×


Իգոր Խալաթյան

Իգոր Խալաթյան

Հայ լեռնագնացը` ամենաբարձր ու ամենաթանկ գագաթին Մայիսի 1-ին The Club-ը հանդիպում էր կազմակերպել աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը նվաճած հայ լեռնագնացի հետ: Իգոր Խալաթյանը 2002 թ-ին կարողացել է հասնել աշխարհի ամենաբարձր գագաթն ու վեր պարզել հայկական եռագույնը: Լեռնագնացը  ներկաներին պատմեց իր ճանապարհորդության մասին եւ ցուցադրեց իր թվային տեսախցիկով նկարահանած վավերագրական ֆիլմը: Իգոր Խալաթյանը Էվերեստի գագաթին Իգոր Խալաթյանը 8848 մետրը բարձրացել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի կողմից, այսինքն` հարավից: Նրա խոսքերով, Կատմանդուում կա մի ռեստորան, ուր Էվերեստի գագաթ բարձրացած մարդիկ կարող են ամբողջ կյանքում անվճար օգտվել այդ ռեստորանից. “Սարը միայնակ եմ բարձրացել, բայց առաջին բազային ճամբարում շվեյցարական խմբի հետ էի, մեր խոհարարն ընդհանուր էր: Սկզբում ճամբարում մոտ 500 հոգի էին, բայց գնալով շարքերը նոսրանում էին. մարդկանց մի մասը փոշմանում ու հետ էր կանգնում, մի մասն էլ զոհվում էին…”, - պատմեց 45-ամյա ալպինիստը: Իգոր Խալաթյանը նվաճում է Էվերեստը Լեռնագնացն ասաց, որ Էվերեստ բարձրանալու համար իր միջոցներից ծախսել է մոտ 50 000 ամերիկյան դոլար. “Բոլորն էլ գիտեն, որ Էվերեստն ամենաթանկ գագաթն է: Նեպալի կողմից բարձրանալն ավելի թանկ է, բայց հարավում ջերմաստիճանն ավելի տաք է, հետո քո ուղեբեռը հանգիստ կարող ես վստահել մարդկանց, քեզ օգնում եւ ուղեկցում են, եթե  հարկավոր է: Իսկ Տիբեթի կողմից բարձրանալը մի քիչ  մատչելի է, բայց կարող են քեզ ճանապարհին թողնեն ու հեռանան: Բազային ճամբարում ինձ առաջարկեցին մի քանի հազար դոլար վճարել մարմինս ապահովագրելու համար, բայց հրաժարվեցի, քանի որ հավատում էի, որ իմ ոտքով եմ հետ գալու”, - նշեց ամերիկաբնակ հայը: Igor Khalatyan Իգոր Խալաթյանի ճանապարհորդությունը տեւել է մոտ 74 օր, իսկ ֆիլմը 15 րոպե էր: Նա բացատրում էր Էվերեստի առանձնահատկությունները, պատասխանում ներկաների հարցերին. “Բուն լեռները սկսում են 5000 մետրից, մոտավորապես Արարատի գագաթի բարձրությունից: Այդտեղ սկսում են խնդիրներն ու թթվածնի պակասը: 8000 մետրում մահացու գոտին է, որտեղից պիտի կամ արագ բարձրանաս, կամ շատ արագ իջնես: Շատ մարդիկ այդ գոտում ուժեղ ցրտահարվում են, շնչառությունը դժվարանում է, թթվածինը չի հերիքում: Իմ վերելքի օրն եղանակը շատ հաջող էր, այդ տարվա ամենահաջող օրն էր երեւի: Հասա գագաթ, ուր արդեն մոտ 8 հոգի կային, մոտ 10 րոպե մնացի ու ամենաառաջինը սկսեցի իջնել, որն աննկարագրելի ավելի դժվար էր, քան բարձրանալը”: Իգոր Խալաթյանը ցանկանում է մագլցել բոլոր աշխարհամասերի ամենաբարձր կետերը Էվերեստի գագաթը նվաճած Իգոր Խալաթյանը ցանկանում է մագլցել բոլոր աշխարհամասերի ամենաբարձր կետերը. “Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի ամենաբարձր գագաթները հասել եմ, մնացել է 2 կետ, որից մեկը Անտարկտիդայում է, մյուսը` օվկիանոսյան ջունգլիներում”: Կադրեր վավերագրական ֆիլմից Հայ լեռնագնացն, իհարկե, չէր կարող չխոսել Արարատ լեռան մասին. “Որպես հայ, Արարատը ինձ համար շատ կարեւոր սար է: Անցած տարի մոտ 1,5 օրում hասա գագաթը, իսկ Էվերեստ բարձրանալը տեւեց 74 օր: Դե պատկերացրեք` ինչքան հեշտ է Արարատ բարձրանալը: Ովքեր հետաքրքրված են ալպինիզմով, կարող եմ օգնել, խորհուրդներ տալ: Սկսնակներն էլ թող փորձեն սկսել Արագածից”: Ֆիլմի ցուցադրության ժամանակ Իգոր Խալաթյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, ալպինիզմով սկսել է զբաղվել 29 տարեկանից ընկերների խորհրդով: Հաղթահարել է բազմաթիվ լեռներ` Կիլիմանջարոն (Աֆրիկայի ամենաբարձր կետը), Կովկասյան լեռները, ամերիկյան բազմաթիվ գագաթներ: 1992 թվից տեղափոխվել է ԱՄՆ, այժմ իր մասնագիտությամբ աշխատում է Նյու-Յորքում, իսկ Երեւանում բացել է իր ընկերության մասնաճյուղը: Նյութը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Իգոր Խալաթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW