×


Արթուր Բոբիկյան

Արթուր Բոբիկյան

“Սիրահարվել եմ երգեհոնին” : ) “Երգեհոնի երաժշտությունը լսելիս  հասկանում ես` սիրո, Աստծո, հոգեւորի մասին մեծ ասելիք ունի: Այն յուրահատուկ գործիքներից է, որ շատ աստվածային է, ես էլ հավատում եմ Աստծուն ու սիրահարվեցի այս գործիքին”,- իր սրտի ու երգեհոնի նմանության, ներդաշնակության մասին Bravo.am-ին պատմեց օրերս Մանչեսթերից Երեւան ժամանած Արթուր Բոբիկյանը: Artur Bobikyan Երգեհոնահարն ու կոմպոզիտորը հունիսի 18-ին` ժամը 18:00-ին երգեհոն է նվագելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Մուտքն ազատ է, Արթուրն էլ ներկայացնելու է երգեհոնի համար գրած իր ստեղծագործությունները, հայկական շարականների իր մշակումները, մեկ եվրոպական գործ, ինչպես նաեւ կհնչեն իր գրած ոչ հոգեւոր գործերը: Վոկալիստը Հասմիկ Բաղդասարյանն է լինելու: Artur Bobikyan Արթուր Բոբիկյանը ծնունդով Էջմիածնից է, սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, բայց Կոնսերվատորիա չի ընդունվել. երաժշտության դասատուները`  Լուսիկյանը, Սմբատյանը ուղղակի ստիպել են, որ ճեմարան գնա: “Հավատս տատիցս է փոխանցվել, ընտանիքս էլ է եկեղեցու հետ կապված, երաժիշտ եմ, բայց եթե ճեմարան չընդունվեի,  հոգեւոր երաժշտության մասնագետ չէի դառնա ու այսօր նման լրջությամբ չէի զբաղվի դրանով: Աշխարհում ներկայացնում եմ հայ հոգեւոր մշակույթը, լիքը ասելիք ունենք, որ շատերը չունեն: Եթե ինչ-որ բանում բախտներս բերել է, դա մեր մշակույթն է, որով կարողանում ենք ներկայանալ աշխարհին”,- ասաց Արթուր Բոբիկյանը: Artur Bobikyan Նա 11 տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգեհոնահարն է եղել, այնուհետեւ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: “Առաջին անգամ, երբ Մայր տաճարում լսեցի երգեհոնի երաժշտությունը, Հայր Մամիկոնն էր նվագում, չգիտեմ` հետս ինչ կատարվեց: Նույն գիշերը եկա տուն, ինչքան հողաթափ կար հավաքեցի, դաշնամուրի տակ դրի եւ երգեհոնի պեդալներ սարքեցի… Պարապում էի, ծնողներս տանը չէին, եկան, մաման նայեց, ասաց` “Էրեխես գժվել է”:): Հայր Մամիկոնն էլ ինձ ասաց, եթե իր փնտրած նոտաները գտնեմ, մի ժամով Մայր տաճարի երգեհոնի բանալիները կտա: Ես, բնականաբար, ճարեցի այդ նոտաները ու սկսեցի նվագել: 17 տարեկան էի այդ ժամանակ”,- պատմեց Արթուր Բոբիկյանը: Artur Bobikyan Երգեհոնային երաժշտության սրտում` Լոնդոնում, Արթուրը առաջին անգամ հայտնվել է 1996 թվականին` Քերոլայն Քոքսի հրավերով: Բարոնուհու շնորհիվ ծանոթացել է դիրիժոր Ռիչարդ Ստամպի հետ, ով Արթուրին օգնել է  Լոնդոնում: 2001-ին էլ հրավիրվել է Լոնդոնի հայերին պատկանող Սուրբ Եղիշե եկեղեցում նվագելու: “Թեմի առաջնորդն ու «Թամար եւ Վաչե Մանուկյան հիմնադրամը» հրավիրեցին: Աշխարհի լավագույն երգեհոնները Լոնդոնում են: Օրինակ, Սուրբ Եղիշե եկեղեցու երգեհոնը լարող մասնագետը նույն մարդն է, որ Միացյալ Թագավորության թագուհու երգեհոնի սարքին լինելուն է հետեւում: Artur Bobikyan Արթուր Բոբիկյանը 6 տարի Լոնդոնի կենտրոնում է ապրել, նշում է, որ այնտեղ պետք է օրիգինալ լինես ու քեզնից ինչ-որ բան ներկայացնես, որ կարողանաս առաջ գնաս: “Աննորմալ թանկության եւ հնարավորությունների մասին է  խոսքը: Լոնդոնն այնպիսի տեղ է, որ եթե ուզում ես արվեստի մեջ լինել, կարող ես: Հիմա գործի բերումով Մանչեսթերում եմ ապրում, պայմանագիր ունեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հետ, փոքր երգչախումբ ունեմ... Բայց շաբաթը չորս օր մայրաքաղաքում եմ, որովհետեւ այն կազմակերպությունը, որի հետ պայմանագիր եմ կնքել, այնտեղ է: Կոմերցիոն պատվերներ էլ եմ ընդունում, հյուրանոցներում նվագում եմ շեյխերի, թագավորական ընտանիքների անդամների համար: Փարիզում, Բելգիայում եւ այլ վայրերում եմ համերգներով հանդես եկել”,- ասաց երգեհոնահարը: Նա Ջիվան Գասպարյանի հետ էլ է համագործակցել. համադրել են դուդուկն ու երգեհոնը, նաեւ Շառլ Ազնավուրի հետ է հանդես եկել. “Ավե Մարիա” ստեղծագործությունն է նվագել, ինչպես նաեւ Ռոբերտ Մլքեյանի, Արամ Ղարաբեկյանի, Ռիչարդ Ստամպի, Ջուզեպե Կանովայի եւ շատ ուրիշների հետ: Artur Bobikyan Հունիսի 11-ին Երեւանում տեղի ունեցավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հոգեւոր երաժշտության ձայնասկավառակի շնորհանդեսը, ձայնասկավառակում զետեղված բոլոր երգերի մշակումները կատարել է երգահան, կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանը, CD-ի միքսինգն ու մասթերինգը Կարեն Գրիգորյաննին է: Արթուրը նաեւ ֆիլմերի համար է երաժշտություն գրում: Արթուր Բոբիկյանը այս ամառ ընտանիքը Մոսկվայից տեղափոխել է Երեւան, տուն է գնել, արդեն կահույքն էլ է ձեռք բերել:), երգեհոնահարը Մանչեսթերում մենակ է ապրում:), բայց հայրենիք հաճախ է գալիս. “Հայաստանի օդը, ջուրը, բնությունը, ուրախությունը լրիվ ուրիշ հաճույք են” : ): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW