×


“Հրեշտակի թրթիռ”

“Հրեշտակի թրթիռ”

Կերպարվեստի տարբեր աշխատանքներ` մեկ խորագրի ներքո Փետրվարի 19-ին Գեղագիտության ազգային կենտրոնում մանկապատանեկան նկարների ցուցահանդես  էր: Նույն կենտրոնի կերպարվեստի ստուդիայի երեխաները ներկայացրել էին իրենց նկարչական աշխատանքները “Հրեշտակի թրթիռ” ընդհանուր խորագրով ցուցահանդեսին: Մանկապատանեկան նկարների ցուցահանդես գեղագիտության ազգային կենտրոնում Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որի խոսքերով մշակութային մարդը չի կարող կիրթ չլինել. “Այսօրվա ցուցահանդեսն իր մեջ միահյուսել է հոգեւորը, մշակութայինն ու կրթականը: Ուզում եմ, որ երեխաներն իրենց մեջ պահպանեն այն աշխարհընկալումը, որն ունեն այսօր”: Նախարարը նշեց, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապացությամբ փետրվարի 19-ը հռչակվել է գիրք նվիրելու օր եւ Գեղագիտության ազգային կենտրոնին նվիրեց Արցախի հուշարձանների ու մշակութային ժառանգության մասին պատմող երկու գիրք: Armen Ashotyan Կենտրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Հակոբյանի խոսքերով` ցուցահանդեսը 2 տարվա աշխատանքի արդյունք է. “Երեխաները նկարել են բնության աբստրակտ պատկերներ, հոգեւոր թեմաներ` խաչեր, եկեղեցիներ, հեքիաթային հերոսներ, կան նաեւ գրաֆիկական ու կոլաժային գործեր”: Ցուցահանդեսի բացմանը պատվոգրեր ստացան կենտրոնի տասնյակից ավելի սաներ, որոնց աշխատանքները մասնակցել էին Բիշքեկում կայացած “Ապրում ենք ԱՊՀ-ում” ցուցահանդես-մրցույթին: 14-ամյա Սվետլանան մրցույթի հաղթողներից մեկն էր. “Ներկայացրել էի մի նկար, որտեղ ծառի տակ նստած նվագում էր հովիվը, կողքն էլ եկեղեցի էր: Շատ մրցույթների եմ մասնակցել ու պատվոգրեր էլ շատ ունեմ: Դեռ չեմ որոշել` ինչ եմ դառնալու, բայց նկարչությունը հաստատ չեմ թողնի”: Կերպարվեստի ստուդիայի երեխաների նկարչական աշխատանքները Իսկ Սեդան Բիշքեկի ցուցահանդես-մրցույթին ներկայացրել էր “Սավառնող թռչուներ” կտավը. “Հատուկ այդ ցուցահանդեսի համար էի նկարել: Ուրախ եմ, որ պատվոգրի արժանացանք: Մոսկվայում բազմաթիվ նկարչական օլիմպիադաների եմ մասնակցել, այնտեղից էլ պատվոգրեր ունեմ”, - ասաց 15-ամյա նկարչուհին: Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ փոքրիկներ, որոնք ժպտում էին, իրար շնորհավորում ու միասին լուսանկարվում: Ցուցասրահում ներկայացված էին 4 տարեկանից բարձր 25 սաների 100-ից ավելի նկարներ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW