70-ամյակին նվիրված ցուցահանդես
Հունվարի 15-ին ՀՀ նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես` նվիրված գրքարվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանի 70-ամյա հոբելյանին: Այն հատկանշական էր նաեւ նրանով, որ Նկարիչների միությունը ներկայացավ 2010թ-ի առաջին միջոցառմամբ:
Ցուցահանդեսին ներկայացված էին մի քանի հարյուր գրաֆիկական գործեր: Բացման խոսքով հանդես եկավ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով կարեւորեց այն փաստը, որ Արա Բաղդասարյանը մեծ ներդրում ունի գրաֆիկայի զարգացման գործում. “Մեծ է նաեւ նրա դերը տառարվեստի բնագավառում”:
Արա Բաղդասարյանի գրաֆիկական աշխատանքներն ընդգրկում են տարբեր երեւույթներ եւ թեմաներ: Այստեղ կարող ենք հանդիպել մեզ քաջ ծանոթ գրքային եւ հեքիաթային հերոսների: Աշխատանքները տարբեր են նաեւ տեխնիկական առումով. ջրաներկով գործեր, տպագրական գրաֆիկա, գրքային տառատեսակներ, վայելչագրություն եւ այլն:
Bravo.am-ի հետ զրույցում Արա Բաղդասարյանն ասաց, որ ներկայացրել է տարբեր տարիների աշխատանքներ. “Դրանց մի մասը նոր են, մյուսները` մասնակցել են եվրոպական տարբեր երկրների ցուցահանդեսներին”:
Արա Բաղդասարյանը նշում է, որ ցուցահանդես կազմակերպելը բարդ է, բայց այսօր հասարակության մոտ իրական արվեստի քաղց կա: Նկարիչն ասում է, որ մեր ժողովուրդը սիրում է բարձրարժեք արվեստ, սակայն մեզ մոտ պակասում է ինքնատիպությունը, ձեռագիրը. “Սա է պատճառը, որ շատերը չեն այցելում ցուցահանդեսներ”:
Իր արվեստն Արա Բաղդասարյանն առանձնացնում է մյուսներից տեխնիկայի տարբերությամբ. “Սա բերում է նաեւ թեմայի եւ մոտեցման տարբերության”:
Գրաֆիկ-նկարչի գործը Արա Բաղդասարյանն ասոցացնում է դերասանի մասնագիտության հետ. “Դու պետք է ընկալես հերոսի ասելիքն ու մարմնավորես կոնկրետ դերը”:
Արա Բաղդասարյանն ասում է, որ կշարունակի աշխատել եւ նորանոր դերեր մարմնավորել: Նշենք, որ Արա Բաղդասարյանը ՀՀ նկարիչների միության անդամ է, Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, գրաֆիկայի ամբիոնի վարիչ, “Զանգակ 97” հրատարակչության գեղարվեստական խմբագիր:
Արա Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունվարի 27-ը:
Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: