Գերմանացի լուսանկարչի աշխատանքները` Երեւանում
Գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպելկմանը երկու անգամ` 1990-91 եւ 2002-03 թվերին, լուսանկարել է Արեւելյան Բեռլինի եւ Արեւելյան Գերմանիայի միեւնույն շինություններն ու փողոցները` ցույց տալու անցյալի եւ ներկայի ճարտարապետական փոփոխությունները: Սեւ ու սպիտակ լուսանկարները ներկայացնում են Բեռլինի պատի անկումից հետո Գերմանիայում կատարված փոփոխությունները:
Շտեֆան Կոպելկմանի “Տեղական ժամանակ-Local time” խորագրով աշխատանքները ներկայացվել են Երեւանում: Պաստառային ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ապրիլի 8-ին Երեւանի Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում:
“Local time” ցուցահանդեսը կազմակերպել են Երեւանում Գյոթեի անվան ինստիտուտը, Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը:
Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը նշեց, որ հնի ու նորի համապատասխանության հարցերն արդիական են նաեւ Երեւանի համար, ներկայացնում են այդ հարցի լուծման գերմանական փորձը:
Պաստառային ցուցահանդեսի բացմանը ներկա էին Գյոթեի համալսարանի ներկայացուցիչ Սյուզան Բանդաուն, Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիտդը: Վերջինս կոչ արեց ֆինանսապես ապահով մարդկանց իրենց գումարները ներդնել Երեւանում հին շինությունների վերականգնման գործում. “Ցավալի է տեսնել, որ Երեւանի հին շենքերը անհետանում են: Շատ կարեւոր է պահպանել քաղաքի միջուկը”,- նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպանը:
Շտեֆան Կոպելկմանի “Տեղական ժամանակ-Local time” խորագրով ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 2-ը:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,368






