ՀՀ տաղավարն արժանացել է բարձր գնահատականի Մայիսի 1-ին բացված «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանի ցուցասրահի թեման արժանացել է «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչների բարձր գնահատականին: «Շանհայ Էքսպո 2010»-ի թեմաների զարգացման հետազոտական դեպարտամենտի տնօրեն Ջի Լյուդը Հայաստանի ելույթն անվանել է «պարզապես հիասքանչ»: «Հայաստանը աշխարհի 192 երկրներից միակն է, որը պատմում է ոչ միայն իր մասին, այլեւ աշխարհին առաջարկում է փոխվել եւ կառուցել նոր քաղաք»,- ասել է նա: Շանհայ Էքսպո 2010 On-line-ի առաջխաղացման դեպարտամենտի ղեկավար Չեն Խուանի գնահատմամբ, «192 երկրներից վիրտուալ ցուցասրահ կարողացել են ներկայացնել միայն 20-ը, այդ թվում նաեւ` Հայաստանը»: «Աշխարհի քաղաքը ներկայացնել Շանհայ-on-line համակարգում 3D-վիրտուալ իրականության մեջ` եզակի գաղափար է եւ լուրջ խնդիր, որը թիմը լուծել է արժանապատվորեն: Կասկած չկա, որ այդպիսի ներուժով Հայաստանն անպայման կիրականացնի իր վիրտուալ նախագիծը` օրինակ ցույց տալով բազմաթիվ այլ երկրների»,- ասել է Չեն Խուանը: Բացման օրը աստիճանաբար ավելի ու ավելի շատ մարդ էր կուտակվում հայկական ցուցասրահի դռների առջեւ, ուր հաղորդակցական խմբի մենեջերներն անդադար բաժանում էին «Աշխարհի քաղաքի» ֆլայերներն ու բուկլետները եւ այցելուներին ծանոթացնում Հայաստանին ու հայկական նախագծին: Ցանկացողների թիվն անընդհատ աճում էր եւ օրվա վերջում դարձավ պարզապես ռեկորդային: Հայկական պավիլյոնի առջեւ հերթ էր ամբողջ օրվա ընթացքում, եւ նույնիսկ կեսօրի կիզիչ արեւը չկարողացավ պակասեցնել այդ իրարանցումը: Օրվա կեսին ցուցահանդեսի կազմակերպիչները ստիպված էին հատուկ ծառայությունների օգնությամբ ստանձնել հայկական ցուցասրահը տեսնել ցանկացող մարդկանց հոսքի կարգավորումը: Հարկ է նշել, որ հայկական ցուցասրահն իսկապես տպավորում է: Մուլտիմեդիային բոլոր բաղադրիչներն աշխատում են ողջ հզորությամբ եւ շատ արագ գրավում «Էքսպո 2010»-ի եվրոպական գոտու բոլոր այցելուների ուշադրությունը: Լուսանկարներում հստակ երեւում է, որ եվրոպական գոտու ոչ մի ցուցասրահի մոտ հերթ չկա. այն գոյացել է միայն հայկական ցուցասրահի առջեւ: Հայաստանյան թիմի գրագետ եւ արհեստավարժ աշխատանքը, որի ներկայացուցիչների կրծքանշանին գրված էր “Աշխարհի քաղաքի” կարգախոսն ու «Միացրու քո սիրտը» հիմնական կոչը, հիասքանչ արդյունք տվեց, եւ օրվա վերջում, նախնական հաշվարկներով, հայկական ցուցասրահ այցելեց ավելի քան 10 000 մարդ: “Աշխարհի քաղաքի” եզակի նախագիծը ներկայացված է ձյունաճերմակ մակետների տեսքով, որոնք տեղադրված են հսկայական կլոր սեւ ապակե հարթակի վրա: Դրա հիմքում վերջին LED տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատում են «վազող տողեր», որոնք ներկայացնում են տարբեր մարդկանց կարծիքներն ու առաջարկները սոցիալական ցանցերում ու նախագծի քննարկման այլ ֆորումներում: Ցուցասրահի ճակատային մասում, որտեղ տեղակայված է հսկայական պրոյեկցիոն պատ-էկրան, ցուցադրվում են նախագծի մասին պատմող տեսահոլովակներ, որտեղ աշխարհի քաղաքի հատուկ նախագծված թաղամասերի ֆոնին ելույթ են ունենում նախագծի մենեջերներ տարբեր երկրներից` Ֆրանսիայից, Իտալիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանից, Չինաստանից, Լեհաստանից, Գերմանիայից եւ այլն: Նրանք խոսում են նախագծի, դրան իրենց մասնակցության եւ իրենց երկրներում դրա առաջխաղացման մասին: Տեսանյութերն ընդհատվում են կարգախոսներով, որոնցից ամենակարեւորներն են` «Հրաշք գործենք», «Միացրու քո սիրտը», «Քաղաքը դիտենք միասին»: Էկրանի ներքեւի մասում 8 մոնիտորների վրա տեղակայված է աշխարհի էլեկտրոնային քարտեզը: Դրա վրա կոդավորված մոդուլներով ներկայացված են “Աշխարհի քաղաքի” հիմնական հայեցակարգերը, որոնք հաշվարկվում են ինտերակտիվ ռեժիմով` բջջային հեռախոսների օգնությամբ: Թվային տեխնոլոգիաների եւ արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությունը ցույց տվող այդ ծրագրերը մոտ ապագայում արմատապես կփոխեն մարդկության կյանքը: Ցուցասրահի շրջանային պարագծով հառնում են արհեստականորեն լուսավորված 12 խաչքարեր, որոնց անխոս արժանապատվությունը շատ տպավորիչ է: Հայ ժողովրդի ստեղծագործական ուժը դրանցում ցուցադրված է շլացուցիչ ուժով եւ գեղեցկությամբ: Այդ հոյակերտը եզրափակում է հայաստանյան ցուցասրահի ճակատամասը, որն այստեղ հատուկ հիացմունք է առաջացնում ինչպես նրբաճաշակ դիզայնի, այնպես էլ շատ կրեատիվ բովանդակային տեսանկյունից: Վերջին սերնդի հիասքանչ որակի հսկայական 3 х 5 մ LED էկրանն անընդհատ ցուցադրում է Հայաստանի գեղատեսիլ վայրերը հայտնի հայկական մեղեդիների ներքո: Պարբերաբար էկրանին հայտնվում է Corps ինտերակտիվ ծրագիրը` որպես Living Art-ի (կենդանի արվեստի) լավագույն օրինակ, որի աշխատանքի ընթացքում շրջակայքում գտնվող մարդիկ ոչ միայն չեն կարող չհետեւել «մեդուզաների պարի» ցնցող գեղեցկությանը, այլեւ իրենք իրենց ֆիզիկական շարժումներով կարող են անմիջապես կառավարել այդ «կենդանի էակների» շարժումները: Անհնար է բառերով փոխանցել այն հիասքանչ տեսարանը, երբ երեկոյան ժամերին հայկական ցուցասրահի մուգ մանուշակագույն ճակատամասին միանում է նարնջա-կարմրագույն երանգով այդ էկրանը աննկարագրելի գեղեցիկ էակներով: Եթե այդ ամենին հավելենք նաեւ տիեզերքի հետ ասոցիացվող, ճաշակով ընտրված երաժշտությունը, պատկերը կդառնա լիարժեք: Այդ տեսարանն անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի, եւ բացարձակ ակնհայտ է դառնում հայաստանյան ցուցասրահի հիմնական կարգախոսի տեղին լինելը, որը հսկայական տառերով գրված է ցուցասրահի ճակատային մասում. NEW WORLD, NEW TECHNOLOGIES, NEW ART (Նոր Աշխարհ, Նոր Տեխնոլոգիաներ, Նոր Արվեստ): Իսկապես, «Շանհայ Էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանն աշխարհի ժողովուրդներին առաջարկում է կառուցել նոր աշխարհ, ցույց է տալիս այդ նոր աշխարհի ապագա տեխնոլոգիաները եւ կոչ է անում գործընթացին վերաբերվել որպես արվեստի: Բրավո, Հայաստան (Bravo.am:):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: