×


«Հեքիաթահարված» ֆիլմի նկարահանումներին

«Հեքիաթահարված». Ինչպես է Արսենը խանգարում Էմիլին նվաճել Ադրիանայի սերը

Սեպտեմբերի 7-ից Երեւանի կինոթատրոններում կցուցադրվի արկածային նոր կատակերգություն, որն իր տեսակով նորություն է հայկական ֆիլմարտադրության ոլորտում: «Հեքիաթահարված» գեղարվեստական ֆիլմի ռեժիսորն Արամիս Տատուն է` Արամ Կարապետյանը, ով ապրում եւ ստեղծագործում է արտերկրում, իսկ այստեղ հեղինակել է մի շարք գովազդային հոլովակներ ու ֆիլմեր: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նկարահանումների ընթացքի, դերասանների ընտրության եւ ֆանտաստիկ ժանրի յուրահատկությունների մասին:

«Հեքիաթահարված» ֆիլմի նկարահանումներին


Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Էմիլ Գալստյանը, Ադրիանա Գալստյանը, Արթուր Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գեորգի Հովակիմյանը, Ռուդիկ Մարտիրոսյանը, Սարգիս Վարդեւանյանը եւ այլք: Սյուժեն հետեւյալն է՝ Հրայր Անդրեասյանը (Էմիլ Գալստյան) հայտնաբերում է, որ իր պատմած հեքիաթներն իրականանում են։ Նա գործի է դնում իր հարուստ երեւակայությունը եւ ամեն անգամ հորինում մի նոր՝ իր համար ավելի շահավետ պատմություն։ Սակայն որքան էլ փորձում է շահել Ադրիանայի (Ադրիանա Գալստյան) սերը, նրան խոչընդոտում են Լիպարիտը (Արսեն Գրիգորյան) եւ նրա քույր Հասմիկը, ովքեր դեռ վաղուց են աչք դրել աղջկա հոր՝ Պարոն Նոտարյանի (Արթուր Հակոբյան) ունեցվածքի վրա։

Ռեժիսորն ասում է, որ ֆիլմը մեծ մասամբ կհետաքրքրի երեխաներին ու երիտասարդներին՝ շնորհիվ ժամանակակից կինոյին բնորոշ հատուկ էֆեկտների ու թեթեւ հումորի.«Նկարահանումները սկսել էինք դեռ նախորդ տարվանից, արդեն երկու ամիս է՝ ավարտել ենք աշխատանքները, եւ շուտով ֆիլմը կլինի մեծ էկրաններին: Հիմնականում հատուկ էֆեկտների կիրառման վրա շատ ժամանակ ծախսեցինք. ցանկանում էինք հետաքրքիր ու արդիական ֆիլմ ստանալ, որը նորություն կլինի Հայաստանում»:

Ռաֆայել Երանոսյանը


Արամ Կարապետյանը նկատում է, որ ֆանտաստիկ ժանրի ֆիլմերն այժմ մեծ պահանջարկ են վայելում ողջ աշխարհում, սակայն Հայաստանում նման ֆիլմերը շատ քիչ են: Այդ իսկ պատճառով դժվարանում է ասել՝ ինչպիսին կլինի մարդկանց արձագանքը.«Հայաստանի նման փոքր շուկայի դեպքում փոքր-ինչ ռիսկային է մեծ գումար ներդնել նման ֆիլմ ստանալու համար: Ծանր ու աշխատատար ժանր է, ու ամեն մեկը չէ, որ իրեն թույլ կտա այդպիսի ռիսկի դիմել: Մենք ցանկացանք թեթեւ, կատակերգական ֆիլմ նկարահանել, եւ հետաքրքիր է, որ ամեն ինչ բավական հեշտությամբ ստացվեց: Նկարահանումներն էլ շատ համերաշխ ու հանգիստ մթնոլորտում ընթացան՝ առանց կոնֆլիկտների ու լարված իրավիճակների: Չգիտեմ՝ կհավանեն մարդիկ ֆիլմը, թե ոչ. ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց ռեժիսորը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արամիս Տատուն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW