են մասնագիտություն եւ այսօր արդեն աշխատում են: Եվ վերջապես՝ 11 փոքրիկներ այլեւս չեն գալու «Երազի տուն». նրանք քայլում են, կարողանում են հաղորդակցվել եւ արդեն դպրոց են գնում»,- նշեց ՀԿ-ի հիմնադիրը:

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը, Սարոն, Կարենը եւ Սեւակը, «Մոնարխ» երաժշտախումբը եւ այլք: Առաջիկայում Նարինե Մանուկյանը կներկայացնի նաեւ, թե որքան գումար է հանգանակվել ողջ երեկոյի ընթացքում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին