×


Երգի պետական թատրոն

“Իրական պատմություն” Երգի թատրոնում

“Վուլգար” շոու-բիզնեսին հեգնող խաղ-մյուզիքլ Bravo.am-ը հետեւել է բեմադրության փորձերին “Արդեն 15 տարի” եւ հինգ սերունդ ունեցող Երգի պետական թատրոնը վերանորոգումից հետո նորից բացում է իր դռները` ներկայանալով նոր բեմադրությամբ: “Իրական պատմությունը” խաղ-մյուզիքլ է: Երաժշտությունը գրել են թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ու Մարտին Միրզոյանը: Խոսքերի հեղինակը եւ գլխավոր դերակատարը Անիտա Հախվերդյանն է: Ներկայանում է Երգի պետական թատրոնի նոր` հինգերորդ սերունդը: Արթուր Գրիգորյանը եւ Ֆորշը “Իրական պատմության” պրեմիերային ցուցադրությունները կլինեն դեկտեմբերի 25-ից 28-ը եւ հունվարի 4-ից 13-ը: Իսկ դեկտեմբերի 24-ին Երգի պետական թատրոնը կնշի իր 15-ամյակը, կվերաբացվի: Երգելու են թատրոնի բոլոր սերունդները` Էմմա, Արամո, Ֆորշ, Ռազմիկ Ամյան, Իրինա Մալխասյան եւ մյուսները: “Իրական պատմություն” խաղ-մյուզիքլն իր ֆորմայով եւ բովանդակությամբ էքսպերիմենտ է: “Քանի որ մեր ամբողջ կյանքն անկանխատեսելի ավարտ ունեցող մի պատմություն է, որոշեցինք բոլոր թատերական ժանրերը խառնել իրար: Ներկայացման մեջ կան երկխոսություններ, մաքուր երաժշտություն, պար, վիդեոդրվագներ էլ կան, ամեն ինչ խառնել ենք իրար”,- ասաց Անիտա Հախվերդյանը: Անիտա Հախվերդյանը Խաղ-մյուզիքլն երկու մասից է բաղկացած: Առաջին հատվածում խաղն է. գրոտեսկային ձեւով ներկայացված է` ինչպես են թատրոն ընդունվում, մրցույթների մասնակցում, կարիերան սիրային կապերի միջոցով “փափուկ” դարձնում, բամբասում, իրար “տակ փորում”: Արդեն 13 տարի է` Անիտա Հախվերդյանն աշխատում է Երգի պետական թատրոնում: Աշխատել է թատրոնի բոլոր սերունդների հետ: Խաղ-մյուզիքլում թատրոնի ղեկավարի` “հիստերիկ, էքսցենտրիկ պերսոնայի դերում է, որ կարող է մի օր մեկին աշխատանքի ընդունել, մյուս օրը հեռացնել, իր ծանոթներին մրցանակները հանձնել”: “Կոմերցիոն, գլամուրային շոու-բիզնեսին մարտահրավեր է, հեգնում է այդ ամենը: Թատրոնից է սկսվել այսօրվա “աստղային” մարդկանց կյանքը, հետեւաբար, ստացվում է, որ թատրոնը հեգնում է ինքն իրեն, առաջ է այդ ամենից”,- նշում է գլխավոր դերակատարը: Արթուր Գրիգորյանը եւ Ավետ Բարսեղյանը “Իրական պատմության” երկրորդ մասը մյուզիքլն է. թատրոնի սաները երգում են իրենց երազանքների, հույզերի մասին, բողոքում: Սոցիալական երգեր են` քաղաքական հարցադրումներով: Աստղային հիվանդության մասին երգ կա, տղաների մասին, որոնք թանկարժեք մեքենա կամ ժամացույց ունեն, բայց իրենց բակի ընկերներին, ֆուտբոլ խաղալու հին ու բարի ավանդույթը չեն մոռացել: Մյուզիքլում “Ստեփանակերտ” երգից էլ հատված կա: Եվ որպես սփոփանք երգ կա բնության մասին. հաջողության հասնելու համար պետք է հասկանալ` ինչպես համադրել բնության ներշնչանքը եւ աշխատանքը: Մյուզիքլը ավարտվում է “Հայ ենք մենք” երգով, որ աշխարհի հայերի, հայ կոչվելու մասին է: Արթուր Գրիգորյան “Երգիչներից մի քիչ հոգնել եմ, իրենք էլ են հոգնած”. Արթուր Գրիգորյան Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը չի ցանկանում, որ իր սաների անունները հայտնվեն լրատվամիջոցներում: “Ազգանուններ պետք չեն: Չեմ ուզում, որ թերթերում նրանց անունները հնչեն եւ հեռուստատեսությամբ շատ շուտ երեւան, որ այդ հիվանդությունը նրանց միանգամից չուտի, շատերին կերել է: Հինգերորդ սերնդի երեխաներն են խաղում, կոչվում են “Երգի պետական թատրոնի դերասաններ”, ոչ թե երգիչներ: Երգիչներից, ճիշտն ասած, մի քիչ հոգնել եմ, իրենք էլ են հոգնած: Արդեն հավես չունեն աշխատելու, օբյեկտիվ է, չես կարող մեղադրել, ցանկանում են փող աշխատել եւ չեն հասցնում փորձի գալ, հավես չունեն: Երգերը գրվել են տարբեր ժամանակահատվածներում, բայց առաջին անգամ են հնչելու: Մի բան արվեց էստրադայից դուրս, կոմերցիոն չէ: Երիտասարդ երգիչների մասին է, որոնք պայքարելու տեղ ունեն: Անշնորհակալ, փնթի, վուլգար երեւույթների դեմ է”,- ասում է Արթուր Գրիգորյանը: Երգչուհի Մարտա Կիրակոսյան 16-ամյա Մարթան Երգի պետական թատրոնում է 10 տարեկանից, շատ է ուրախացել, որ “վերջապես բացվում է Երգի թատրոնը”: Մարթան ասում է, որ “շատ վատ դեր” է ներկայացնում այս մյուզիքլում, իրականում էլ շնիկ չունի: “Երաժշտական մրցանակաբաշխություն է լինում, ես դառնում եմ տարվա երգչուհի արդի չափանիշներով. իմ հայրն է այնպես արել, որ լավագույն երգչուհի դառնամ: Ինչպիսին են հիմա աղջիկները, շատ երգչուհիներ կան, որ շնիկ են պահում, ես մարմնավորում եմ իրենց կերպարը, բայց իրենց նման չեմ երգում: Կատարելու եմ Էլլա Ֆիջերալդի “Միսթեր Պագանինի” երգը: Չնայած առաջին բաժինը մյուզիքլի փորձ է, բայց կերպարիցս ելնելով, ես բեմական հագուստով եմ լինելու: Շնիկի հետ եմ բեմ դուրս գալու, չգիտես` ինչու, նրան էլ եմ շնորհակալություն հայտնելու հաղթանակիս համար”: Անիտա Հախվերդյանը, Ավետ Բարսեղյանը եւ Ռազմիկ Ամյանը Երգի պետական թատրոնը ստեղծվել է 1994 թվականին, “երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար, տաք չէր: Ռիսկ արեցինք եւ բացվեցինք, առաջին սերունդը եկավ` Շուշան Պետրոսյան, Գրիգոր Աղախանյան, Անահիտ Մանուկյան, Էմմա, Արամո, Ֆորշ, երկրորդը` Զառան, Վարդուհի Վարդանյանը, Արսեն Սաֆարյանը, Անդրեն, Ալլա Լեւոնյանը, երրորդը “Կանաչ գոտին” էր, չորրորդը` “Արցախի ձայնը”, հիմա հինգերորդ սերնդի հետ եմ աշխատում: Հիմա ավելի շատ ոտքերով երգչուհիներ են, քան ձայնով: Ինձ համար դժվար է դա տանել: Մեր սաները, որ գնան էլ թատրոնից, մինչեւ վերջ չեն իջնի”,- ասաց Արթուր Գրիգորյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport