×


«Մանկական «Նոր ալիք»-ում հայ մասնակիցը բոլորի ուրախությունն էր». Դավիթ Բադալյան

Ղրիմի «Արտեկ»-ում կայացած մանկական «Նոր ալիք» մրցույթից մեր երկրի պատվիրակը՝ 9-ամյա Վարդան Մարգարյանը, հատուկ մրցանակով է վերադարձել: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պրոդյուսեր Դավիթ Բադալյանը: Նա հետաքրքիր մանրամասներ պատմեց մրցութային երկու օրերից, ինչպես նաեւ նշեց, որ գոհ են ընդհանուր արդյունքից: Ըստ նրա՝ ամեն ինչ եղել է արդար եւ թափանցիկ, կազմակերպչական աշխատանքներն էլ իրականացվել են բարձր մակարդակով:

Դավիթ Բադալյանն ասաց, որ մեր մասնակիցն առաջին եւ երկրորդ օրերի ընթացքում կատարել է Արամ Mp3-ի «Ասա» եւ Էլթոն Ջոնի «I'm Still Standing» երգերը, որոնք բարձր գնահատականի են արժանացել ժյուրիի կողմից: Ցավոք, դրանք բավական չեն եղել մրցանակային տեղեր զբաղեցնելու համար.«Արամի երգը փոքր-ինչ ձեւափոխել էինք ու ներկայացրել բեք-վոկալիստների հետ, եւ գիտեք, ժյուրիին այդ կատարումն ավելի դուր եկավ, քան մյուս ելույթը: Այդ երգի կատարումից հետո Բասկովը, ով նույնպես ժյուրիի կազմում էր, Վարդանին ասաց՝ «Դու ինձ հիշեցրիր Սերգեյ Լազարեւին, ով փոքր ժամանակ նույնպես շատ աշխույժ, թմբլիկ երեխա էր, եւ հիմա տես՝ ինչ արտիստ է դարձել»: Ընդհանրապես այնտեղ բոլորն ասում էին՝ Վարդանն իրենց ուրախությունն է, մրցույթի կրակը. շատ ուրախ երեխա է»,- անկեղծացավ պրոդյուսերը:

Վարդան Մարգարյանը


Այսպիսով, մրցույթի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել Եվա Լեպան (Ուկրաինա), երկրորդ տեղը` Իվենա Ռաբոտովան (Բուլղարիա), իսկ երրորդ տեղը` Սոնյա Ֆոմենկոն (Ռուսաստան): Առանց մրցանակների չի հեռացել եւս 5 մասնակից: Նրանցից մեկն էլ եղել է Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Մարգարյանը, ով արժանացել է Կոսիգինի ռուսական պետական համալսարանի հատուկ մրցանակին. «Վարդանն այնտեղ նշել էր, որ երազանք ունի դիզայներ դառնալ եւ հագուստի իր բրենդը ստեղծել: Երգիչ, հաղորդավար Տիմուր Ռոդրիգեսն էլ կեսկատակ ասաց՝ ես մի քանի տարուց կհագնեմ «Մարգարյան» բրենդի հագուստները, այդ ժամանակ կտեսնեք՝ Վարդանն ով կդառնա: Այսինքն՝ նրան այնտեղ բոլորը խրախուսում էին, իսկ այն մրցանակը, որին Վարդանն արժանացավ, հնարավորություն կտա նախագծել բեմական հագուստներ, որոնք կկարվեն հենց Կոսիգինի ինստիտուտում»:

Մանկական «Նոր ալիք»-ի հաղթողները


Դավիթ Բադալյանն ընդգծեց՝ ավելի քան հինգ հազար հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալը լուրջ փորձություն է եղել մեր 9-ամյա մասնակցի համար, թեեւ նախկինում մրցույթների մասնակցելու փորձ ունեցել է: Նա նկատեց՝ իսկապես կային տաղանդավոր երեխաներ, ովքեր արժանի էին հաղթանակի, այնպես որ, մրցույթի արդյունքների հետ իրենք համաձայն են: Այժմ էլ նպատակ ունեն մասնակցել մանկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծին եւ փորձել Հայաստանը ներկայացնել նաեւ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում.«Հիմա արդեն Հայաստանում ենք ու պատրաստվում ենք եվրատեսիլյան հայտերին, մնում է ընտրենք՝ որ երգն է Վարդանը ներկայացնելու: Նա տրամադրված է, որ պետք է մասնակցի»,- եզրափակեց պրոդյուսերը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Բադալյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին