×


«Մեցցո» ակումբի 10-ամյակը եւ Լեւոն Մալխասյանի հիշարժան նվերը

«Մեցցո» երաժշտական ակումբը, որն իր գործունեության ընթացքում հայտնի է դարձել հայ եւ արտասահմանցի անվանի երաժիշտների ինքնատիպ համերգներով, արդեն տասը տարեկան է: Իհարկե, ակումբի հիմնադիրներն ու երաժշտասերները չէին կարող անտարբեր անցնել այս առիթի կողքով եւ միասին չնշել սիրելի ժամանցավայրի ծննդյան օրը: Այդ նպատակով էլ երեկ «Մեցցո» ակումբում տոնական մեծ միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին ու հետեւել երեկոյի հետաքրքիր ընթացքին:

Լեւոն Մալխասյանը հուշամեդալ է նվիրել Կամո Մովսեսյանին


Դասական, ռոք, ջազ, ֆոլկ համերգներով աչքի ընկնող «Մեցցո» ակումբում տասնամյակի առթիվ էլ ելույթ էին ունենում ռեզիդենտ բենդերն ու արտիստները: Վերջիններիս հաճախ կարելի է ունկնդրել այստեղ՝ համերգային տարբեր երեկոների ընթացքում:

Իսկ ինչ վերաբերում է տոնական օրվա անակնկալներին, ապա դրանց պակաս նույնպես չեղավ երեկ: Հայ անվանի ջազ-դաշնակահար Լեւոն Մալխասյանը հիշարժան նվեր էր պատրաստել ակումբի հիմնադիրների համար, ինչն էլ ներկայացրեց բեմից` իր շնորհավորական ելույթի ընթացքում: Նա Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ եւ «Մեցցո» ակումբի հիմնադիր Կամո Մովսեսյանին իր կողմից գեղեցիկ հուշամեդալ նվիրեց` շնորհավորելով ակումբի տասնամյակը:

Կամո Մովսեսյանը՝ տիկնոջ հետ


BRAVO.am-ի հետ զրույցում Կամո Մովսեսյանը խոստովանեց, որ իրենց համար շատ պարտավորեցնող է Մալխասից նման նվեր ստանալը.«Հավատս չի գալիս, որ արդեն տասը տարի է անցել: Երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, ընդամենը գաղափար էր, շատերն ասում էին՝ Կամո, անհնար է, նման ձեւաչափի ակումբը չի կարող գործել Երեւանում: Բայց այս օրն ապացույցն է նրա, որ «Մեցցո»-ն հաջողել է ու հասել է իր նպատակին: Ես վստահ եմ, որ հետագայում էլ մենք չենք դավաճանի մեր մտքերին, ոճին, սկզբունքներին, այսինքն՝  երեւանցիներին ու Երեւանի հյուրերին մատուցել բարձրորակ երաժշտություն»:

«Մեցցո» ակումբի 10-ամյակին


Միջոցառումը շարունակվեց մինչեւ ուշ գիշեր, իսկ երեկոյի հետաքրքիր մյուս դրվագներին կարող եք ծանոթանալ մեր ֆոտոշարքում:

BRAVO.am-ը նույնպես շնորհավորում է իր վաղեմի գործընկեր «Մեցցո» ակումբին՝ 10-ամյակի կապակցությամբ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին