×


Հոբելյանական բացահայտում

Հոբելյանական բացահայտում

Լեոնիդ Ենգիբարովի թոռան առաջին ելույթները Մարտի 15-ին լրացավ մնջախաղի մեծ վարպետ, հանրահայտ ծաղրածու, գրող, սցենարիստ ու նովելիստ Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյակը: Այդ օրը Մոսկվայի Մայակովսկու անվան թանգարանում տեղի ունեցավ Լեոնիդ Ենգիբարովի հոբելյանին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպել էր ռուս գրող, Ենգիբարովի վաղեմի բարեկամ Մարիա Ռոմանուշկոն: Peter Popper Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Ենգիբարովին նվիրված 5 ֆիլմեր, այնուհետեւ ելույթ ունեցան երեք ֆիլմերի ռեժիսորները, հայտնի դերասանները կարդացին նրա էտյուդներից, իսկ Մարիա Ռոմանուշկոն ներկայացրեց մեծ դերասանի ու նովելիստի մասին գրած իր երրորդ գիրքը` «Լեոնիդ Ենգիբարով. Անմահության հետ խոսող միմոսը»: Իսկ Ենգիբարովի թոռը` պրահայաբնակ Պետր Պոպպերը, ներկայացրեց Պրահայում արդեն ցուցադրած էտյուդներից մի քանիսը: Մոսկովյան հանդիսատեսը ջերմորեն ողջունեց շնորհալի երիտասարդի առաջին բեմելը: Մինչ այդ, մարտի 3-ին Ենգիբարովի արվեստի սիրահարների համար հաճելի անակնկալ էր Պրահայի «Ու Հայկու» համալիրի սրահում Պետր Պոպպերի առաջին ելույթը: 26-ամյա նիհարիկ ու ամաչկոտ երիտասարդն իր ելույթը պատրաստել էր` հիմնվելով պապի հայտնի էտյուդների վրա: Երեկոյի կազմակերպիչ Յան Պաուլն իր բացման խոսքում նշեց, որ Պետրն իր պապի մասին իմացել է մոր տված ճամպրուկից, ուր պահպանվել էին Ենգիբարովի մասին հոդվածներ եւ այլ իրեր: Մեզ հետ զրույցում Պետրը բացահայտեց, որ որոշել է փորձել իր պապի մասնագիտությունը եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում չեխ վարպետների մոտ սովորել է մնջախաղի այբուբենը: Ելույթին ներկա էր նաեւ նրա առաջին ուսուցիչը` Ենգիբարովի ժամանակակից, հայտնի չեխ ծաղրածու Կաֆտանը, ով ցանկություն հայտնեց, որպեսզի հայկական Սփյուռքի օգնությամբ Պետրին աջակցեն` ուսանելու Մոսկվայի կրկեսային ուսումնարանում: Peter Popper Պապի մասին առաջին տեղեկությունները Պետրին պատմել է մայրը` Ենգիբարովի դուստր Բարբարան, երբ նա արդեն 14 տարեկան էր: Բարբարան երկու տարեկան է եղել, երբ մահացել է հայրը` Լեոնիդը: Հոր մասին նա միայն լսել է մորից` Յարմիլա Հալամկովայից: Դեռ տասը տարի առաջ մեզ հետ զրույցում չեխ հայտնի նկարչուհի Յանա Կրեմանովան խոստովանեց, որ սովետական տարիներին շատ դժվար է եղել Յարմիլայի համար, քանզի նա չի կարողացել ազատորեն հանդիպել իր սիրելի Լեոնիդին: Սովետական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են: Ենգիբարովին խանդել ու խանգարել են ոչ միայն Մոսկվայում, այլեւ Պրահայում, թեեւ երկու քաղաքներում էլ նրան աստվածացրել է եւ գործընկերների մեծ մասը, եւ հանդիսատեսը: Այդ մասին են վկայում նրա ժամանակակիցների հուշերը: Եվ իհարկե, մի քանի տասնամյակ անց նրա թոռան երեւան գալը, եւ այն էլ հոբելյանական տարեդարձի շեմին, մեծ նվեր էր նախեւառաջ հենց իր` Ենգիբարովի համար: Տեքստը եւ լուսանկարները` “Օրեր” եվրոպական ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին