×


«Ցենզուրայից դուրս» Դալին եւ խեցեգործ Պիկասոն՝ Ազգային պատկերասրահում

Երկու տարբեր մտածողություն, տարբեր ոճեր ու արտահայտչամիջոցներ, որոնց միավորում են միայն հանճարն ու ազգությունը. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Սալվադոր Դալիի եւ Պաբլո Պիկասոյի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը: Աշխարհահռչակ արվեստագետների գործերն առաջին անգամ միասին ներկայացվում են մեր երկրում: Ցուցադրված 260 աշխատանքներն ընտրվել են մեկենաս եւ հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, որը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի փակ շնորհանդեսին երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահը, համագործակցելով Երեւանում «Մոսկվայի տուն» կենտրոնի եւ «Ազգերի արվեստ» հիմնադրամի հետ, իր ութ ցուցասրահներում ներկայացնում է իսպանացի մեծանուն արվեստագետների գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական, կերամիկական աշխատանքները, քանդակները, ինչպես նաեւ լուսանկարներ եւ նախկինում բացված մեծ ցուցահանդեսների ազդագրեր: «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հավաքածուում մեծամասնություն են կազմում Դալիի աշխատանքները, իսկ Պիկասոն ներկայանում է 30 կերամիկական աշխատանքով եւ «Երեւակայական դիմանկարներ» ամբողջական շարքով (29 աշխատանք):

«Հանրությունը Պիկասոյին գիտի որպես անվանի գեղանկարիչ, քանդակագործ: Բայց այստեղ նա նաեւ ներկայանում է որպես բավական հաջողակ ու հետաքրքիր մտածողությամբ խեցեգործ: Պիկասոն չի օգտագործել ավանդական միջոցներ խեցեգործության ոլորտում եւ, կարելի է ասել, ինչ-որ առումով քանդակի բնույթ ու երանգ է հաղորդել իր աշխատանքներին, այսինքն՝ ձեռքով ծեփման միջոցով է աշխատել: Հայտնի է, որ իր կենցաղում նա կիրառել է այս գործերը, իր ընտանիքի հավաքածուն է եղել: Մեր ցուցահանդեսում Պիկասոն ներկայանում է նաեւ «Երեւակայական դիմանկարներ» շարքով, որում պատկերված են նրա հայրն ու մտերիմ անձինք: Նկարիչն իր յուրօրինակ մտածողության շնորհիվ փորձել է իր մտապատկերներում փոփոխության ենթարկել մարդկանց դիմագծերն ու ներկայացնել ստվարաթղթի վրա` որպես վիմագրություն»,- պատմեց Մարիամը:

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


Խոսելով Դալիի աշխատանքների մասին` ցուցահանդեսի համակարգողը նշեց, որ ներկայացված է ամբողջական մի քանի շարք, որոնցից առանձնակի հետաքրքրություն են վայելում «Մարդկային ջունգլի», «Դիցաբանություն», «Ապոլիների մերկերը», «Մարդկային արատներ» եւ այլ շարքերը:

«Ամենասկանդալայինը, կարելի է ասել, «Մարդկային արատներ» շարքն է: Դալին, իր երեւակայությանը ազատություն տալով, ինչպես միշտ, ցենզուրայից բավական դուրս աշխատանքներ է ստեղծել, ինչը հաճախ հակասական տպավորություն է ստեղծում արվեստասերների շրջանում: Բայց մենք չէինք կարող չցուցադրել, որովհետեւ Դալին իր ամբողջ կերպարով ցենզուրայից դուրս երեւույթ է եղել»,- ընդգծեց նա:

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն էլ իր բացման խոսքում նկատեց, որ նմանատիպ միջոցառումները տոն են ոչ միայն պատկերասրահի համար, այլեւ յուրահատուկ մշակութային տրամադրություն են հաղորդում ամբողջ հանրապետությանը.«Այս ցուցահանդեսն արդյունք է արվեստի հանդեպ մեծ սիրո, ընկերական հարաբերությունների ու պրոֆեսիոնալիզմի»,- ասաց նա:

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


Ցուցահանդեսի բացմանը, իհարկե, ներկա էր նաեւ հավաքորդ Ալեքսանդր Շադրինը, որը, դիմելով հյուրերին, ընդգծեց.«Եթե կարծում եք, որ գալու եք այստեղ եւ կես ժամվա ընթացքում դիտելու եք բոլոր նկարները, ապա ավելի լավ է՝ մի եկեք: Իրականությունն այն է, որ յուրաքանչյուր նկարին գոնե 30 վայրկյան նայելու համար ձեզնից կպահանջվի նվազագույնը երկու ժամ` առանց ֆիլմերը դիտելու: Այդ պատճառով զինվեք համբերությամբ, եւ եթե ժամանակ կգտնեք, դիտեք նաեւ ֆիլմերը, որոնք ես ներընտանեկան դիտման համար եմ նկարել, երկար տարիներ չեմ ցուցադրել որեւէ տեղ»:

Մոտ երեք ժամ տեւած միջոցառման, դիտման ու քննարկումների ավարտին ներկաներին մի առանձին սրահում սպասում էր նաեւ «ARARAT» կոնյակների եւ կոկտեյլների հյուրասիրություն, որը հնարավորություն էր տալիս ավելի հանգիստ մթնոլորտում զրուցել ու կիսվել տպավորություններով: Այդ զրույցներին ակտիվորեն մասնակցում էր նաեւ ինքը՝ Շադրինը:

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում


Հավելենք, որ «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը գործելու է մարտի 7-ից ապրիլի 26-ը: Ցուցահանդեսի տոմսերը կարող եք ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից կամ պատվիրել առցանց:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին