×


«Մանկական Եվրատեսիլ 2019»-ում հայ պատվիրակի տեսահոլովակի շնորհանդեսն ու հետաքրքիր մանրամասները

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան տեսահոլովակն արդեն պատրաստ է եւ հասանելի է մրցույթի յութուբյան պաշտոնական էջում: Այս առիթով տոնական միջոցառում էր կազմակերպվել մեր երկրի պատվիրակության կողմից, որի ժամանակ էլ առաջին անգամ ներկայացվեց նոր հոլովակը: Պրեմիերային ներկա էր ինչպես Հայաստանը ներկայացնող 12-ամյա Կարինա Իգնատյանը, այնպես էլ նախորդ տարիների մեր մասնակիցները, նրանց երկրպագուները, հայտնի հյուրեր եւ լրագրողներ: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է եւ զրուցել մեր երկրի պատվիրակության անդամների հետ:

Կարինա Իգնատյանը


«Colors of Your Dream»՝ այսպես է կոչվում երգը, որը նոյեմբերի 24-ին Լեհաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է մեր երկրի պատվիրակը: Նրա մասնակցությամբ հոլովակն էլ նույնքան գունավոր ու պայծառ է ստացվել, որքան երգը: Նկարահանումները, ինչպես պարզեցինք, իրականացվել են Ռուսաստանում, թեեւ ողջ ընթացքը տաղավարային է եղել: Հայաստանյան պատվիրակության ղեկավարներն ասում են՝ պարզապես տեխնիկական հնարավորությունների առումով դժվար թե նույն արդյունքը ստացվեր այստեղ նկարահանելու դեպքում:

«Այս անգամ մեր ռուսաստանաբնակ գործընկերների հետ ենք աշխատել եւ իրականում սպասվածից լավ է ստացվել. գրաֆիկական լուծումներով, գունավոր տեսահոլովակ է, եւ հուսով եմ՝ բոլորին դուր կգա: Ամեն դեպքում մեզ շատ է դուր եկել. Կարինային ու իր երգին համապատասխան տեսահոլովակ ենք ստացել: Ռեժիսորն էլ Անգելինա Միռոշնիչենկոն է»,- մեր զրույցում նշեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարներից Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

Կարինա Իգնատյանը եւ Միշան


Նրա գործընկերն էլ` Դավիթ Ծերունյանը, ով համատեղ ղեկավարում է պատվիրակությունը, իր խոսքում ասաց, որ շատ քիչ ժամանակ ունեին հոլովակն ու բեմադրության կոնցեպտը ներկայացնելու համար: Տասն օրվա ընթացքում հասցրել են նկարահանել եւ ընտրել այն ռեժիսորին, որը պիտի Կարինայի եվրատեսիլյան ելույթի բեմադրությունն իրականացնի.«Եվրոպայից, Ռուսաստանից եւ Հայաստանից առաջարկներ ենք ունեցել մի քանի ռեժիսորների կողմից եւ ի վերջո ընտրել ենք հայ ռեժիսորի առաջարկած տարբերակը: Ունենալու ենք դեկորացիաներ, բավական լավ ու հետաքրքիր պարային համար, որի փորձերն արդեն ընթանում են: Կլինեն նաեւ լուսային ու գրաֆիկական լուծումներ»:

Դավիթ Ծերունյանի խոսքով` նոյեմբերի 17-ին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Լեհաստան, իսկ առաջին փորձն այնտեղ լինելու է նոյեմբերի 19-ին: Այս տարի եւս հանդիսատեսի քվեարկությունն առցանց տարբերակով է լինելու, եւ քվեարկելու հնարավորություն ունենալու են բոլորը` անկախ գտնվելու վայրից եւ անկախ նրանից` տվյալ երկիրը մասնակցում է «Եվրատեսիլ»-ին, թե՝ ոչ: Քվեարկությունը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին եւ տեւելու է երկու օր: Այս մասին մյուս մանրամասները շուտով հայտնի կդառնան:

Դիանա Շատվերյանը՝ դստեր հետ, եւ Կարինա Իգնատյանը


Մինչ մենք կզրուցեինք «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարների հետ, Կարինա Իգնատյանը հանդես եկավ մի քանի կատարմամբ` ներկայացնելով նաեւ մրցութային երգը: Նրա ելույթից հետո էլ կայացավ սպասված հոլովակի պրեմիերան, որը ներկաները բարձր ծափողջույններով ընդունեցին: «Անչափ ուրախ եմ, որ այսօր իմ տեսահոլովակի պրեմիերան է: Իսկապես շատ երկար էի սպասում այս օրվան: Իսկ նկարահանումներն անցել են շատ լավ, գունեղ եւ ուրախ, հենց իմ երգի նման»,- անկեղծացավ փոքրիկ երգչուհին: Այս պահին նրա կատարումն ու տեսահոլովակը կարող եք գնահատել նաեւ դուք:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին