Երգչուհու բացառիկ հարցազրույցը Bravo.am-ին
Էմմին եւ Միհրանը դուետով հանդես կգան “Եվրատեսիլ-2010” երգի միջազգային մրցույթում, եթե, իհարկե, անցնեն հայաստանյան նախընտրական փուլը: Էմմին ու Միհրանը գտնվում են ԱՄՆ-ում եւ, ինչպես իրենք են նշում, ամենայն լրջությամբ պատրաստվում են “Եվրատեսիլին”: Երեկ ուշ երեկոյան Bravo.am-ը հյուրընկալվել էր երգչուհու տանը, որտեղից էլ մենք ուղիղ կապ հաստատեցինք Էմմիի հետ` պարզելու` ինչպիսին է կյանքը Ամերիկայում: :)
- 2007-ին քեզ չհաջողվեց նախընտրական փուլում հաղթել, եւ Հայաստանը ներկայացրեց Հայկոն` Anytime you need երգով: Այս տարի ինպիսի՞ն է տրամադրվածությունդ:
- Ես ու Միհրանը դուետով հանդես կգանք: Շատ լավ ենք պատրաստվել, ոչ մեկին չենք ուզում զիջել, բայց չի բացառվում… Ամեն դեպքում մարտական ենք տրամադրված. պատրաստվում ենք Արշակյան քույրերի ելույթի հաջորդ օրվանից: Բավական երկար ժամանակ է Հայաստանում չեմ, բոլորին շատ-շատ կարոտել եմ: Բայց այս ամենն արժեք ունի, որովհետեւ այսօրվա դրությամբ նախընտրական փուլի համար ես ու Միհրանն արդեն լիարժեք պատրաստ երկու երգ ունենք: Երկուսի հեղինակն էլ ես, Միհրանն ու Վաչեն ենք:
- Շա՞տ են երգ նվիրում:
- Զարմանալի է, բայց այսօրվա դրությամբ տասից ավել երգ Թուրքիայից ունենք: Շատ կոմպոզիտորներից ենք գեղեցիկ երգեր ստացել: Գերմանիայից, Իսպանիայից էլ երգերի առաջարկներ կան: Ճիշտն ասած, Թուրքիայի երգերը ոչ իմ, ոչ էլ Միհրանի ոճով չեն:
- Փաստորեն, առօրյադ “Եվրատեսիլով” է “լցված”: :)
- :) Ամեն օր ձայնագրությունների ենք: Գնում եմ մարզասրահ, պարի, Միհրանը պարել է սովորեցնում: :) Այս երկու օրը, “Հայաստան” հիմնադրամի փորձերով պայմանավորված, ձայնագրությունները հետաձգեցինք երկու օրով: Բայց ամեն ինչ շատ լավ է: Մենք լուրջ ենք պատրաստվում, դրա վկայությունը մի քանի երգի ընտրությունն է: Ինքներս մեր վրա վստահ մի երգով չենք գա ու մասնակցենք: Աշխատանքներն արագ են ընթանում, որ մինչեւ Նոր տարի վերադառնամ Հայաստան: ԱՄՆ-ում դժվար է քաշը պահպանել, բայց ես հետեւում եմ ինձ, չեմ չաղացել, որպեսզի բեմում լավ լինի ամեն ինչ: :)
- Ոճային փոփոխություններ կլինե՞ն:
- Արտաքին փոփոխություններ կլինեն, ներքինս նույնը կմնա: :) Աստղայինը հաստատ “չի տանի”:
- Ի՞նչ երգեր եք ներկայացնելու: Դրանցում հայկական երաժշտության տարրեր կլինե՞ն:
- Հայկական ոչ մի էլեմենտ երգերում դեռ չկա, դեռեւս մեր ազգանուններն ու հոգիներն են հայկական: “Եվրատեսիլի” պատմության մեջ, որքան հիշում եմ, չկա մի երգ, որ դուդուկ, զուռնա, դհոլ օգտագործած չլինենք: Այդ իսկ պատճառով զերծ կմնանք այդ երեք գործիքից: Այնպիսի գործիք կօգտագործենք, որ դեռեւս չի հնչել:
- Փակագծերը չե՞ս բացելու:
-Կբացեմ Bravo.am-ում, բայց ավելի ուշ: Միհրանի հետ եմ աշխատում, եւ ճիշտ կլինի բոլոր բացահայտումները, անակնկալները միասին հայտարարենք:
- Հետաքրքիր շոու եք խոստանո՞ւմ:
- Ընտրված երգին համապատասխան շատ մեծ շոու կլինի: Բայց մինչեւ երգը չընտրվի, շոուի մասին չենք խոսի: Իհարկե, բոլոր երգերի համար էլ նախնական մտածել ենք` ինչ պատմություն, ինչ տեսահոլովակ կարող է լինել: Նախընտրական փուլին եւս փոքրիկ շոու կլինի:
- Ի՞նչը կարող է խանգարել քո եւ Միհրանի լավ ելույթին:
- Նույնիսկ կույրաղիքի վիրահատությունը մեզ չի խանգարի:): Խանգարող ոչ մի բան չկա, եթե չխանգարեն ու ամեն ինչ արդար անցնի: Թող հաղթի լավագույնը:
- Իմացել եմ, Միացյալ Նահանգներում երկրորդ մայրիկն էլ ունես: :)
- Այո, ինձ զգում եմ ինչպես տանը, ունեմ եւս մեկ ծնող: :) Էռնա Յուզբաշյանի մասին է խոսքը: Նրա տանն եմ ապրում: Ընտանեկան ջերմության մեջ եմ, մամայիս, պապայիս հետ էլ ամեն օր խոսում եմ: Դա էլ օգնում է, որ ինձ վստահ զգամ:
Էմմիի հետ զրուցելուց հետո Bravo.am-ը պարզեց նաեւ երգչուհու ծնողների ակնկալիքները “Եվրատեսիլից”:
“Լուրեր են տարածել, իբր Էմմիին ծեծել եմ”. Նադեժդա Սարգսյան
“ Էմմիին միշտ վերաբերվել եմ ոչ միայն որպես մայր: Դրա համար նա շատ է դժգոհել: :) Ծնողը միշտ բարեխիղճ է լինում, իսկ գործի առումով ես ավելի խիստ եմ եղել: Նույնիսկ վատ լուրեր են տարածել, իբր Էմմիին ծեծել եմ: Ոչինչ, թող տարածեն: Փառք Աստծո, Էմմին դաստիարակվել է առանց ծեծի, երեւի ներքին աշխարհն ու գեներն են կարեւոր: Իմ ծնողներն էլ ինձ երբեք անկյուն էլ չեն կանգնացրել: Որպես ծնող բարի եմ եղել, բայց շատ խիստ պրոդյուսեր եմ ու այդպիսին էլ կլինեմ: Տանը ունի մարդ, որ կասի` այս նոտան լավը չի, այս հագուստը` նույնպես: Ոչ թե` “վայ, Էմմա ջան, էս ինչ լավն ես”, իսկ հետեւից բամբասի”,- ասում է Նադեժդա Սարգսյանը:
- Ո՞ր հորիզոնականում կհայտնվենք “Եվրատեսիլ 2010”-ում, եթե Էմմին մասնակցի:
- Նախ ուզում եմ, որ Էմմին հաղթի Հայաստանում, առաջ չանցնենք: Իսկ “Եվրատեսիլում” առաջին մրցանակ երբեւէ կստանանք, թե ոչ` չգիտեմ: Բայց այս տարվա մանկական “Եվրատեսիլը” ցույց տվեց, որ մենք առաջինն ենք եղել: Մենք ձգտելու ենք առաջին տեղին, եթե մանկականում նման հաջողություններ ունեցանք, Էմմին` իր ուժերով ու Միհրանի հետ, կկարողանա շատ լավ ելույթ ունենալ:
- Դուետով հանդես գալու գաղափարը ո՞ւմն է:
- Այդ միտքը եւ Էմմիի մոտ էր ծնվել, եւ Հրաչ Քեշիշյանի, եւ Միհրանի: Մենք պետք է զանգեինք Ամերիկա, որ Միհրանի հետ խոսենք, պարզվեց` Երեւանում է, Միհրանին ասացինք, պետք է հանդիպենք “Եվրատեսիլի” մասին խոսելու համար, մեկ ժամ չանցած Հրաչ Քեշիշյանը զանգեց ու ասաց` Միհրանի հետ է, ուզում է “Եվրատեսիլից” խոսել: :)
- “Եվրատեսլում” վոկալն է կարեւո՞ր, թե՞ շոուն:
- Ես միշտ ասել եմ` “Եվրատեսիլը” երգի մրցույթ է: Կապ չունի` երգը լավն է, լավը չէ, վոկալը պետք է գնահատվի: Այս երկու տարիներին էլ ավելի շատ վոկալիստներ են մասնակցում: Եթե առաջ գերիշխում էր շոուն, հիմա հակառակն է: Երգիչը պետք է վոկալ ցույց տա, իմիջ ցույց տա. նա նաեւ դերասան է:
- Միջազգային չափանիշներով եք ուզո՞ւմ ներկայանալ` առանց դհոլ, զուռնայի:
- Երգերը շատ են, լավագույնն ենք ներկայացնելու: Միայն մեր ընտրությունը չի լինելու. հանդիսատեսն է որոշելու եւ Հանրային հեռուստատեսությունը: Իրենց էներգիայով այնպես կանեն, որ բոլորը հոտնկայս ծափահարեն, չեմ վախենում այս խոսքերից, որովհետեւ Լուարայի ելույթի ժամանակ այդպես էլ եղավ: Էմմայի կողքին են լավագույն երաժիշտները, ռեժիսորները, կազմակերպությունները` ի դեմս Bravo.am-ի: Նախընտրական փուլը փետրվարին է լինում, շուտով հայտարարություններ կլինեն:
- Իսկ Դավիթ Բեջանյանը դստեր մասնակցույթունը ինչպե՞ս է գնահատում:
- Եթե լավ երգ չընտրվի, ես առաջինը Էմմիին կխնդրեմ, որ չմասնակցի: Պետք է Հայաստանի անունը բարձր պահել, թաղ հաղթի լավագույնը: Բայց հուսով եմ, որ Էմմին կգտնի լավ երգ, եւ Միհրանի հետ հրաշալի շոու կցուցադրեն: Ի վերջո, նման միջոցառումները հարյուր տոկոս արդար չեն լինում, քաղաքականության մեջ այն բարձրունքներին չենք հասել, որ մեր գործը ազնվորեն գնահատվի, բայց կարելի է հասնել հաջողության:
Bravo.am-ը պարբերաբար կներկայցնի “Եվրատեսիլ 2010”-ի համար Էմմի եւ Միհրան դուետի նախապատրաստական աշխատանքների հետ կապված ամենաթարմ լուրերը:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը
Լուսանկարները` Զավեն Խաչիկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: