×


«Ֆրունզիկ Մկրտչյանն ապտակի տեսարանից հետո գրկում էր, սիրտս շահում». Թորիկի դերակատար

Լիբանանաբնակ Արմեն Կոյումջյանին հայրենիքում քչերը գիտեն, սակայն գրեթե բոլորը տեսել են այն ֆիլմը, որում նա իր դերակատարումն ունի։ 1980 թվականին 300 երեխաներից Արմենն ընտրվեց «Կտոր մը երկինք» ֆիլմում Թորիկին մարմանավորելու համար։ Սիրված կերպարի մանկության շրջանը մարմնավորելն անչափ հետաքրքիր էր Արմենի համար, աշխատել Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի հետ՝ աննկարագրելի հաճույք, սակայն դերասանական ուղին իրենը չհամարեց։ BRAVO.am-ը զրուցել է Թորիկի դերակատարի հետ եւ հետաքրքիր մնարամասներ բացահայտել։

- Պարո՛ն Կոյումջյան,  ինչպե՞ս 300 երխաներից հենց դուք ընտրվեցիք մանուկ Թորիկին մարմնավորելու համար։

- Մանկապարտեզի սան էի եւ ամիսներ անց պետք է գնայի դպրոց։ Մի օր մեր մանկապարտեզ այցելեցին ֆիլմի ռեժիսորի օգնականները, նայեցին բոլորիս, ինձ ասացին, որպեսզի ոտքի կանգնեմ, եւ որոշ հարցեր տվեցին։ Զարմացան, որ այդ տարիքում կարողացա շատ հստակ պատասխաններ տալ, անգամ մայրիկիս աշխատանքի վայրը բացատրեցի, նրանք էլ գնացել էին, հանդիպել մայրիկիս եւ հստակ օր ու ժամ ասել մյուս ընտրության համար։ Երբ  նշված օրը գնացինք «Հայֆիլմ» կինոստուդիա, տեսանք՝ շուրջ 300 երեխա է եկել նույն դերի համար, եւ ահա Հենրիկ Մալյանը միանգամից հավանեց ինձ։ Կար մեկ կարեւոր նախապայման՝ ֆիլմում Թորիկին մարմնավորող երեք տղաներն էլ պետք է նման լինեին միմյանց։ Օգոստոսի վերջն էր, երբ արդեն պատրաստվում էի դպրոցում առաջին քայլերն անելուն, մեզ հետ կապվեցին՝ ասելով, որ սեպտեմբերին մեկնարկելու են ֆիլմի նկարահանումները, եւ պետք է գնամ Լենինական(Գյումրի)։

Արմեն Կոյումջյանը


- Առաջին դասարան, նկարահանումներ այլ քաղաքում. ինչպե՞ս կարգավորվեց իրավիճակը:

- Գնացի դպրոց, ստացա գրքերս ու շտապեցի նկարահանումների։ Մեկուկես ամիս  տեւած նկարահանումներից հետո եկա եւ հունի մեջ ընկա. սովորեցի եւ հասա դասընկերներիս։

-Հաշվի առնելով «Կտոր մը երկինք»  ֆիլմի մեծ հաջողությունը՝ վստահ եմ՝ դպրոցում Ձեզ շատերն են ճանաչել։

- Իհարկե: Եվ ոչ միայն իմ դպրոցում, շատուշատ այլ վայրերում մարդիկ ինձ ճանաչում էին, սիրում։ Երբ իմ անունն էին տալիս, չէի արձագանքում, երբ ասում էին՝ Թորիկ կամ Թոր, ակամայից շրջվում էի։ Բոլորն ինձ որպես Թորիկ գիտեին։ Անգամ ընկերներս, հարազատներս էին ինձ այդպես դիմում:

- Բախտ եք ունեցել աշխատելու Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի հետ: Հետաքրքիր ի՞նչ դեպքեր կհիշեք։

- Մհեր Մկրտչյանի հետ շատ չեմ շփվել, հիմնականում այդ միջանկյալ հատվածներն են եղել, սակայն հիշում եմ, որ Լենինականում մի անգամ միասին գնացել էինք խինկալի ուտելու։ Կհիշե՞ք, ֆիլմում ապտակի հատված կար, եւ Մալյանը չէր կողմնորոշվում, թե ում պետք է ապտակել, ի վերջո, որոշվեց, որ ապտակն ինձ պետք է  հասնի: Ապտակելուց առաջ Մհեր Մկրտչյանն ասում էր՝ «Կներես, դերն է այդպիսին», բայց ապտակից հետո գրկում էր, սիրտս շահում... Ասեմ՝ ծանր էլ ձեռք ուներ (ծիծաղում է,-հեղ.)։

-Մի խոսքով, մինչեւ այսօր այդ ապտակը հիշում եք:

- Այո, բայց, իհարկե, ուրիշ հիշողություններ էլ կան։ Ֆիլմի սցենարիստներից Ստեփան Ալաջաջյանն իմացավ՝ լոլիկ շատ եմ սիրում, մեկ արկղ գնեց եւ բերեց, ես այդ արկղի կեսը վայելեցի, որից հետո, քանի որ անձնակազմի ամենափոքր անդամն էի, ինձ նորից սիրաշահեցին՝ այս անգամ էլ փքաբլիթ հյուրասիրելով, որն, ըստ էության, լոլիկի հետ ներդաշնակ չեղավ, եւ սկսեցի փսխել (ծիծաղում է,-հեղ.): Հետաքրքիրն այն է, որ լոլիկից չզզվեցի, բայց փքաբլիթ երկար ժամանակ չեմ կերել։ Բոլորն ինձ շատ էին սիրում եւ երես էին տալիս։

Արմեն Կոյումջյանը՝ Թորիկի կերպարում


- Իսկ ո՞ւմ հետ եք կապը պահպանել։

-Դե, հիմնական մասը, ցավոք, ողջ չէ: Հարություն Մովսիսյանի, Աշոտ Ադամյանի հետ փորձում էի կապ պահպանել, երբ դեռ գրանցված էի սոցցանցերում:

-Կարծեմ՝ այլ ֆիլմերում էլ եք նկարահանվել:

-Այո, սակայն դրանք ավելի էպիզոդիկ դերեր էին. մեկը՝ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի էկրանավորումում, մյուսն էլ «Համր վկան» ֆիլմն էր։ Իրականում Հենրիկ Մալյանն ինձ շատ էր հավանել, ինչի արդյունքում խաղում էի իր թատրոնում. «Իմ անունն Արամ է» եւ մյուս ներկայացումներում էի ներգրավված, բայց 1986 թվականից հետո թողեցի դերասանական աշխարհը։

-Իսկ ո՞րն էր պատճառը։

- Հայաստանում իրավիճակն այլ էր, կյանքիս պլաններն էին փոխվել, հետաքրքիր բան էլ կար՝ նկատում էի, որ դերասանների ընտանիքներում բաժանություններն ու անհամաձայնությունները շատ էին... Ես մինչ այսօր ընտանիքի հանդեպ շատ զգույշ եմ։ Մտածում եմ՝ մարդ պետք է ունենա մեկ ընտանիք եւ վայլի ընտանեկան սերն ու ջերմությունը։

Արմեն Կոյումջյանը


- Պարզ է՝ դերասանական փոքր-ինչ ազատ կյանքը Ձեզ վանեց, իսկ ո՞ր ուղղությամբ շարունակեցիք։

- 8-րդ դասարանից հետո ընդունվեցի կապի տեխնիկում, այնուհետեւ ավտովթարի ենթարկվեցինք, ինչի արդյունքում կորցրի իմ երկու ընկերներին... Այլեւս չէի  ցանկանում Հայաստանում մնալ, փոփոխություններ էի փնտրում։ 1991 թվականին մեկնեցի Բեյրութ՝ տատիկիս եւ պապիկիս մոտ, սակայն չհարմարվեցի. այնտեղ պատերազմը նոր էր ավարտվել, եւ երբ օդանավակայանից դուրս եկա, հիասթափվեցի: Լսել էի, որ այն փոքրիկ Փարիզն է, մտքումս ինքս ինձ ասացի՝ եթե սա փոքրն է, ապա մեծն էլ չեմ ուզում տեսնել, վերադարձա Հայաստան, որոշ ժամանակ անց կրկին մեկնեցի Լիբանան, որտեղ սովորեցի Հայկազյան համալսարանում՝ ստանալով համակարգչային մասնագետի որակավորում։ Իսկ ոլորտներին իմ կյանքում բազմազան են եղել։

- Իսկ ո՞րն է այս անգամ Հայաստան գալու նպատակը։

- Ցանկանում եմ արագ սննդի ցանց հիմնել, որի գլխավոր գրասենյակը կլինի Հայաստանում եւ այստեղից կսփռվի այլուր։ Այն արվելու է նոր տեխնոլոգիաներով, տեսնենք՝ ինչպես կստացվի։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «National» հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW