×


«Սերիալում բաց տեսարաններ կան, բայց ես հանգիստ եմ…». Մարիամ Ալեքսանյան

Հուլիսի 2-ից Մարիամ Ալեքսանյանը սերիալային նոր կերպարով կներկայանա հեռուստադիտողներին: Դերասանուհին մարմնավորում է «Շանթ»-ի «Այրված անուրջներ» սերիալի գլխավոր հերոսուհուն: Նոր դերի, առաջարկը ընդունելու շարժառիթի, բաց տեսարանները մերժելու մասին նա առաջինը պատմել է BRAVO.am-ին:

«Հարություն Մովսիսյանը կարողացավ ինձ համոզել»

Ցանկալի էր, որ «Բացիր աչքերդ» սերիալից հետո որոշակի դադար առնեի, սակայն հանգամանքների բերումով հանգիստս կարճ տեւեց: Երբ նոր առաջարկ ստացա, ցանկություն չունեի նկարահանվել. նախ ուզում էի ժամանակս տրամադրել անձնականիս, դասերիս, փորձերիս, հետո, թեեւ այնքան էլ բարդ շրջան չէր, բայց սպառվել էի. ուզում էի նորից գալ էմոցիաների այն բալանսին, որ կար տարվա սկզբում: Բայց սերիալի տնօրեն Հարություն Մովսիսյանը կարողացավ ինձ համոզել: Իհարկե, առանց կերպարին ծանոթանալու, խաղընկերների հետ շփվելու անհնար էր առաջարկն ընդունել. շատ անմիտ քայլ կլիներ իմ կողմից, քանի որ կարեւորում եմ՝ ում հետ եմ աշխատելու, ովքեր են ինձ շրջապատելու:

«Այրված անուրջներ» սերիալի նկարահանումներին


«Պարտավորեցնող է»

Այնպես ստացվեց, որ այս սերիալում եւս գլխավոր հերոսուհի եմ: Երկու անգամ անընդմեջ հանդես գալ որպես գլխավոր կերպար, կարծում եմ, էլ ավելի պարտավորեցնող է: Առաջարկն ընդունեցի, քանի որ էմոցիոնալ առումով ինձ շատ նման է կերպարը: Տարբերություններ էլ, բնականաբար, կան: Նոր կերպարը զարգացնելու դեռ շատ տեղ կա, հուսամ` էլ ավելի հետաքրքիր կդառնա:

«Ես այդպիսին չեմ»

Հերոսուհիս՝ Սոնան, հասարակ ընտանիքի աղջիկ է, խելացի է, սովորում է գերազանց, սիրում է եւ սիրված է: Բայց հետագայում կերպարը փոխվում է. հանգիստ եւ նուրբ աղջիկը դառնում է այլ մարդ: Այս փուլում այսքանը կարող եմ ասել: Կերպարն ինձ նման չէ միայն նրանով, որ կարծրատիպերով է ապրում, հասարակությունը կարողանում է նրա վրա ազդեցություն ունենալ, իսկ ես այդպիսին չեմ. հասարակությունը կարող է կարծիք կազմել, խոսել, քննադատել: Իհարկե, ինձ համար միեւնույն չէ, բայց ինձ վրա ազդել չի կարող, իսկ Սոնան ազդվում է, դիմում քայլերի, որոնք հեռուստադիտողը կտեսնի:

«Այրված անուրջներ» սերիալի նկարահանումներին


«Գոռը շատ հետեւողական է»

Նկարահանումները շատ ժամանակ են խլում, եւ դա էր հիմնական պատճառը, որ հրաժարվում էի հանդես գալ նոր նախագծում: Իսկ հոգնածությունը ազդում է առողջությանս վրա, բայց Գոռը շատ հետեւողական է, ամեն նկարահանումից հետո ինձ լավ կերակրում է:): Պատմությունը կրկնվում է. ժամերով աշխատել, ուժասպառ տուն գալ, քնել, ոչ մեկի հետ չխոսել, կտրվել աշխարհից, բայց դե, դա էլ իմ աշխատանքն է:

Բաց տեսարանների մասին

Սերիալում, ճիշտ է, բաց տեսարաններ կան, սակայն շատ հանգիստ եմ, քանի որ դրանցում ես չեմ նկարահանվել, այլ փոխարինողը: Անգամ չեմ մտածել համաձայնելու մասին, միանգամից մերժել եմ: Երբեք ինձ թույլ չեմ տա վարկաբեկել այն մարդկանց, ովքեր նկարահանվում են բաց տեսարաններում, ես դրա իրավունքը չունեմ, բայց ինքս չեմ նկարահանվի, իմ կողքի տղամարդն էլ հաստատ իրեն լավ չի զգա, ես էլ:

Մարիամ Ալեքսանյանը՝ սերիալի նկարահանումներին


Համբույրի տեսարանները

Համբույրի տեսարաններն էլ մեր օպերատորների կողմից շատ բնական են նկարահանվել. վուլգար որեւէ կադր չկա: Դրա համար շատ հնարքներ կան, որոնք նկարահանող խումբը գիտի:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարիամ Ալեքսանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW