×


«Նաիրիան». Երեւանի կենտրոնում բացվել է հայկական բնական կոսմետիկայի նոր խանութ-սրահը

Մարմնի, դեմքի եւ մազերի խնամքի համար Հայաստանում ամբողջովին բնական միջոցներ արտադրող առաջին ընկերությունը՝ «Նաիրիանը», այսուհետ կներկայանա նաեւ Թումանյան 34 հասցեում՝ նորաբաց ընդարձակ ու լուսավոր սրահում:

Արդեն հայտնի ու սիրված ապրանքանիշի նոր բուտիկի բացմանը ներկա էին ինչպես հիմնադիրները, այնպես էլ հյուրեր տարբեր ոլորտներից: Նրանք հնարավորություն ունեին փորձարկել «Նաիրիան»-ի քսուքները, շիճուկները, լոսյոններն ու օճառները, տեղում զգալ յուրաքանչյուր միջոցի ազդեցությունն ու առանձնահատկությունը: Խանութ-սրահի բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու ծանոթացել խնամքի միջոցների լայն տեսականուն:

«Նաիրիան» նոր խանութ-սրահի բացմանը


Նշենք, որ «Նաիրիան» բրենդի առաջին խանութ-սրահը բացվել է  2015 թվականին՝ չորս տարվա գիտահետազոտական աշխատանքից հետո: Այն 100% բնական կոսմետիկա արտադրող առաջին հայկական ընկերությունն է, որը ստեղծում է մոտ 40 անուն ապրանք՝ մաշկի բոլոր տեսակների եւ խնդիրների համար: Այդ միջոցները երբեւէ չեն պարունակում վնասակար քիմիական նյութեր, արհեստական բույրեր կամ ներկեր: Բաղադրիչների մոտ 70%-ը ստացվում է «Նաիրիան»-ի՝ Կոտայքի մարզում գտնվող էկոլոգիապես մաքուր տնտեսությունից՝ մինչեւ 100կմ շառավղով տարածքից: Այժմ ընկերությունն իր արտադրանքը նաեւ արտահանում է ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա, Հոնգ Կոնգ, Կորեա եւ Վրաստան:

«Մենք արդեն երեք տարի է՝ վաճառքներ ենք սկսել Երեւանում: Առաջին բուտիկը բացեցինք «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում՝ մեր գրասենյակին կից, այնուհետեւ՝ Աբովյան 26 հասցեում, իսկ հետո՝ Սարյան 13-ում: Բայց սա ամենաընդարձակ խանութ-սրահն է լինելու, որի դիզայնը, իմ կարծիքով, ավելի համապատասխան է մեր բրենդի գաղափարախոսությանը: Ամենակարեւորն այն է, որ մենք աշխատում ենք ըստ «էկոսերտ» ստանդարտի: Դա նշանակում է՝ աշխատում ենք միայն այն բաղադրիչներով, որոնք թույլատրված են օգտագործել օրգանական կոսմետիկայի մեջ: Այսինքն՝ «Նաիրիան»-ի խնամքի միջոցները ոչ միայն բնական են, այլեւ օրգանական»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրիան»-ի համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը:

«Նաիրիան» բրենդի հիմնադիրներ Անահիտ եւ Արա Մարկոսյանները


Նա ընդգծեց, որ հումքի մեծ մասը Հայաստանում է աճեցվում՝ Արա գյուղի իրենց արտադրամասում, որի շնորհիվ «Նաիրիան»-ի կոսմետիկան շատ բարձր որակի է եւ պատրաստվում է փոքր խմբաքանակներով: Նրա ամուսինը` բրենդի համահիմնադիր Արա Մարկոսյանն էլ նկատեց, որ իրենք եւս մեկ քայլ են անում ազգային ապրանքանիշ դառնալու ճանապարհին.«Շատ հուզիչ պահ է մեզ համար: Ուղիղ երեք տարի առաջ` այս օրը, դեռ ոչ ոք չգիտեր «Նաիրիան»-ի մասին, բայց այսօր մենք Հայաստանում ստեղծում ենք նոր ապրանքատեսակներ եւ ներկայացնում ենք նոր որակ, նոր մոտեցում եւ նոր չափանիշ առողջության ու գեղեցկության վերաբերյալ»:

Հատկանշական է, որ Արա եւ Անահիտ Մարկոսյանները հայրենադարձներ են, ովքեր մինչ այս 23 տարի ապրել եւ աշխատել են ԱՄՆ-ում` Սիլիկոնյան հովտում: Այդ ընթացքում նրանք հաճախ ճամփորդել են Հայաստանում եւ ակնածանքով լցվել տեղի բնության ճոխության հանդեպ, մտքեր փոխանակել բուսաբուժության ոլորտի մասնագետների հետ: Ի վերջո այդ ոլորտում լուրջ փոփոխություններ բերելու եւ Հայաստանը բնական կոսմետիկայի միջազգային քարտեզում ներառելու նպատակով նրանք տեղափոխվում են Հայաստան եւ որոշում հիմնադրել իրենց համատեղ բիզնեսը: Նրանց ստեղծած արտադրանքը միավորում է հայկական հնագույն ավանդույթներն ու արդի գիտական մեթոդները, որի շնորհիվ «Նաիրիանը» առանձնանում է թե՛ տեղական, եւ թե՛ արտասահմանյան շուկայում:

«Նաիրիան» նոր խանութ-սրահի բացմանը


Անահիտ Մարկոսյանը վստահեցնում է, որ իրենք այսքանով չեն սահմանափակվելու եւ շարունակելու են ընդլայնել իրենց արտադրությունը: Առաջիկայում կմեծանա ամենօրյա խնամքի միջոցների տեսականին, ինչպես նաեւ կթողարկվեն տղամարդկանց եւ երեխաների համար նախատեսված կոսմետիկ միջոցներ: Մոտ ապագայում նոր խանութ-սրահի վերնահարկում հաճախորդներին կառաջարկեն համտեսել բնական ըմպելիքներ, խոտաբույսերից պատրաստված տաք ու օգտակար թուրմեր: Իսկ հաջորդ տարի կներկայացվեն մարմնի եւ դեմքի խնամքի համալիր ծառայություններ՝ «Նաիրիան» SPA կենտրոնում, որտեղ օգտագործվելու են հայկական բնաշխարհի բույսերից ստացված եթերային ու բուսական յուղերը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW