“Հիմա ինձ չեն հետաքրքրում բնորդուհիները”
Նկարիչը գույներով է խոսում : )
Երեւանից` Գլենդել, ռեալիզմից` աբստրակցիա, ցուցահանդեսները` Երեւանից Փարիզով մինչեւ Կորեա, որդիներից մեկը` գրաֆիկ դիզայներ, մյուսը նկարչության հետ կապ չունի:): Նկարիչ Ալեքսանդր Սադոյանը 1975 թվականին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու, ինչպես ինքն է նշում, կյանքն ամբողջովին նվիրել ստեղծագործությանը: Մինչ Bravo.am-ի հարցազրույցը ներկայացնելը, բոլոր նկարիչներին ի գիտություն. գեղանկարիչ Ալեքսանդր Սադոյանը նշում է` քար էլ նկարես, պետք է լավ նկարես, որ մարդկանց ուղեղը ջարդի:):
- Ձեր ոճը:
- Սկսել եմ ռեալիստականից, հիմա` աբստրակտ. վերացական արվեստին եմ մոտեցել: Մարդ նույն կետում չի կարող մնալ, ամեն տարի փոփոխվում է, անընդհատ նոր բաների մասին ես մտածում: Հնարավոր չի ամբողջ կյանքում միայն ծառ ու սար նկարել: Սիրուն է, լավ է, բայց մտքեր կան` շարադրման, ստեղծագործելու կարիք ունեն: Այ հենց այդտեղ է, որ քո ձեռագիրն ես ցույց տալիս: Մարդկանց պետք է հետաքրքիր լինի, դա է կարեւոր: Դիմանկար, բնապատկերներ եմ նկարում:
- Բնորդներին ի՞նչ սկզբունքով եք ընտրում:
- Բնորդին պետք է շատ հավանեմ, որ նկարեմ: Ամեն մարդու պորտրետ չեմ ստեղծի: Սրտիս պետք է մոտ լինի, մի հետաքրքիր բան պետք է գտնեմ այդ մարդու մեջ ու հոգի դնեմ դիմանկարի մեջ: Նկարել եմ ականավոր շատ հայերի` Վիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի, Սերգեյ Փարաջանով, Շառլ Ազնավուր, Ավետիք Իսահակյան, Մհեր Մկրտչյան, Պարույր Սեւակ…
- Մեծանուն շանսոնիեի նկարն իրեն նվիրե՞լ եք:
- Շառլ Ազնավուրին նկար նվիրել եմ, բայց պորտրետն ինձ մոտ է:): Կգա ժամանակն ու այդ դիմանկարն էլ կնվիրեմ:
- Նշեցիք` անվանի հայերի եք նկարել, իսկ ձեր բնորդների շարքում արտասահմանցիներ կա՞ն:
- Այո, բայց հիմնականում ցանկանում եմ իմ ազգի ներկայացուցիչներին նկարել:
- Թիթեռներ են թռնում Ձեր նկարներում:):
- Շատ եմ սիրում թիթեռը ձեռքին աղջիկ նկարել: Թիթեռը թռնող է, միշտ շարժման մեջ, թռնում, գնում է:
- Աղջիկների պե՞ս:
- Աղջիկները կարող են թռչել կամ չթռչել : ), բայց թիթեռը գեղեցիկ էֆեկտ է, որ ցանկացել եմ ցույց տալ աղջկա ձեռքի մեջ: Թռչուններ էլ եմ սիրում նկարել, ինչ էլ որ նկարես, պետք է շատ սիրուն նկարես, հոգի պետք է մեջը դնես: Քար էլ նկարես, պետք է լավ նկարես, որ մարդկանց ուղեղը ջարդի:
- Ի՞նչ նյութերով եք աշխատում:
- Հիմնականում` յուղաներկով, բայց գրաֆիկական գործեր էլ եմ անում տարբեր նյութերով: Իմ հիմքը յուղաներկն է:
- Գույները:
- Ամեն նկարիչ իր գույներն ունի, ես սիրում եմ վառ գույներով աշխատել, երեւի բնավորությունիցս է: Գույնը կյանք է, գույներով եմ ես խոսում:
- Սեւն է՞լ է կյանք:
- Երեկոն ի՞նչ է. գույն է, որ նայում ես: Եթե սեւը չլիներ, երեկո չէինք ունենա: Բոլոր գույներն էլ պետք են աշխարհին, անխտիր բոլոր գույները սիրում եմ:
- Գույների հայկականությունը ո՞րն է:
- Չգիտեմ, ամերիկացին էլ է սիրում կարմիր, հայն էլ, բոլորն էլ բոլոր գույները սիրում են, նկարչությունն էլ համաշխարհային է:
- Ամերիկայում լա՞վ եք Ձեզ զգում:
- 14 տարի է` ապրում եմ, սովորել եմ, բայց այն լավ բանը, որ ունեմ, իմ երկրից եմ բերել այստեղ: Հարգում եմ այն տեղը, որտեղ ապրում եմ: Լավ կլիներ, որ բոլորս մեր երկրում ապրեինք:
- Միացյալ Նահանգներն ազդե՞լ են Ձեր ոճի վրա:
- Ես Երեւանում էլ ազատ էի նկարում, ինչպես որ ցանկանում էի. կապ չունի:
- Հիմա ի՞նչ եք նկարում :
- Երաժշտական գործիքների շարք եմ ստեղծում աբստրակտ ոճում. ջութակ, ֆլեյտա…
-Դուդո՞ւկ:
- Դուդուկ էլ եմ նկարել, այո, մեր ազգային գործիքն է: Ուզում եմ հայկական տառերը նկարել: Փնտրտուքի մեջ եմ, փնտրում եմ, մինչեւ որ գտնում եմ: Ցուցահանդեսներին էլ միայն վերջին աշխատանքներն եմ ներկայացնում. այստեղ չեն սիրում, որ տասը տարվա նկար ես ցույց տալիս, միայն նոր բաներ:
- Նշեցիք` Երեւանում անթիվ ցուցահանդեսներ եք ունեցել, իսկ Միացյալ Նահանգներում ներկայանալու հնարավորություն տալի՞ս են:
- Դու ինքդ պետք է քեզ ներկայացնես: Շատ հազվադեպ է լինում ու դրամի հետ է կապված, որ համաձայնեն քեզ ներկայացնել: Մարդիկ ռիսկ չեն անում ներկայացնել, երգիչների դեպքում ուրիշ է: Նկարչությունը ինդիվիդուալ է, դու ինքդ պետք է քո ճամփեն հարթես ու ուրիշների օգնությանը չսպասես:
- Ամերիկյան հողում Ձեր առաջին անհատական ցուցահանդեսի ճամփան ե՞րբ հարթեցիք : ):
- 2000 թվականին, այնտեղ հաստատվելուց չորս տարի հետո: Իսկ հետո արդեն սկսվեց…Իրար հետեւից անհատական ու խմբակային շատ ցուցահանդեսներ են կազմակերպվում:
- Գլենդել քաղաքում եք ապրում, հայ նկարիչներն այդտեղ շա՞տ են:
- Շատ-շատ են, բայց ոմանք էլ չեն նկարում: Նվիրումից է գալիս, եթե շատ նվիրված ես, շարունակում ես գործդ: Մարդիկ կան` նկարելը թողել ու ուրիշ գործով են զբաղվում:
- Հայ նկարիչների միություն ստեղծելու փորձ եղե՞լ է:
- Այո, բայց ապարդյուն էր: Ոչ մի բանի չբերեց: Էլի ֆինանսի հետ է կապված կազմակերպելը, նկարիչներն էլ, դե գիտեք, այդքան շատ գումար չունեն:
- Ձեր նկարները հայերին թա՞նկ եք վաճառում : ):
- Հայերը շատ չեն գնում, օտարազգիներն են ձեռք բերում իմ նկարները: Հայերի ձեռքն այդքան փող չկա, նկարները թանկ հաճույք են, մի տոմս չի, որ առնես, գնաս համերգի: Բացի այդ Art-ի վրա գումար չեն ծախսում: Նորմալ վաստակում եմ, նորմալ ապրում:
- Շա՞տ նկար եք Երեւանում թողել:
- Պատկերացրեք, հիմա արդեն բոլոր նկարներս ինձ մոտ են, բերել եմ: Երեխեքի նման նայում եմ, փայփայում եւ պահում:
- Նվիրել չի՞ ստացվում: ):
- Առաջ շատ դժվար էր, բայց հիմա ուրախությամբ նվիրում եմ: Մտածում ես` ո՞ւմ համար ես նկարում. մարդկանց, որ իրենց տանը կախեն: Ուրախությամբ պետք է նվիրես:
- Մերկ մարմինն ի՞նչ է ձեզ համար:
- Գեղեցկություն է, ամենամեծ բանը: Նկարներովս մարդկանց ցույց եմ տալիս` ինչքան գեղեցիկ է մարմինը: Բոլոր ժամանակներում էլ նկարիչները հրապուրված են եղել այդ գեղեցկությամբ եւ ցանկացել են ցույց տալ:
- Բնորդուհիները հե՞շտ են համաձայնում մերկ նկարվել:
- Դա ժամանակին էր, հիմա ինձ չեն հետաքրքրում բնորդուհիները: Կոմպոզիցիաներ եմ նկարում, իմ երազներն ու պատկերացումները, աշխարհից կտրված նկարներ են:
- Ինչո՞ւ կտրվեցիք աշխարհից:
- Ստեղծագործելու համար պետք է կտրվել աշխարհից:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Սադոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: