×


#գաՌուն սեզոնի փակումն իր հետ չի տանի գառան մսով ուտեստների ճաշացանկը

#գաՌուն սեզոնի մասին դժվար թե որեւէ մեկը լսած չլինի, հատկապես որ շատերն այս գարնանը հասցրին գառան մսով պատրաստված համեղ կերակուրներ ճաշակել «MBG Hospitality» ընկերության ռեստորաններում: «Գառը գարնանը կեր» կարգախոսով նրանք հրավիրում էին օգտվելու հատուկ կազմված ճաշացանկից, ընդ որում՝ յուրաքանչյուր ռեստորանի համար առանձին մենյու էր կազմվել: Սեզոնի բացումը տեղի էր ունեցել դեռ ապրիլի սկզբին, իսկ երեկ՝  մայիսի 30-ին, ընկերության աշխատակիցներն իրենց գործընկերների եւ հյուրերի հետ նշում էին #գաՌուն-ի  փակումը: «White Hall by Tsirani»-ում կայացած միջոցառման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը, զրուցել ընկերության ներկայացուցչի հետ եւ, իհարկե, լուսանկարել հյուրերին:

#գաՌուն-ի փակմանը


Մինչ բոլոր հյուրերը կժամանեին այգի-ռեստորանի բացօթյա սրահ, հասցրինք զրուցել «MBG Hospitality»-ի PR մենեջեր Աննա Սալոմեի հետ, ով իր խոսքում ընդգծեց՝ #գաՌուն նախագծի նպատակը գառան մսով կերակուրները թրենդային դարձնելն էր.«Մենք շատ ուրախ կլինենք, եթե մյուս տարի մեզ միանան հայկական շուկայում գործող այլ ռեստորաններ եւս, քանի որ արդյունքը ցույց տվեց՝ հրաշալի աշխատող գաղափար է: Գլխավոր նպատակն էր թե՛ հայկական, եւ թե՛ եվրոպական խոհանոց առաջարկող ռեստորաններում ժամանակակից ձեւով ու մատուցմամբ ներկայացնել գառան մսով ուտեստներ: Ընդ որում՝ մենյուները խիստ տարբեր էին: Եթե, օրինակ, ցանկանայիր գառան սթեյք համտեսել, ապա պարտադիր պիտի «Ոստան» այցելեիր, քանի որ սթեյքը մատուցում են «Ոստան»-ում»:

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը


Նրանից հետաքրքրվեցինք՝  արդյոք #գաՌուն սեզոնի փակումը նշանակում է, որ ընկերության ռեստորաններում այլեւս չեն մատուցվի գառան մսով կերակուրներ: Աննան, ի ուրախություն շատերի, ասաց, որ գառան մսով կերակուրներ եղել են և լինելու են ողջ տարվա ընթացքում, բայց հատուկ մենյուն իհարկե կդադարի գործել: Պարզապես նախագիծը նպատակ ուներ հաղորդագրությունը ճիշտ տեղ հասցնել՝ գառը հարկավոր է գարնանն ուտել: Չէ՞ որ գառան միսն ամենահամեղը հենց գարնանն է, երբ կենդանին սկսում է թարմ խոտով սնվել: Աննան նաեւ նկատեց՝ այն մարդիկ, ովքեր ասում էին, թե գառան միս չեն սիրում, եկել են, կերել ու համոզվել, որ ճաշատեսակի համն ու հոտը կախված է պատրաստման եղանակից ու մատուցման ձեւից:

#գաՌուն-ի փակմանը


Մինչ մենք կավարտեինք մեր զրույցը, միջոցառման հյուրերն արդեն հավաքվել էին ֆոտո-զոնայում եւ հաճույքով լուսանկարվում էին հատուկ ստեղծված անկյունում: Ոմանք էլ այդ ընթացքում օգտվում էին «Armenia Wine» ապրանքանիշի «Տակառ» գինիների հյուրասիրությունից: Շուտով, սակայն, «White Hall»-ի բեմում հայտնվեցին «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի տղաները, եւ բոլոր ներկաներն արդեն հավաքվեցին մեծ, սպիտակ վրանում: Այստեղ նույնպես համեղ հյուրասիրություն էր սպասվում նրանց:

#գաՌուն-ի փակմանը


Երեկոյի ավարտին ռեստորանի հմուտ խոհարարները մատուցեցին պտուտակի վրա պատրաստված գառը, որի հետքերն էլ շուտով չմնացին սեղանին, քանի որ ֆուդ-շոուի ավարտին բոլոր հյուրերը շտապեցին համտեսել համեղ միսը: Շատ չանցած, հանդիսավոր կերպով կտրվեց նաեւ տոնական մեծ տորթը: Դե, իսկ դուք կարող եք պարզապես չհիանալ միջոցառման ընթացքից փոխանցվող տրամադրությամբ, այլ անձամբ շտապել «MBG Hospitality» ընկերության ռեստորաններից որեւէ մեկն ու ճաշակել գառան մսով համեղ կերակուրները. չէ՞ որ սեզոնի փակումը ձեզ այդ հնարավորությունից չի զրկում:):

#գաՌուն-ի փակմանը


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին