×


«Մանկությունից առ այսօր». Սիսիան Սեփանյանի կյանքի ամենամեծ չարաճճիությունը

BRAVO.am-ը սկսել է նոր խորագիր, որի շրջանակում հայտնիները վերհիշում են իրենց մանկությունը եւ մեր ընթերցողների համար բացահայտում, թե ինչ իրեր են պահում այդ տարիներից առ այսօր: Դերասան Սիսիան Սեփանյանը մեզ հետ զրույցում պատմել է իր բազմաթիվ արկածների, իրանցի տղաների հետ «պատերազմների» ու հետաքրքիր այլ դեպքերի մասին:

Սերիալներից հայտնի դերասանի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թեհրանում, այստեղ հայկական մանկապարտեզ ու հայկական դպրոց է հաճախել. «Իրանում տղաներն ու աղջիկներն առանձին էին սովորում: Հայկական դպրոցում այդպես չէր: Դիմացս նստող աղջկան չէի սիրում: Մի քանի մաստակ մազերին էի կպցրել, հետո նա մազերի այդ հատվածը կտրել էր ու միշտ կամ գլխարկով էր գալիս, կամ մազափնջով թաքցնում էր այդ հատվածը: Եթե հիմա կկարդա այս զրույցը, թող ինձ ների»:

Սիսիան Սեփանյանը


Սիսիանի մանկությունը կապված է իրանցիների հետ մշտական կռիվների հետ. «Միշտ ծեծկռտուքների կիզակետում եմ եղել, շատ կռվարար եմ եղել: Եղել են նաեւ 40-ը 40-ի դեմ՝ մեծ մասշտաբով: Իրանցի տղաները գնում էին հայ աղջիկների դպրոցի մոտ ու իրենց լավ չէին պահում, մենք էլ՝ որպես թասիբով հայեր, այդ ամենից մեծ կռիվ էինք սարքում: Ճակատիս մեծ սպի ունեմ, որը հենց այդ կռիվներից մեկի ժամանակ եմ ստացել. մի իրանցի բեյսբոլի փայտով հարվածեց: Տանը ստեցի, թե դռանն եմ հարվածել, բայց կարծում եմ՝ չհավատացին»:

Դերասանի չարաճճիությունները բազմաթիվ են, նա վերհիշել է դրանցից մի քանիսը. «Տանը միշտ ֆուտբոլ էի խաղում: Մի անգամ գնդակով հարվածեցի ծաղկամանին, եւ վերեւի հատվածը կոտրվեց: Ես էլ դրեցի հենց այդպես վրան, իբր ոչինչ չի եղել: Հետո մայրիկս տեսավ, ինձ հարցրեց` ինչ է եղել, ես էլ, դե, ոչնչից տեղյակ չէի (ծիծաղում է,-հեղ.): Մի անգամ էլ գնդակի փոխարեն աթոռին հարվածեցի, ցավից ուշաթափվել էի»:

«Տան միակ երեխան եմ եղել, քույր, եղբայր չունեմ: Մայրիկիս միշտ շատ եմ նեղացրել, բարկացրել: Նա կատուներից ֆոբիա ունի, իսկ ես շատ եմ սիրում: Իմ սենյակում կատուներ էի պահում: Մի օր մայրս տեսնում է այդ կատուներին. դե, պատկերացրեք՝ ինչ արագությամբ է սենյակից փախչում: Լսել էի, որ կատուները «վալերյանկա» շատ են սիրում: Մեծ ափսեի մեջ լցրել էի մի քանի սրվակ, կատուները խմել հարբել էին: Մայրս եկավ ու տեսավ դա…»,- ժպիտով հիշում է նա ու պատմում, որ Թեհրանում տատիկ-պապիկի հետ նույն շենքի տարբեր հարկերում են բնակվել.«Թաքնվում էի միշտ ու վախեցնում նրանց: Աստիճաններով չէի բարձրանում նրանց տուն, այլ՝ ճաղավանդակով, ու տատիկս շատ էր վախենում, ասում էր՝ ծեծելու է»:

Սիսիան Սեփանյանը


«Կյանքիս ամենամեծ չարաճճիությունը եղել է այն, որ հայրկիս ավտոմեքենայով ընկել եմ ծովը: Առանց նրան ասելու վերցրել էի մեքենան ու գնացել ծովափ: Դիպչում էի ալիքներին ու հետ գալիս: Հերթական անգամ խորը գնացի, ու ավտոմեքենան էլ չէր ենթարկվում: Ես հազիվ դուրս պրծա, մեքենան էլ հետո էժան գնով վաճառեցինք: Այս դեպքից հետո մեկ ամիս տուն չեմ գնացել(ժպտում է,-հեղ.)»:

Պարզվում է՝ Սիսիանը մանկուց վախեցել է շներից ու այդ վախը միայն վերջերս է հաղթահարել.«Փոքր ժամանակ մի քանի անգամ շուն է հարձակվել, ու այդ դեպքերից հետո վախեցել եմ միշտ: Մի քանի տարի է, ինչ հաղթահարել եմ: Հենց շներն ինձ տեսնում էին, հարձակվում էին…»:

Դերասանական արվեստի հանդեպ սերը ձեւավորվել է դեռ մանկուց.«Թատերական խմբակ եմ հաճախել: Դպրոցում հայտարարեցին, որ հայ ռեժիսոր է գալու ու մեզ հետ բեմադրելու է «Սուտլիկ որսկանը»: Եկավ ու Սուտլիկ որսկանի դերում ինձ ընտրեց: Չուզելով էի գնում, բայց ներկայացման օրը հասկացա, որ այդ աշխարհն իմն է: Դրանից հետո Ալբերտ Բեգիջանյանը կանչեց իր թատերախումբ, ու այդպիսով բացվեց այդ աշխարհն իմ առջեւ»:

Սիսիան Սեփանյանը


Խոսելով ընկերների մասին՝ Սիսիանը տխրում է, չէ՞ որ նրանցից շատերը Թեհրանում են.«Ընկերությունն իմ ամենացավալի ու թույլ կետն է: Ունեմ մանկության ընկերներ, ու երբ տեղափոխվեցի Հայաստան, չէի հարմարվում, որ նրանք կողքիս չեն: Դժվար ժամանակահատված էր: Մենք ամեն օր դպրոցից տուն էինք գնում, պայուսակը դնում էինք տանն, ու մեզ այլեւս դրսից տուն չէին կարողանում բերել: Ֆուտբոլ էինք խաղում շատ, գործագործ, պահմտոցի, բայց այդ ամենը կրկին վերաճում էր հայ-իրանական կռիվների»:

Անդրադառնալով մանկուց պահած իրերին՝ դերասանը ցավով նշեց, որ դրանք բոլորը մնացել են Թեհրանում.«Շատ իրեր եմ պահել, բայց այստեղ չեն: Ինչեւէ, ամենակարեւորը հիշողություններ են, իսկ դրանք միշտ ինձ հետ են»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին