×


«Ոչինչ պատահական չի գրվում». Ֆրանսիայից Հայաստան հասած «Հայկական վալսի» պատմությունը

Շառլ Ազնավուրին նվիրված «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալսը» գերեց մարդկանց սրտերը, հատկապես Հայաստանում մարդիկ սկսեցին հետաքրքրվել եւ սիրել այս երգը։

BRAVO.am-ի Փարիզի թղթակցի հետ զրույցում հեղինակը` Դան Ղարիբյանը, խոսեց այս երգի պատմության, ոգեշնչման աղբյուրի եւ իր ստեղծագործական կյանքի մասին։

Երաժիշտն ինքն էլ հանրության հետ է բացահայտել, որ արարողության ժամանակ իր երգն է հնչում։ Նախապես տեղյակ չի եղել, բայց նշում է, որ իր համար մեծ պատիվ էր։

Որոշ հարթակներում լուրեր էին պտտվում, որ Ազնավուրը երգի համահեղինակն է, սակայն այս երգի բառերի եւ երաժշտության հեղինակը հենց Դան Ղարիբյանն է։ Այն գրվել է 90-ական թվականներին։ Այն հարցին, թե արդյոք այս երգն իրական կյանքից է վերցված, երաժիշտը պատասխանեց.«Ոչինչ պատահական չի գրվում, եւ բառերն իրենք ամեն ինչ ասում են։ Ստեղծագործելիս ինձ ոգեշնչում է կյանքը, բայց առավել եւս կանայք: Այո, կանայք ոգեշնչման աղբյուր են ինձ համար»։

«Bratsch» խումբը


Մեր հայրենակիցը հայերեն խոսում է, թեեւ գրավոր հայերենին չի տիրապետում, ինքն է խոսքերի հեղինակը, բայց նշում է, որ երբեմն հայ ընկերներին խնդրում է իրեն օգնել որեւէ բառի հետ կապված։

Ղարիբյանն ասաց, որ հնարավոր է` Ազնավուրն իր այս երգը լսած էլ չլինի. չգիտի, թե ով է կատարել երգի ընտրությունը։

Ֆրանսահայ երաժշտին հաճելի էր իմանալ, որ իր երգը սիրվել է Հայաստանում, նշեց` շատ կուզենա իր տրիոյի հետ հանդես գալ Հայաստանում.«Տարիներ առաջ մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, բայց նաեւ սիրում եմ որպես զբոսաշրջիկ գնալ եւ շրջել Հայաստանում»։

Նա մեզ պատմեց նաեւ Ազնավուրի հետ իր համագործակցության մասին.«Մենք նրան հրավիրել էինք մեզ հետ երգելու։ «Bratsch» խմբի մեր «Plein du monde» ձայնասկավառակի բոլոր երգերը հատուկ հրավիրված ճանաչված երաժիշտների հետ ենք կատարել։ Ազնավուրի հետ երգեցինք «Մի կաթիլ ջուր» երկլեզու երգը, նա ասաց, որ կերգի ֆրանսերեն, եւ միայն երկու նախադասություն կերգի հայերեն, այդպես էլ եղավ: Երգի մնացած մասը ես երգեցի։ Դա այն հազվադեպ դեպքերից էր, որ նա հայերեն էր երգում»։

Դան Ղարիբյանը


Ֆրանսահայ արվեստագետն ասաց` դա միակ առիթն է եղել մեծ լեգենդի հետ շփվելու, սակայն միշտ էլ գնահատել է նրա արվեստը.«Շատ եմ սիրում նրա երգերը, նա մեզ համար թանկ է նաեւ որպես հայ։ Իհարկե, ազդված եմ հիմա, բայց շարունակելու եմ լսել նրա երգերը»։

Ազնավուրն իր կենդանության օրոք փորձում էր ճանապարհ հարթել այլ երաժիշտների համար, այս անգամ իրեն նվիրած հարգանքի տուրքի արարողությամբ ճանաչում բերեց տարիներ շարունակ ստեղծագործող, բայց հայաստանյան հանդիսատեսին ոչ շատ ծանոթ Դան Ղարիբյանին։

Երաժիշտը հայ-իտալական արմատներ ունի, ծնվել է Ֆրանսիայում։

Իր երգացանկում ընդգրկում է տարբեր երկրների երաժշտություն, ասում է ե՛ւ իրեն է դուր գալիս այդ բազմազգ երաժշտության խառնուրդը, ե՛ւ` հանդիսատեսին, ով չի հասցնում ձանձրանալ համերգների ընթացքում։

Նախկինում երաժիշտը «Bratsch» խմբի հետ էր հանդես գալիս, այժմ արդեն` «Դան Ղարիբյան տրիոյի», որի հետ այս շրջանում համերգային շրջագայության մեջ է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, նաեւ` Իտալիայում։

Տեքստը` Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` Դան Ղարաիբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW