Մադոննան ու Ռիկի Մարտինն էլ են “Hey” ասում
Էմմին եւ Միհրանը առաջինն են հայտ ներկայացրել “Եվրատեսի-2010”-ին մասնակցելու համար, այսօր եւ արդեն քանի ամիս է “Հեյ” են երգում, փետրվարի 14-ին էլ կերգեն եւ “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլում հաղթելու դեպքում “Հեյ” կասեն Օսլոյի բեմից: Այսօր “Ազդակ” ակումբում լրագրողները “Եվրատեսիլ”-ից էին հարցնում դուետից եւ նրանց հետ հանդես եկող պարողներ Ջեյսոն Յանգից, Սոֆիա Թոֆուից եւ Վալերի Փոլլից: Պարող Քյու Բրդեդն էլ այս գիշեր է ժամանելու Երեւան:
“Հեյ” երգի երաժշտության հեղինակը Վաչե Տեր-Եղիշյանն է, բառերը գրել է Միհրանը: Երգին իրենց նախապատվությունն են տվել Մադոննան եւ Ռիկի Մարտինը: Ներկայացվեց մի տեսանյութ, որտեղ Ռիկի Մարտինն իր մաղթանքներն էր հայտնում Էմմիին եւ Միհրանին: “Հեյ”-ի միքսը արվելու է Միացյալ Նահանգներում, այն ստուդիայում, որտեղ ձայնագրվում են միջազգային բոլոր աստղերը: Երգում մի հատված նվիրված է Մայքլ Ջեքսոնի հիշատակին, քանի որ Էմմին եւ Միհրանը երգչի սիրահարն են:
Ի դեպ, Միհրանն ասաց, որ ընդամենը մի ամիս առաջ է իմացել նախընտրական փուլի գոյության մասին, այլապես չէր համաձայնի մասնակցել. “Գիտեի միանգամից Օսլոյում ելույթ ունենալու համար ենք պատրաստվում: Ամերիկայից եկել եմ, ամենալավ պարողներին եմ բերել”:
Միհրանը հենց օդանավակայանում Bravo.am-ին ասել էր, որ Երեւանում է “Եվրատեսիլը” Հայաստան բերելու նպատակով: “Դրական ենք տրամադրված, վստահ ենք մեր երգի, շոուի վրա: Պատրաստ ենք Հայաստանը ամենալավ ձեւով ներկայացնել եւ “Եվրատեսիլը” բերել այստեղ: Դա է մեր նպատակը: Անում ենք մերը, այն, ինչ կարծում ենք ճիշտն է: Մեր երգը հաղթանակ կբերի”,- ասաց Միհրանը:
Էմմին էլ նշեց, որ 6 հոգով են լինելու բեմում եւ 3 րոպեի ընթացքում փորձելու են բոլորին համոզել, որ իրենց հետ գոռան “Հեյ”:
“Եվրատեսիլի” նախընտրական փուլում հնարավոր անարդարությունների մասին խոսակցություններին դուետը հանգիստ է վերաբերվում: “Մենք շատ համեստ մարդիկ ենք, նույն ձեւով էլ ներկայանում ենք: Ցույց ենք տալու մեր արվեստը, ոչ մի գումարային խոսակցություն: Ունենք լավ երգ եւ երկու լավ կատարող, որ Հայաստանը կներկայացնեն լավ ձեւով”,- ասաց Միհրանը:
Միհրանը ծնվել է Հայաստանում, 6 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Հպարտ է, որ հայ ժողովուրդը հնարավորություն է տալիս մասնակցել մրցույթին, թեեւ մեծերի “Եվրատեսիլ”-ում ազգության սահմանափակում չկա: “Հորս հետ ամեն օր հայերեն էի պարապում, որ գամ Հայաստան ու անգլերեն չխոսեմ: Ցանկացել եմ դաջվածքներ ունենալ, ականջող, բայց հայրս միշտ ասել է` չես կարող դա անել, որովհետեւ հայ ես: Առաջ չէի հասկանում՝ ինչ է նշանակում հայ լինել, բայց հիմա գիտեմ, որ հայ լինելը շատ կարեւոր բան է”,- պատմեց Միհրանը:
Դուետն ասաց, որ շատ են ուզում հաղթել: “Փետրվարի 14-ին շոուի ընդամենը 10 տոկոսն է լինելու, ինչ ներկայացնելու ենք Օսլոյում”:
Պարողներն էլ հավանել են Հայաստանը, ամենից շատ զարմացած են հյուրասիրությունից. անընդհատ ուտում են:
Ի դեպ, Միհրանն ու Էմմին հայտարարեցին, որ չհաղթելու դեպքում այլեւս մասնակցության հայտ չեն ներկայացնի:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
10,993







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: