×


Էմիր Կուստուրիցա

Էմիր Կուստուրիցա

“Հայաստանում ճանաչված լինելս ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում” Առաջին անգամ Երեւանը հյուրընկալում է Էմիր Կուստուրիցային: Այսօր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում կկայանա  աշխարհահռչակ սերբ ռեժիսոր-կիթառահարի եւ իր “The No Smoking Orchestra” խմբի համերգը: Emir Kusturica Նա հիմա Պաղեստինի մասին ֆիլմ է նկարահանում, Հայաստանի մասին էլ, ինչու չէ՞, հնարավոր է եւ նկարահանի, Ազնավուրի մասին ամեն ինչ գիտի, ի վիճակի չէ կոմերցիոն ֆիլմ ստեղծել. չունի այդ “տաղանդը”: Ուսանողական տարիներին շատ է կարդացել ու երբեք չի դադարել կարդալ: Շուտով իր հեղինակած գիրքը կավարտի: Այն տասներկու պատմվածք է ներառում. իր ամբողջ կյանքն է ամփոփել: Ռեժիսորն ասաց, որ գրքի մի պատմությունն էլ այսօր կավարտի: Emir Kusturica Էմիր Կուստուրիցան ռեժիսորի եւ երաժշտի իր մասնագիտությունները շատ է սիրում. “Երջանիկ եմ, որ ֆիլմերս դիտելիս լսում են նաեւ իմ երաժշտությունը: Կինեմատոգրաֆիայի զարգացումներն բավականին արտառոց են: Հաճախ մտածում եմ` միլիարդավոր մարդիկ, որ Սփիլբերգի ֆիլմերը դիտում են, իրեն չի հուզում, որ այդքան տխմար մարդիկ են դիտում: Քանի որ իմ ֆիլմերը շատ ավելի նեղ լսարանի համար են, հավատում ու համարում եմ, որ իմ ֆիլմերը դիտող տխմարների քանակը շատ քիչ է: Ես ուզում էի այդ մարդկանց անձամբ տեսնել, դրա համար սկսեցի նվագել”,- ասաց նա “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Emir Kusturica Աշխարհահռչակ ռեժիսորը Հայաստան բառը լսելիս էկզոտիկ զգացողություններ է ունենում եւ համոզված է, որ հայերը իր ֆիլմերի իմաստը ճիշտ են ընկալում:  “Հայաստանը սերբ ազգի հետ շատ ընդհանրություններ ունի. մենք էլ ոնց որ մի կղզյակ լինենք Եվրոպայի պատուհանի կողքին: Նույն թշնամին ենք ունեցել, այսօր էլ նման թշնամիներ ունենք: Ինձ այստեղ բերեց հետաքրքրասիրությունը, բայց հասկացա, որ Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի կարեւոր է, քան Միացյալ Նահանգներում: Մեր պատմական ենթագիտակցությունը շատ նման է իրար, մենք նույն մոտեցումներն ունենք մշակույթի նկատմամբ, երկուսս էլ աշխարհով մեկ սփռված, մեր մշակույթը ներկայացնող մարդիկ ունենք: Գիտեմ, որ հայերը գործերս նույն կերպ են ընկալում, ինչպես որ սերբերը: Իսկապես շատ երջանիկ եմ”,- ասաց Էմիր Կուստուրիցան: Emir Kusturica Համերգի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Ավանգարդ Ֆոլք Ակումբը» եւ VivaCell-MTS բջջային օպերատորը: “Բոլորն ուզում են հաղորդակցվել մեր օրերի կենդանի լեգենդի հետ: Պետական մակարդակով ենք ընդունել Էմիր Կուստուրիցային: Հանդիպել է ՀՀ վարչապետին, այցելել է Փարաջանովի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, վաղը հանդիպելու է ՀՀ նախագահի եւ Վեհափառի հետ: Ցանկանում եմ, որ մեր հյուրը ըմբոշխնի Հայաստանը”,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Սերգեյ Փարաջանովի ֆիլմերին Կուստուրիցան ծանոթացել է 25 տարի առաջ: Երեկ էլ նրա թանգարանում իրեն այնպես է զգացել, կարծես Փարաջանովի ֆիլմի ներսում լինի. “Եթե փոքր ազգից ես սերում, անպայման պետք է կրթված լինես: Փարաջանովի յուրօրինակ ճաշակը, տեսողական աշխարհով տարված լինելը այլ տեղ չես հանդիպի: Երջանիկ էի այդ յուրօրինակ մշակույթի մեջ գտնվել”: Սերբն իրեն շատ երջանիկ մարդ է համարում, եթե անգամ “տեսքից չի երեւում”. “Բախտս բերել է, շատ բան եմ արել կյանքում իմ կամքով: Պատրանքներիս շրջանակում եմ գործում: Ես փոքր, համը հանող ազգերից եմ, հուսանք, որ իմ ֆիլմերն էլ այն լավերից չեն, որ Օսկարի արժանանան, չեմ դիմի, պետքս էլ չի: Պետք է հավատալ, որ կյանքը հրաշալի է: Ինչ մտքովս անցել է, արել եմ, խենթություն է”,- ասաց Էմիր Կուստուրիցան: Միակ բանը, որ մութ մնաց, ու Էմիր Կուստուրիցան չցանկացավ “լուսավորել” հետաքրքրվողներին, իր ժառանգներ ունենալու հարցն էր: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport