×


Ալեքսանդր Սադոյան

Ալեքսանդր Սադոյան

“Հիմա ինձ չեն հետաքրքրում բնորդուհիները” Նկարիչը գույներով է խոսում : ) Երեւանից` Գլենդել, ռեալիզմից` աբստրակցիա, ցուցահանդեսները` Երեւանից Փարիզով մինչեւ Կորեա, որդիներից մեկը` գրաֆիկ դիզայներ, մյուսը նկարչության հետ կապ չունի:): Նկարիչ Ալեքսանդր Սադոյանը 1975 թվականին ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու, ինչպես ինքն է նշում, կյանքն ամբողջովին նվիրել ստեղծագործությանը: Մինչ Bravo.am-ի հարցազրույցը ներկայացնելը, բոլոր նկարիչներին ի գիտություն. գեղանկարիչ Ալեքսանդր Սադոյանը նշում է` քար էլ նկարես, պետք է լավ նկարես, որ մարդկանց ուղեղը ջարդի:): Alexsander Sadoyan - Ձեր ոճը: - Սկսել եմ ռեալիստականից, հիմա` աբստրակտ. վերացական արվեստին եմ մոտեցել: Մարդ նույն կետում չի կարող մնալ, ամեն տարի փոփոխվում է, անընդհատ նոր բաների մասին ես մտածում:  Հնարավոր չի ամբողջ կյանքում միայն ծառ ու սար նկարել: Սիրուն է, լավ է, բայց մտքեր կան` շարադրման, ստեղծագործելու կարիք ունեն: Այ հենց այդտեղ է, որ քո ձեռագիրն ես ցույց տալիս: Մարդկանց պետք է հետաքրքիր լինի, դա է կարեւոր: Դիմանկար, բնապատկերներ եմ նկարում: - Բնորդներին ի՞նչ սկզբունքով եք ընտրում: - Բնորդին պետք է շատ հավանեմ, որ նկարեմ: Ամեն մարդու պորտրետ չեմ ստեղծի: Սրտիս պետք է մոտ լինի, մի հետաքրքիր բան պետք է գտնեմ այդ մարդու մեջ ու հոգի դնեմ դիմանկարի մեջ: Նկարել եմ ականավոր շատ հայերի` Վիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի, Սերգեյ Փարաջանով, Շառլ Ազնավուր, Ավետիք Իսահակյան, Մհեր Մկրտչյան, Պարույր Սեւակ… - Մեծանուն շանսոնիեի նկարն իրեն նվիրե՞լ եք: - Շառլ Ազնավուրին նկար նվիրել եմ, բայց պորտրետն ինձ մոտ  է:): Կգա ժամանակն ու  այդ դիմանկարն էլ կնվիրեմ: Sharl Aznavur - Նշեցիք` անվանի հայերի եք նկարել, իսկ ձեր բնորդների շարքում արտասահմանցիներ կա՞ն: - Այո, բայց հիմնականում ցանկանում եմ իմ ազգի ներկայացուցիչներին նկարել: - Թիթեռներ են թռնում Ձեր նկարներում:): - Շատ եմ սիրում թիթեռը ձեռքին աղջիկ նկարել: Թիթեռը թռնող է, միշտ շարժման մեջ, թռնում, գնում է: - Աղջիկների պե՞ս: - Աղջիկները կարող են թռչել կամ չթռչել : ), բայց թիթեռը գեղեցիկ էֆեկտ է, որ ցանկացել եմ ցույց տալ աղջկա ձեռքի մեջ: Թռչուններ էլ եմ սիրում նկարել, ինչ էլ որ նկարես, պետք է շատ սիրուն նկարես, հոգի պետք է մեջը դնես: Քար էլ նկարես, պետք է լավ նկարես, որ մարդկանց ուղեղը ջարդի: - Ի՞նչ նյութերով եք աշխատում: - Հիմնականում` յուղաներկով, բայց  գրաֆիկական գործեր էլ եմ անում տարբեր նյութերով: Իմ հիմքը յուղաներկն է: - Գույները: - Ամեն նկարիչ իր գույներն ունի, ես սիրում եմ վառ գույներով աշխատել, երեւի բնավորությունիցս է: Գույնը կյանք է, գույներով եմ ես խոսում: Mher Mkrtchyan - Սեւն է՞լ  է կյանք: - Երեկոն ի՞նչ է. գույն է, որ նայում ես: Եթե սեւը չլիներ, երեկո չէինք ունենա: Բոլոր գույներն էլ պետք են աշխարհին, անխտիր բոլոր գույները սիրում եմ: - Գույների հայկականությունը ո՞րն է: - Չգիտեմ, ամերիկացին էլ է սիրում կարմիր, հայն էլ, բոլորն էլ բոլոր գույները սիրում են, նկարչությունն էլ համաշխարհային է: - Ամերիկայում լա՞վ եք Ձեզ զգում: - 14 տարի է` ապրում եմ, սովորել եմ, բայց այն լավ բանը, որ ունեմ, իմ երկրից եմ բերել այստեղ: Հարգում եմ այն տեղը, որտեղ ապրում եմ: Լավ կլիներ, որ բոլորս մեր երկրում ապրեինք: - Միացյալ Նահանգներն ազդե՞լ են Ձեր ոճի վրա: - Ես Երեւանում էլ ազատ էի նկարում, ինչպես որ ցանկանում էի. կապ չունի: Նկարիչը գույներով է խոսում - Հիմա ի՞նչ եք նկարում : - Երաժշտական գործիքների շարք եմ ստեղծում աբստրակտ ոճում. ջութակ, ֆլեյտա… -Դուդո՞ւկ: - Դուդուկ էլ եմ նկարել, այո, մեր ազգային գործիքն է: Ուզում եմ հայկական տառերը նկարել: Փնտրտուքի մեջ եմ, փնտրում եմ, մինչեւ որ գտնում եմ: Ցուցահանդեսներին էլ  միայն վերջին աշխատանքներն եմ ներկայացնում. այստեղ չեն սիրում, որ տասը տարվա նկար ես ցույց տալիս, միայն նոր բաներ: - Նշեցիք` Երեւանում անթիվ ցուցահանդեսներ եք ունեցել, իսկ  Միացյալ Նահանգներում  ներկայանալու հնարավորություն տալի՞ս են: - Դու ինքդ պետք է քեզ ներկայացնես: Շատ հազվադեպ է լինում ու  դրամի հետ է կապված, որ համաձայնեն քեզ ներկայացնել: Մարդիկ ռիսկ չեն անում ներկայացնել, երգիչների դեպքում ուրիշ է: Նկարչությունը ինդիվիդուալ է, դու ինքդ պետք է քո ճամփեն հարթես ու ուրիշների օգնությանը չսպասես: Նկարչի աշխատանքներից - Ամերիկյան հողում Ձեր առաջին անհատական ցուցահանդեսի ճամփան ե՞րբ հարթեցիք : ): - 2000 թվականին, այնտեղ հաստատվելուց չորս տարի հետո: Իսկ հետո արդեն սկսվեց…Իրար հետեւից անհատական ու խմբակային շատ ցուցահանդեսներ են կազմակերպվում: - Գլենդել քաղաքում եք ապրում, հայ նկարիչներն այդտեղ շա՞տ են: - Շատ-շատ են, բայց ոմանք էլ չեն նկարում: Նվիրումից է գալիս, եթե շատ նվիրված ես, շարունակում ես գործդ: Մարդիկ կան` նկարելը  թողել ու ուրիշ գործով են զբաղվում: - Հայ նկարիչների միություն ստեղծելու փորձ եղե՞լ է: - Այո, բայց ապարդյուն էր: Ոչ մի բանի չբերեց: Էլի ֆինանսի հետ է կապված կազմակերպելը, նկարիչներն էլ, դե գիտեք, այդքան շատ գումար չունեն: Նկարիչը սիրում է վառ գույներով աշխատել - Ձեր նկարները հայերին թա՞նկ եք վաճառում : ): - Հայերը շատ չեն գնում, օտարազգիներն են ձեռք բերում իմ նկարները: Հայերի ձեռքն այդքան փող չկա, նկարները թանկ հաճույք են, մի տոմս չի, որ առնես, գնաս համերգի: Բացի այդ Art-ի վրա գումար չեն ծախսում: Նորմալ վաստակում եմ, նորմալ ապրում: - Շա՞տ նկար եք Երեւանում թողել: - Պատկերացրեք, հիմա արդեն բոլոր նկարներս ինձ մոտ են, բերել եմ: Երեխեքի նման նայում եմ, փայփայում եւ պահում: - Նվիրել չի՞ ստացվում: ): - Առաջ շատ դժվար էր, բայց հիմա ուրախությամբ նվիրում եմ: Մտածում ես` ո՞ւմ համար ես նկարում. մարդկանց, որ իրենց տանը կախեն: Ուրախությամբ պետք է նվիրես: Ալեքսանդր Սադոյանի աշխատանքներից - Մերկ մարմինն ի՞նչ է ձեզ համար: - Գեղեցկություն է, ամենամեծ բանը: Նկարներովս մարդկանց ցույց եմ տալիս` ինչքան գեղեցիկ է մարմինը: Բոլոր ժամանակներում էլ նկարիչները հրապուրված են եղել այդ գեղեցկությամբ եւ ցանկացել են ցույց տալ: - Բնորդուհիները հե՞շտ են համաձայնում մերկ նկարվել: - Դա ժամանակին էր, հիմա ինձ չեն հետաքրքրում բնորդուհիները: Կոմպոզիցիաներ եմ նկարում, իմ երազներն ու պատկերացումները, աշխարհից կտրված նկարներ են: - Ինչո՞ւ կտրվեցիք աշխարհից: - Ստեղծագործելու համար պետք է կտրվել աշխարհից: Զրուցեց  Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Ալեքսանդր Սադոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport