Նրանք մի քիչ ուրիշ են, նրանց «Ոտաբոբիկն» էլ պետք է մի քիչ ուրիշ լիներ։ Ծանոթացեք նրանց հետ ու զգացեք նրանց ուրիշությունը՝ կարդալով «BRAVO.am»-ի նոր «պիեսը»:):
ԳԱԳԻԿ - դերասան, տատու արտիստ, Լիդիայի ամուսինը
ԼԻԴԻԱ - դերասան, տատու արտիստ, Գագիկի կինը
ԴԻՆԱ - «Ոտաբոբիկ»-ի հեղինակը
ԷՄԻՆ - «Ոտաբոբիկ»-ի լուսանկարիչը
Հարցազրույցը տեղի է ունենում «Տատու Արտ Քլաբ»-ում։
«Ոտաբոբիկ»՝ Գագիկի եւ Լիդիայի հետ
Վիճելով ներս են մտնում Լիդիան եւ Գագիկը.
Գագիկ. - Մի բան սարքեմ՝ արագ ուտես։
Լիդիա. - Չէ՛։
Գագիկ. - Ինչ-որ բանի վրա կատաղա՞ծ ես։
Լիդիա. - Չէ՜, Գագո՛, դե՛...
Դինա. - Նմանատիպ վեճեր հաճա՞խ են լինում։
Գագիկ. - Ամեն րոպե։
Դինա. - Լո՞ւրջ։
Գագիկ. - Բայց էսքանով եզրափակվում ենք։ Նախընտրում ենք ներվերն ավելի չփչացնել, որովհետեւ եթե ես մի բառ ավելի ասեմ, այ էդ ժամանակ կսկսվի։ Ուղղակի ես շատ խելացի եմ, ինքն էլ՝ ինձնից հետո, դրա համար գիտենք, որ ավելի բառեր պետք չի ասել, քանի որ տալու ենք սպանենք իրար, որովհետեւ երկուսս էլ... Ինքը՝ չգիտեմ, բայց ես՝ հա։ Ուզում էի ասել՝ որովհետեւ երկուսս էլ լիդեր ենք, բայց չասացի։ Ինքը լիդեր չի, ինքը՝ Լիդիա է։ Լիդերը ես եմ, մարդն եմ էլի՝ լիդերն եմ դառնում ավտոմատ։
Դինա. - Փաստորեն զիջողը դու ես։
Գագիկ. - Հա՛, որովհետեւ ես թույլ եմ տալիս կնոջը` մտածի, որ ինքն ավելի խելացի է։ Տղամարդը դրանով է կրկնակի խելացի։
Դինա. - Կհաստատե՞ս ամուսնուդ զիջող լինելը։
Լիդիա. - Ո՛չ։ Ամեն ինչ իրավիճակից է կախված։
Գագիկ. - Իրականում, հերթով է. ամեն մեկս հասկանում ենք՝ որ պահին է պետք զիջել։
Լիդիա Գրիգորյանը
Դինա. - Երեկ հաշվել եմ՝ ձեզ ճանաչում եմ արդեն յոթ տարի։ Մինչ այդ մոտավորապես հենց այդքան տարի էլ միասին եք եղել, այնպես որ, այս հարցի պատասխանը դուք հաստատ կիմանաք. սերն իրո՞ք երեք տարի է ապրում։
Գագիկ. - Ի՞նչ է սերը։ Եթե մեկի հետ քեզ լավ ես զգում, ուրեմն կարող ես ինքդ քեզ խաբել ու կարծել, որ սեր է հիմքում։ Սկզբում երեւի չես էլ կարող հասկանալ՝ ինչ ես զգում։ Երկար ժամանակ հետո միայն կարող ես դա «սեր» վերնագրել։ Հիմա եթե մեկը մեկին ասում է, որ սիրում է, ինչքանո՞վ է վստահ, ինչի՞ վրա է հիմնվում. եթե ինչ-որ պոռթկումների, որ խենթ քայլերի տեսքով են դրսեւորվում, ապա դրանք հաստատ անցնելու են, գնան։ Էս ամենից հետո հարաբերությունները կշարունակվե՞ն արդյոք, եթե շարունակվեն, հաստատ ուրիշ ձեւ կշարունակվեն...
Լիդիա. - Նայած՝ ում դեպքում ինչպես է դրսեւորվում սերը։
Դինա. - Հիմա ձեր դեպքում ի՞նչ է։
Լիդիա. - Սեր է, որի վերաբերյալ յուրաքանչյուրս մեր մեկնաբանությունն ունենք։
Դինա. - Լսե՞նք դրանք։
Գագիկ. - Ինչի՞ են մեր հարցերն էսքան ղզիկ։
Դինա. - Դե, կներեք, դուք զույգ եք...
Գագիկ. - Տենց էրեւո՞ւմ ա կողքից։
Լիդիա. - Բայց պարզ բան ա, ի՞նչն ա ղզիկ։
Լիդիան ջղայնանում է
Լիդիա. - Օրինակ՝ ինքը կյանքում չի ասում, որ սիրում է ինձ, որովհետեւ երեւի չգիտի՝ էդ ինչ բան է։ Ինքը սերը հասկանում է որպես կապվածություն։ Չգիտե՛մ։ Ինքն ավելի սառը մարդ է, ես՝ էմոցիոնալ։ Ես սիրում եմ բոլորին. ամեն մեկին յուրովի։ Ես չգիտեմ՝ ինչ է չսիրելը։
Գագիկ. - Ես ավելի հողին կանգնած մարդ եմ, աշխատանքում էլ պետք է ավելի սթափ լինեմ։ Պատկերացրի՞ր։ Ես չպետք է ընկնեմ ֆանտազիաների գիրկը, որ կարողանամ մարդկանց հնարավորինս ճիշտ հասկանալ, բացահայտել ու խորհուրդ տալ։ Ճիշտ է՝ սա ինձ շատ է խանգարում թատրոնում. այնտեղ պետք է երեւակայես, գիժ լինես, քեզ բաց թողնես, ուրիշ մարդ դառնաս…
«Ոտաբոբիկ»՝ Գագիկի եւ Լիդիայի հետ
Դինա. - Ինչը դու դժվարանում ես անել։
Գագիկ. - Դժվարանում եմ, քանի որ ավելի ռեալիստ եմ։ Դրա համար էլ Լիդիան թատրոնում ավելի շատ գլխավոր դերեր ունի, քան՝ ես։
Լիդիա. - Բայց Գագոյին ավելի շատ են սիրում, քան՝ ինձ։
Դինա. - Ինչպես տեսնում եմ, իրար իդեալականորեն լրացնում եք։
Գագիկ. - «Լիդիալականորեն»։
Դինա. - Երբ ձեզ ճանաչեցի, 17-18 տարեկան էի։ Գիտե՞ք՝ այդ տարիքում ձեր պատմության հատկապես որ մասն էր ինձ ամենից շատ տպավորել։ Այն, որ Լիդիան «կապել» է Գագոյին։
Գագիկ. - Փաստորեն դու ճիշտ պատմությունը գիտես։
Լիդիա. - Հիշի՛ր, ցանկացած աղջիկ ինքն է ընտրություն կատարում իր կյանքում. տղան չի ընտրում։ Այս իսկ պատճառով, եթե Գագոյի բառապաշարին համապատասխան ասեմ, այո՛, ես «կապել» եմ Գագոյին։
Գագիկ. - Հազի՜վ մի անգամ՝ տասներեք տարի հետո, հնչեց էդ ճշմարտությունը։
Լիդիա. - Բայց ես չեմ ժխտել երբեք։ Անգամ մեր հարսանիքի օրն է դա հնչել։ Բարձր։ Բարձրախոսով։ Իսկ մեր կյանքն, առհասարակ, դասավորվել է այնպես, ինչպես պետք է դասավորվեր. Գագոն ինձ երբեք ո՛չ ընկերության առաջարկություն է արել, ո՛չ նշանադրության, ո՛չ էլ ամուսնության։
Դինա. - Մի պահ ընտանիքը մի կողմ դնենք. ձեր կարիերաներն ինչպե՞ս սկսեցին միաձուլվել։
«Ոտաբոբիկ»՝ Գագիկի եւ Լիդիայի հետ
Լիդիա. - Հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մեր դեպքում ավելի շատ մասնագիտություններն են մեզ ընտրել, քան մենք՝ մասնագիտությունները։
Գագիկ. - Իրականում երկուսս թե՛ թատրոնում, թե՛ տատու սալոնում տարբեր բաներ ենք անում, անգամ եթե թվում է՝ նույն բանն ենք անում։ Մենք իրար համարյա թե նման էլ չենք։ Կենցաղային ընդհանուր ինչ-որ գիծ ունենք, բայց այդ գծից դուրս, երբ արդեն սկսվում են բնավորությունների կոնկրետությունները, մենք հակառակ բեւեռներում ենք, երբեք նույն հարցի վերաբերյալ միաժամանակ նույնաստիճան պոռթկումներ չենք ունենում։
Լիդիա. - Այս պատճառով էլ երբեք լուրջ վեճեր չենք ունենում։
Սկսում է մտորել
Լիդիա. - ... Երբ վիճում ես մեկի հետ, վեճի բերումով սկսում ես տվյալ մարդուց հեռվանալ։ Ամեն մի վեճից հետո վերք է մնում, որ շատ դժվար է լավանում։ Ինչքան շատանում են վեճերը, այդքան քեզ ավելի խորթ է դառնում այն մարդը, ում հետ շարունակ վիճում ես։
Գագիկ. - Մենք ուղղակի հակառակ բեւեռներից մեր կարծիքներն ենք հայտնում, երբեմն վեճի տեսքով, բարձր տոների մեջ արտահայտում ենք մեր ճիշտը, ինչն էլ մեզ բերում հասցնում է մեջտեղում գտնվող իրական ճշտին։ Եթե նման լինեինք ու խնդրին մի կողմից նայեինք, ճիշտ լուծում երբեք չէինք գտնի։
Դինա. - Հասկանում եմ, թե ինչու Լիդիան չի սիրում վիճել. մի առիթով նշել է, որ ամենից շատ կյանքում վախենում է կորուստներից։ Դո՛ւ, Գա՛գ, ինչի՞ց ես վախենում։
Գագիկ. - Առաջին հերթին, ինչպես Լիդիան, կորստից։ Երկրորդը՝ չնախատեսված փոփոխություններից. եթե կյանքումս ինչ-որ բան պետք է փոխվի, դա պետք է լինի իմ որոշմամբ, կամ պետք է փոխվի այն ժամանակ, երբ դրա ժամանակն է։
Դիանա Հովհաննիսյանը
Լիդիան անսպասելի դադարեցնում է զրույցը
Լիդիա. - Ախր, գիտե՞ս ինչ… Կներես էլի։ Ես ոտքերի մանիա ունեմ. երբ դիմացս բաց ոտք է լինում, ես չեմ կարողանում ուրիշ բանի վրա կենտրոնանալ, պարտադիր պետք է ֆիքսվեմ ու նայեմ ոտքերին։
Դինա. - Ես, օրինակ, սկսում եմ մատները հաշվել՝ համոզվելու համար, որ հինգ հատ են:): Վերադառնալով թեմային՝ կնշե՞ք ձեր կյանքի ամենամեծ կորուստն ու փոփոխությունը։
Լիդիա. - Կյանքիս ամենամեծ դրական փոփոխությունը եղել է Գագոյին հանդիպելը, քանի որ այդ րոպեից կյանքս լիովին է փոխվել ու դարձել հենց այն կյանքը, որը ոչ թե պատկերացրել էի, այլ կուզեի ապրել։ Իսկ կորուստների մասին չեմ ուզում խոսել՝ կնեղվեմ, կլացեմ, Էմինն էլ չի կարողանա աշխատել։
Գագիկ. - Թու, թու, թու՝ մեծ կորուստ չեմ ունեցել։ Ամեն դեպքում, լինելով հասուն մարդ, հասկանում ենք, թե ինչ կորուստ կարող է դա լինել, ու վախենում դրանից դեռ տեղի չունեցած։ Իհարկե, այդ վախով ապրելը սխալ է շատ, բայց եւ շատ մարդկային է դրա մասին հիշելը։ Դրա մասին հիշելով ես մինչեւ այդ պահը ավելի ճիշտ դասավորում կյանքդ։ Եթե դրա մասին չհիշես, կարող է հետո ասես՝ ինչու այն ժամանակ ես այդ բանը չարեցի, կամ՝ ափսոս՝ չհասցրի։
Դինա. - Ինչո՞վ են ձեր հարաբերությունները տարբերվում այլ զույգերի հարաբերություններից։
Գագիկ. - Երբ դիտարկում եմ զույգերին՝ ինչի՞ շուրջ են վիճում, ինչի՞ց են խոսում, ի՞նչ պետք է մեկն անի մյուսի համար ու փոխարենը ի՞նչ պետք է ստանա, ի՞նչ նվիրի, որ ներվի… Ավելի շատ պայմանագրային հարաբերությունների են նման՝ նյութական։ Նման բաներ մենք չունենք։
Դիանա. - Հարցազրույցներից մեկի ժամանակ Լիդիան նշել է, որ փող չի սիրում, այնպես որ չեմ կարծում, որ նվերներով հնարավոր կլիներ նրան սիրաշահել։
Լիդիա. - Բացի սիրելուց, փողի հետ աշխատել ընդհանրապես չեմ կարողանում։
«Ոտաբոբիկ»՝ Գագիկի եւ Լիդիայի հետ
Դինա. - Այդ դեպքում աշխատանքում փողային հարցերը Գագո՞ն է տնօրինում։
Գագիկ. - Ես էլ չեմ կարողանում. գալիս, գին են հարցնում, չեմ կարողանում ասել։ Ասում եմ շատ ավելի պակաս, քան պետք է ասեմ, հետո դա ավելի են պակասեցնում… Մի խոսքով։ Ձեռքի աշխատանքն ամբողջ աշխարհում շատ բարձր է գնահատվում։ Իսկ ձեռքի աշխատանքը, որը պետք է վրադ լինի, չանցնի անգամ հանվելուց ու մի լավ լողանալուց հետո, պետք է էլ ավելի գնահատել։ Մեզ մոտ այնքան էլ չեն հասկանում տատու արվեստի լրջությունը։
Դինա. - Ինչպե՞ս եք այդ խնդիրը հաղթահարում։
Գագիկ. - Կամ մի կերպ, կամ չենք կարողանում։ Երբեմն մեզ մխիթարում ենք՝ ասելով՝ լավ, երեւի տենց էր պետք։
Դինա. - Էլ ի՞նչ չեք կարողանում։
Գագիկ. - Հարաբերվելու ժամանակ գտնել:):
Լիդիա. - Զբաղվում ենք երկու գործով, երկու գործն էլ մեզնից բավական շատ ժամանակ են խլում, ու ունենք մի «արմագեդոն» երեխա...
Գագիկ. - ... Ու քանի որ շատ ընկերասեր ենք, փորձում ենք ամեն օր շփվել մեր ընկերական փոքր շրջապատի հետ։ Եթե մի օր մեր ընկերներին չենք տեսնում, այդ օրն ասես մի շատ կարեւոր բան բաց թողած լինենք։
Դինա. - Լի՛դ, քիչ առաջ ասացիր, որ սա հենց այն կյանքն է, որ կուզեիր ունենալ։ Քեզ երջանիկ համարո՞ւմ ես։
Լիդիա. - Երջանիկ եմ, որ ունեմ նման ամուսին, ընտանիք, շրջապատ, սիրելի աշխատանքներ, բայց երջանկությունն ինձ համար միլիվայրկյանների հարց է, քանի որ հաջորդ վայրկյանին իսկ կարող ես որոշակի տխրություն, նեղվածություն զգալ։
Դուռը բացվում է, ու հայտնում են, որ Գագիկի մոտ մարդ է եկել
Դինա. - Վերջին հարցը. գիտեմ, որ «ոտաբոբիկությունը» ձեր կյանքում սիմվոլիկ նշանակություն ունի։
Գագիկ. - Կարող եմ, չէ՞, կոշիկներս հագնելով պատասխանել։
«Ոտաբոբիկ»՝ Գագիկի եւ Լիդիայի հետ
Սկսում է հագնել կոշիկները
Գագիկ. - Ես այն երջանիկներից եմ, որ ունեցել եմ գյուղ։ Ամառային արձակուրդներս անցկացրել եմ գյուղում՝ ոտաբոբիկ։ Ոտաբոբիկ սար էինք բարձրանում, ծառ, կարեւոր չէ։ Միշտ ոտաբոբիկ էինք։ Ու արձակուրդներից հետո քաղաք գալը, գուլպաներ ու կոշիկներ հագնելն ու դպրոց գնալը շատ անսովոր էր։ Այնպես որ, ոտաբոբիկ վիճակը հուշեր է արթնացնում մանկությունից։
Լիդիա. - Իսկ ես հակառակը. փոքր տարիքում ոտաբոբիկ համարյա չեմ քայլել։ Հետո արդեն կյանքս այնպես դասավորվեց, որ բեմում գրեթե բոլոր ներկայացումների ժամանակ ոտաբոբիկ եմ եղել։ Երբ ոտաբոբիկ եմ խաղում, ասես թռչեմ. անիրական երեւույթ է ինձ համար դարձել արդեն։
Գագիկը գնում է՝ խոստանալով շուտով վերադառնալ
Լիդիա. - Իսկ ինչ վերաբերում է սիմվոլիկային. «ոտաբոբիկությունն» ինձ համար մաքրության նշան է, ու ես մեր հարսանիքի օրը որոշեցի ոտաբոբիկ մտնել եկեղեցի, չնայած՝ նոյեմբեր ամիսն էր ու շատ ցուրտ։ Գուցե ինչ-որ բան էի կարդացել կամ տեսել ու տպավորվել, հիմա չգիտեմ, բայց այդպես էի որոշել ու այդպես էլ արեցի։
Բոլորը գնում են
Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Գործընկեր՝ «5concept» խանութ-սրահ
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Tattoo Art Club» -ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: