Ներկայացնում է WOW ամսագիրը
Լուսանկարչի անիրական ու էպատաժային աշխարհը
Beauty եւ Art ժանրերում աշխատող, էպատաժային եւ փոքր-ինչ “ցինիկ” լուսանկարիչ Enisey-ի աշխատանքները կլանում են: Դրանցում կգտնես հայտնի լուսանկարիչ Steven Meisel-ի համարձակությունը եւ Mario Testino-ի իրականության խիստ սեքսուալ ընկալումը: Միաժամանակ, Enisey-ի ձեռագիրը չես շփոթի որեւէ մեկի աշխատանքների հետ: Ռուսական հայտնի ամսագրերի, ամենահայտնի աստղերի հետ աշխատող լուսանկարչի հետ մեր բացառիկ հարցազրույցում պարզեցինք նրա տարօրինակություններն ու հայկական բլոգերի նկատմամբ նրա թուլությունները:
- Քեզ հաճախ հայկական բլոգերում եմ տեսնում, կարդում մեկնաբանություններդ: Ի՞նչն է քեզ կապում Հայաստանի հետ:
- Հավանաբար, նկատի ունես fashionblog.am-ը: Ես հաճախ եմ կարդում նրանց բլոգը, բացի այդ մտերիմ եմ Արմենի եւ Ֆայայի հետ: Հայաստանի հետ ոչ մի կերպ կապված չեմ: Ցավոք…
:)
- Քո կայքում կարելի է տեսնել գրեթե բոլոր աշխատանքներդ: Ըստ քեզ, դրանք արվեստի գործե՞ր են:
- Ես ինքս արդեն արվեստ եմ: Ես չեմ ուզում խոսել իմ աշխատանքների մասին որպես արվեստի գործեր: Ես պարզապես “լկստվում” եմ:
- Քո լուսանկարներում միայն մարդկային գործոնն է: Քեզ հենց մարդի՞կ են ոգեշնչում:
- Միայն մարդկանց եմ սիրում լուսանկարել: Հատկապես արհեստական կերպարներով ու անսպասելի վիճակներով: Իրականությունը չեմ սիրում: Ես ուզում եմ անիրական աշխարհ ստեղծել եւ այնտեղ գեղեցիկ մարդկանց բնակեցնել: Մի խոսքով, գեղեցիկ մարդկանց եմ սիրում, եւ նրանք են ինձ ոգեշնչում: Եթե գեղեցիկ մարդ եմ տեսնում, կարող եմ ժամերով նայել նրան:
- Հայտնիներից ո՞ւմ ես երազում լուսանկարել:
- Ինձ հիացնում են հին աստղերը: Նրանք իրական աստղեր են. նրանց փայլը բնական է: Ցավում եմ, որ նրանք մահանում են, իսկ ես չեմ հասցնում լուսանկարել:
- Ո՞ւմ երբեք չէիր համաձայնի լուսանկարել:
- Այդպիսիք չկան: Ես բոլորի հետ էլ կարող եմ աշխատել:
- Ո՞ր հայտնի հրատարակչությունների համար ես աշխատել: Առհասարակ, սիրում ես ամսագրերի համա՞ր աշխատել, թե՞ քեզ ազատ զգալ:
- Ինձ ավելի շատ դուր է գալիս իմ սեփական նախագծերի համար աշխատել: Դրանք ընդհանրապես կապ չունեն ամսագրերի կամ անհատական պորտֆոլիոների հետ: Երբ ամսագրերի համար ես լուսանկարում, ապա աշխատում ես թույլատրելի շրջանակներում: Շատ ամսագրեր, որոնց հետ աշխատում եմ, հստակ ձեւաչափ ունեն, որը ես ստիպված եմ չխախտել` OK, Woman’s Secret, Dolores, Hair’s How, Coiffure, Make-up: Հիմնականում շապիկների եւ գլխավոր ֆոտոշարքերի համար եմ աշխատում: Խոշոր հաշվով, դրանք հիմարություններ են. գլուխ գովելու առիթ չունեմ: Իսկ անհատական աշխատանքների դեպքում ես ավելի “կրեատիվ” եմ:
- Հայաստանում անկախ, ամսագրերի հետ չաշխատող լուսանկարիչների եկամուտները հիմնականում շատ քիչ են: Քեզ մոտ ինչպե՞ս է:
- Ես գոհ եմ: Թեեւ շատ լուսանկարիչների գիտեմ, ովքեր առանց աշխատանքի են մնացել այժմ: Կարծես թե ինչ-որ ճգնաժամ է աշխարհում: Լսե՞լ ես:
:)
- Իսկ ինչպիսի՞ն են քո անհատական նախագծերը:
- Իմ նախագծերը բացի ինձնից ոչ ոք չի վերահսկում: Երբեմն ես էլ եմ կորցնում վերահսկումս: Իմ մտքերն իրականություն եմ դարձնում «կրեատիվ» թիմի շնորհիվ` ոճաբան, դիմահարդար, վարսահարդար, մոդել: Միասին մենք գեղեցիկ ու էպատաժային կադրեր ենք ստանում:
Հ.Գ. Ենիսեյը խնդրեց, որ անպայման նշեմ, որ սիրում է ինքն իրեն լուսանկարել առանց հագուստի: Հաճախ ոգեշնչվում է նաեւ պորնոգրաֆիկ տեսանյութերից:
Զրույցը` Մհեր Բաղդասարյանի
Նյութը եւ լուսանկարները` WOW ամսագրի


×
7,219






