×


Արմենուհի

Արմենուհի

Սիրահարների այգու առաջին արձանը Երեւանի սիրահարների այգում այսօր տեղի ունեցավ այգու առաջին քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքը Երեւանին է նվիրել նրա “Արմենուհի” կերամիկական քանդակը: “Արմենուհի” քանդակը “Արմենուհի”-ն պատրաստվել է 1968 թվականին: 1.9 մետր բարձրությամբ արձանը նախկինում ցուցադրվել է միայն մեկ անգամ: Հռիփսիմե Սիմոնյանը խորհրդային շրջանում վերածնել է հայկական ավանդական կերամիկական արվեստը: “Արմենուհի” քանդակի բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանդակագործի ընտանիքը, աշակերտները, արվեստագետներ: Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհին` Արեւիկ Գրիգորյանը, բացում են “Արմենուհի” քանդակը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շնորհավորեց բոլորին եւ խոստացավ հայկական խորհրդանիշների տեղադրումը քաղաքում շարունակական դարձնել: “Մենք աշխարհին կարող ենք զարմացնել միայն մեր մշակույթով եւ արվեստով: Եվ Երեւան քաղաքում այդ ամենը ներկայացնելը մեծ պատիվ է”,- ասաց Գագիկ Բեգլարյանը: Ճարտարապետ Արծվին Գրիգորյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհու` Արեւիկ Գրիգորյանի ցանկությունն է եղել քանդակը Երեւանում տեղադրել: “Երկար տարիներ տատիս արվեստանոցում ենք պահպանել: “Արմենուհին” չի ստեղծվել, որ միայն մենք դիտենք: Հիմա այն կլինի գեղեցիկ մթնոլորտում ու կծառայի ժողովրդին: Հավաքական հայուհու կերպարն է, ով ուժեղ է, գեղեցիկ, հմայիչ”,- ասաց քանդակագործի թոռնուհին` Արեւիկ Գրիգորյանը: “Սիրահարված մարդիկ ավելի լավ են գեղեցկությունը գնահատում: Իսկ սիրահարների այգի գալիս են սիրահարվածները: Արվեստը պետք է շփվի շրջապատի հետ, մարդկանց հետ` արվեստանոցում մնալու փոխարեն: Մորս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է”,- ասաց Հռիփսիմե Սիմոնյանի որդին` ճարտարապետ Արծվին Գրիգորյանը: Սիրահարների այգում “Արմենուհին” միայն մեկ անգամ է ցուցադրվել Նկարիչների միությունում: Այսօր քանդակի բացման արարողությանը ներկա էր նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: “Այս այգին շատ հուշեր է արթնացնում: Շատ ուրախ եմ, որ նման ջերմ քանդակ տեղադրվեց այստեղ: Դեկորատիվ արվեստի նմուշ է: Հռիփսիմե Սիմոնյանը այդ արվեստի լավագույն ներկայացուցիչներից էր, ափսոս, վերջին ժամանակները այդ մասին ավելի քիչ են հիշում”,- ասաց Կարեն Աղամյանը: “Մեր արվեստի ազգային ոգին կզգայիք Հռիփսիմե Սիմոնյանի արվեստանոցում: Նրա արվեստը գնահատում էին Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը: Նա կիրառական արվեստի հիմնադիրն է Հայաստանում”,- ասաց արվեստաբան Շահեն Խաչատրյանը: “Արմենուհի” քանդակի բացումը Քնարիկ Հարությունյանը շատ է հավանում “Արմենուհի” քանդակը: “Քանդակված է իսկական հայուհի: Հռիփսիմե Սիմոնյանի արվեստին լավ ծանոթ եմ: Իմ դասախոսը իր աշակերտուհին է եղել”,- ասաց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհին: Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է 1916 թվականին Կարսում, մահացել է 1988 թվականին Երեւանում: Քանդակագործը բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում եւ Կիեւում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին