×


«Մենակ մնալ չեմ սիրում». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը

Նա չի սիրում գույնզգույն աշունը, քանի որ մրսկան է:): Խենթանում է ամռան համար եւ պատրաստ է ցանկացած խենթություն անել տարվա այդ եղանակին: Օրը սկսում է անփոխարինելի սուրճով, որին հաջորդում են չափազանց լեցուն առօրյան ու թատրոնում փորձերը: Չնայած խիտ գրաֆիկին՝ հասցնում է ժամանակ տրամադրել սիրելի զբաղմունքներին: Իսկ օրն ու անելիքները պլանավորում է դեռ գիշերը: Նա նաեւ չի սիրում մենակ մնալ, փոխարենը՝ նախընտրում է մարդաշատ ու աղմկոտ վայրեր: BRAVO.am-ի զրուցակիցը դերասանուհի Էվա Խաչատրյանն է, ով իր նոր ֆոտոշարքն է մեզ տրամադրել եւ անկեղծորեն պատասխանել մեր հարցերին: 



Տարվա բոլոր եղանակները զգում եւ ապրում եմ այնպիսին, ինչպիսին որ կան:



Էվա Խաչատրյանը


Աշունն ինձ համար տխուր է, քանի որ մրսկան եմ, իսկ անձրեւոտ ու սառը եղանակն ինձ բերում է տխրություն ու ընկճվածություն, դառնում եմ ավելի քիչ գործունյա եւ ավելի շատ թախծոտ:



Ամենից շատ հոգեհարազատ է ամառը. այն միակ եղանակն է, երբ դառնում եմ կենսուրախ եւ պատրաստ ամեն տեսակի խենթ ու խելառ արարքների: Սիրում եմ շատ արեւ, ծով եւ այն, ինչ կապված է ամռան հետ:



Տարվա բոլոր եղանակներին  միանշանակ նախընտրում եմ սուրճ:



Առավոտս սկսում է մայրիկիս ձայնով, ով արթնացնում է ինձ, որ գնամ աշխատանքի: Իհարե, նաեւ փոքրիկ նախաճաշ՝ երբեմն մայրիկներին բնորոշ պարտադրանքով, եւ անփոխարինելի սուրճ:



Էվա Խաչատրյանը


Քանի որ շատ մրսկան եմ, աշնան  գալստյան հետ շատ արագ հանում եմ տաքուկ հագուստներս, որոնցով ինձ հարմար է: Շատ չեմ վազում թրենդների հետեւից: Երբեմն շատ բաներ եմ ցանկանում կրել, սակայն անդադար վազքի մեջ լինելու պատճառով նախընտրում եմ հարմարավետությունը: 



Մենակ մնալ չեմ սիրում: Սիրում եմ ամբոխ, շարժ, ուրախություն, շատ մարդկանցով լի տարածություններ: Երբեմն գուցե ունենում եմ մենակության կարիք՝ զուտ մտքերս հավաքելու համար, չնայած՝ դա շատ կարճ է տեւում. արագ ուզում եմ դուրս գալ եւ շփվել ընկերներիս հետ:



Մեծամտություն թող չթվա, բայց իմ ներաշխարհն այնքան հետաքրքիր է, որ կարելի է անգամ գիրք գրել:



Սիրում եմ երաժշտություն լսել, երգել, պարել, կարդալ եւ չեմ ասի, որ աշխատանքս խոչընդոտում է: Եթե կա ցանկություն եւ էներգիա, ապա այդ ամենով զբաղվում եմ: Սիրում եմ նաեւ սպորտով զբաղվել, սակայն այս հարցում երբեմն ժամանակս չի բավականացնում, բայց շուտով պատրաստվում եմ վերսկսել մարզումներս:

Էվա Խաչատրյանը




Լինում են շրջաններ, երբ գրաֆիկս դառնում է անտանելի, բայց փորձում եմ ամեն բան հասցնել, որովհետեւ սիրով եմ անում: Բարեբախտաբար, ստացվում է: Ճիշտ է՝ երբեմն ինչ-ինչ տեղերից ուշանում եմ, բայց դա չի խանգարում, որ ամեն ինչ հասցնեմ:



Այս պահին բուռն փորձերի մեջ եմ թե՛ Կամերային, թե՛ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այդ ամենը համատեղում եմ «Պատվից առավել» սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումների հետ, ինչը, կարծում եմ, եւս ստացվում է:



Գիշերն անպայման պլանավորում եմ օրս, քանի որ առանց դրա անհնար է: Ամեն օր զբաղված եմ լինում երկու կամ երեք տեղ, եւ չպլանավորել անհնար է: Երբ ժամանակս մի քիչ ավելի շատ էր, գիշերները դասավորում էի այն հագուստը, որն առավոտյան պետք է հագնեի, իսկ հիմա դա անում եմ միայն այն ժամանակ, երբ հաջորդ օրը նկարահանման եմ լինում:



Էվա Խաչատրյանը


Թեեւ շատ եմ սիրում լուսանկարվել, եւ դա ինձ դրական հույզեր է պարգեւում, այնքան էլ հաճախ չեմ իրականացնում ֆոտոշարքեր: Չեմ կարող ասել, թե աշունն է նպաստել նոր ֆոտոշարքիս, պարզապես հավանում եմ այս լուսանկարչի աշխատանքներն , ում հետ եւս մեկ անգամ առիթ էի ունեցել աշխատել: Այս անգամ նա առաջարկեց, եւ ես մտածեցի` ինչո՞ւ ոչ: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան:



Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/

Լուսանկարները՝ Swaggsttyle-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW